Օրերս Մալաթիայի հայորդաց տան թատերական դասարանի ավագ խումբը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ԱՐԵՎԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ ներկայացրեց ամերիկացի դրամատուրգ Դել Մարի ՙՄնացյալը լռություն է՚ պիեսը:
Պատանի դերասանների խաղից հանդիսատեսը հուզված էր ներկայացման սկզբից մինչեւ վերջ: Բարկ եւ Լյուսի Կուպերների բնակարանը բանկը առգրավել էր, ու ամուսինները հայտնվել էին փողոցում: Նրանք հույս ունեին, որ զավակները, որոնց համար ամբողջ կյանքում ոչինչ չեն խնայել, մեծացրել ու կրթություն են տվել, մի փոքրիկ անկյուն կգտնեն ծնողների կյանքի վերջին տարիները միասին անցկացնելու համար: Բայց ֆինանսապես ապահով զավակները ծնողներին խնամելու ժամանակ ու նյարդեր ծախսել չեն ցանկանում. մորն ուղարկում են ծերանոց, իսկ հորը` Կալիֆոռնիայում բուժվելու: Ա. Սանթրոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ այս ներկայացումը բեմադրել է, որպեսզի ներկայացման մեջ զբաղված պատանի դերասանները հասկանան, թե ինչ բան է ծնողը. ՙՏեսնում եմ հուզված աչքեր, հուզված արտահայտություններ, ուրեմն` ինչ-որ բանի հասել ենք՚: Ա. Սանթրոսյանը չբացառեց, որ հրավերների դեպքում ներկայացումը կխաղան մեծ բեմերում. ՙԱմեն տարի այսպիսի լավ ներկայացումներ արել ենք, բավականին մեծ խաղացանկ ունենք: Մյուս հայորդաց տներն են մեզ հաճախ հրավիրում՚: Մի բան հստակ է` այս ներկայացումով կմասնակցեն ՙՆռան հատիկ՚ մանկապատանեկան փառատոնին, որին մասնակցում են յոթ տարի: Տիկին Սանթրոսյանը հավաստիացրեց, որ 1974 թվականից զբաղվում է մանկական ռեժիսուրայով եւ երեխաների հետ աշխատում է մեծագույն սիրով: - Գրեթե քսան տարի է` աշխատում եմ Մալաթիայի հայորդաց տանը եւ բավականին մեծ սերունդ եմ տվել: - Ձեր դուստրը` Տաթեւ Ղազարյա±նն էլ Ձեր սանն է: - Տաթեւն արդեն ինքնուրույն մարդ է, պրոֆեսիոնալ դերասանուհի, ամեն դեպքում` մեզանից է ծնվել, մեր գեներն են: Բացի այն, որ ես դերասանուհի եմ, եղբայրս` Արմեն Սանթրոսյանը, դերասան է, այդ ամենը եկել է մեր հորից` ժողովրդական դերասան Պարույր Սանթրոսյանից: - Ո±րն էր ներկայացման գաղտնիքը, որ հանդիսատեսն այդքան հուզված էր: - Նուրբ լարերի վրա ճնշում չեմ գործադրել, թեման ինքնին հուզիչ էր, երաժշտությունը շատ լավն էր եւ, վերջին հաշվով, մեծահասակների կյանքն էր ներկայացվում: Գուցե երեխաների անկեղծ, անմիջական խաղից, ճիշտ մտածված բեմադրությունից, ճիշտ հարաբերություններից: Յուրաքանչյուր կերպարն իր տեսակով ճիշտ էր. Նելլին հազիվ մեծահասակ ամուսին էր գտել, վախենում էր` ծնողների պատճառով ամուսինը թողնի իրեն: Մյուս տղան կնոջն է գերի, փոքր տղան ՙդալի-դոլի՚ է. մի կին է ճարել ու ապրում է: Յուրաքանչյուրն իր տեսակի մեջ ճիշտ Է, բայց ծնողը մնում է ծնող: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ