ԿԱՐԱԲԱԼԱՆ ՆՈՐԻՑ ԿԳՆԱ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ
Արխիվ 12-16![]()
ԿԱՐԱԲԱԼԱՆ ՆՈՐԻՑ ԿԳՆԱ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ
ՀՀ ժողովրդական արտիստ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, օրերս կայացած մամլո ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին, մասնավորապես ցանկություն հայտնեց. ՙԼավ կլիներ, որ նորընտիր խորհրդարանը մտածեր մշակույթի մասին ու ընդուներ կինոյի եւ թատրոնի մասին օրենք... Իմ պատկերացմամբ, ձախողված է մշակութային քաղաքականությունը... Մենք մոռացել ենք գեղեցիկի մասին, ինչքան վատ, այնքան լավ, ինչքան տգեղ, այնքան գեղեցիկ: Այսպես ենք առաջնորդվում: Ոհմակային բան է մտել մեր մեջ՚:Ասուլիսի մյուս բանախոս, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ավելացրեց. ՙՈւնենալով մշակութային դարավոր անցյալ` ո±ւր ենք գնում այսօր: Մշակութային անմխիթար վիճակում ենք գտնվում մենք: Ամեն օր աստղիկ է ծնվում՚: Ազատ Գասպարյանն անդրադարձավ նաեւ մեկ այլ չարչրկված խնդրի` մտավորականների միասնական լինելուն եւ նրանց համախմբվածությանը. ՙՄտավորականները չեն կարող միավորվել, մենք անհատներ ենք՚:
Լեւոն Թոքմաջյանի խոսքով` ուրախալին այն է, որ կա երիտասարդների պայքարող մի մեծ բանակ. ՙԵրիտասարդությունը ստորագրահավաք է կազմակերպել, որ Կարաբալայի արձանը պետք է հետ վերադառնա իր նախկին տեղը` Աբովյան փողոց: Ոչ ոք իրավունք չունի արձանը տեղափոխել որեւէ տեղ: Վաղն էլ կարող է Սասունցի Դավթի արձանը տանեն-դնեն իրենց այգում՚:
Օրերս կայացած Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի օրակարգային երեք հարցերից մեկը վերաբերում էր Կարաբալայի բրոնզե արձանի տեղափոխմանը, որն այսօր հանգրվանել է Տերյան փողոցի ՙՄոսկվիչկա՚ սուպերմարկետի հարեւանությամբ:
Ինչպես նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. ՙԵրեւանի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջի միջոցով մի խումբ մարդկանցից հարցադրումներ է ստացել, որով նրանք բարձրացնում են Կարաբալայի արձանն իր նախկին տեղը` Աբովյան փողոց, վերադարձնելու հարցը: Այսօր կոնկրետ տվյալ հատվածում` Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման ուղղությամբ, այդ արձանը չենք պատկերացնում, քանի որ Հյուսիսային պողոտայում ավելի ավանգարդիստական եւ կոմպոզիցիոն արձաններ ենք նախատեսում, որոնք համահունչ են նոր Երեւանին: Իսկ Կարաբալայի համար առաջարկում ենք Աբովյան փողոցի մի գողտրիկ անկյուն` մանկական աշխարհի հատվածում՚:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընդունեցին արձանն Աբովյան փողոց տեղափոխելու առաջարկը:
Կարծես թե Կրաբալայի հարցը լուծվում է, եւ ՙՄոսկվիչկա՚ սուպերմարկետի մոտից նա շուտով կտեղափոխվի այլ վայր, սակայն պատմամշակութային արժեք ներկայացնող շատ հուշարձաններ օրեցօր քանդվում-քայքայվում են:
ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ ՀՆԱԴԱՐՅԱՆ ՎԱՆՔԵՐԸ
Մայիսի 26-ին օծվել եւ շուքով բացվել է Իջեւանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Դրա շինարարությունը նախաձեռնել ու հովանավորել են իջեւանցի, ներկայումս Ուկրաինայում գործարարությամբ զբաղվող Ղազարյան եղբայրները:
Մայիսի 20-ին Բերդ քաղաքում կատարվել էր Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը: Վերջին տարիներին արտերկրի եւ հայաստանաբնակ հարուստների կողմից Տավուշի մարզում կառուցվել եւ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ: Սակայն պատմամշակութային մեծ արժեք ունեցող հնադարյան վանքերը, որոնք գտնվում են Մայր Աթոռի տնօրինության տակ, քանդվում են:
Ինչպես տեղեկացնում է ՙԱռավոտը՚, քանդման եզրին են ՙԳոշավանք՚ վանական համալիրի մաս կազմող,1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294 թվականներին կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը: Համալիրի կենտրոնական` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որոշ հատվածներ այցելուների համար փակ են, քանի որ առաստաղից քարեր են թափվում:
Անմխիթար վիճակում է նաեւ Աչաջուր գյուղում գտնվող հռչակավոր Մակարավանքը: 13-րդ դարի եկեղեցին անձրեւներից պաշտպանելու համար տանիքը տեղ-տեղ ծածկվել է ցելոֆանով: Դա արել է Մակարավանքի խաչքավորը` քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի ՙՔարարտ՚ ընկերության տնօրեն Կարեն Գիշյանը: Մակարավանքը հիմնանորոգման կարիք ունի, հարկ է տանիքը բացել, խոնավությունից քայքայված սյուները փոխել եւ հոգեւոր կառույցի նորոգ ծածկ սարքել: Նշանավոր կոթողն այժմ աստիճանաբար քանդվում է: Մեզ թվում է, որ Մայր Աթոռն ինքը պետք է շահագրգռված լինի եւ մեծահարուստ բարերարներին առաջարկի վերանորոգել հնադարյան վանքերը: Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, Հայաստան այցելող զբոսաշրջիկներին կարելի կլինի ցույց տալ, այսպես կոչված, էլիտար շենքերն ու Կարաբալային...
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

