ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԱՌԱՆՑՔԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՋՈՂ ԳՈՐԾՈՒՄ Է
Արխիվ 12-16![]()
ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԱՌԱՆՑՔԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՋՈՂ ԳՈՐԾՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, վերջին օրերին Սիրիան հերթական անգամ հայտնվել է ներքին բախումների մեջ ու արտաքին ռազմական ինտերվենցիայի շեմին: Հունիսի 3-ին ելույթ ունենալով խորհրդարանի առջեւª նախագահ Բաշար Ասադը հերթական անգամ բաց տեքստով հայտարարեց, թե. ՙՍիրիայի նկատմամբ ոչնչացման քաղաքականություն է տարվում՚ եւ դրանում մեղավոր են ՙօտարերկրյա պետություններն ու ահաբեկիչները՚: Իսկ ահա իրադարձությունների հերթական սրման առիթ դարձած Հուլա բնակավայրի կոտորածի հետ կապված Ասադը շարունակում է կրկին կապել այդ նույն ՙօտարերկրյա պետությունների ու ահաբեկիչների՚ հետ. ՙՆույնիսկ հրեշները չէին կարող կատարել այն հանցագործությունները, որի ականատեսը մենք դարձանք:
Դա հետկապես վերաբերում է Հուլայի կոտորածին... Ոչ արաբերենում, ոչ էլ որեւէ այլ լեզվով չկա համապատասխան բառ, որ դա բնորոշի՚:
ՌԴ-ԵՄ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ
Ճիշտ է, Ասադի այդ հայտարարությանը Սիրիական ընդդիմությունն ու արեւմտյան մի շարք երկրներ բնութագրել են որպես ՙհերթական հիմար եւ հուսահատ ճառը, որն արժանի չէ մեկնաբանությունների՚, սակայն այդպես էլ դեռ չկան նախանշաններ, որ Հուլայի այն միջադեպը կհանգեցնի Սիրիայի նկատմամբ ռազմական ուժի կիրառման: Համենայնդեպս, տպավորությունն այս վերջին օրերի իրադարձություններից ավելի շատ հակառակն է, որ Սիրիայում մոտ ժամանակներս հազիվ թե պատերազմ սկսվի:
Այդ իրադարձություններից նախ կարելի է առանձնացնել անցած շաբաթվա վերջերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիª Գերմանիա եւ Ֆրանսիա կատարած այցելությունը, որին էլ կիրակի օրը հաջորդեց Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը` կրկին Վ. Պուտին եւ ԵՄ-ը ներկայացնող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի մասնակցությամբ: Ինչպես եվրոպական երկրներ այցելության, այնպես էլ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահն իրեն բնորոշ կտրուկ տոնով սիրիական թեման տանում էր նրան, որ պետք է արտաքին ռազմական միջամտությունը միանշանակ բացառվի եւ կողմերի հաշտեցման խնդիրը լուծվի քաղաքական մեթոդներով: Ընդ որում, այդ պահանջների տողատակերում կային վատ թաքցված մեղադրանքներ այն մասին, որ հենց այդ ՙարտաքին միջամտությունների՚ արդյունքում էր, որ իրավիճակը Սիրիայում այսքան շիկացավ: Ընդ որում Ֆրանսիայի հետ կապված այդ թաքցված մեղադրանքներն էլ ավելի առաջ գնացին, երբ իր խոսքում Վ. Պուտինն ասաց, թե Ասադը շատ ավելի հաճախ էր լինում Փարիզում, քան Մոսկվայում: Դա, թերեւս, ինչ որ տեղ նաեւ Լիբիայի հետ կապված ակնարկ էր. Քադաֆին նույնպես ժամանակին համարվում էր Ֆրանսիայի բարեկամներից մեկը, եւ նույնիսկ վերջերս վերստին շրջանառության մեջ դրվեցին այն լուրերը, թե նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Լիբիայի նախկին ղեկավարը հսկայական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սարկոզիին: Ակնարկը տանում էր նաեւ այն բանին, որ հենց Ֆրանսիան դարձավ Լիբիայի դեմ պատերազմի առաջամարտիկներից մեկը: Դրանից հետո այդ պետությունը դեմոկրատիզացվելու փոխարեն բառացիորեն հայտնվեց միջնադարում: Այսինքն, որ նույնն էլ սպասվում է նաեւ Սիրիային: Եվ այդ մեղադրանքներին ի պատասխան նորընտիր նախագահ Օլանդն ասելու բան այդպես էլ չգտավ: Արդյունքում դեպի Եվրոպա կատարած Վ. Պուտինի այս դիվանագիտական արշավը, կարծես թե, մասնավորապես Սիրիա-Իրան հարցում հաջողվեց: Համենայնդեպս երեկ հնչեց ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այն տեսակետը, որ թեեւ Սիրիայում իրավիճակը հասել է ՙծայրահեղ կետի՚, բայց նաեւ, որ ՙպետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկենք աղետի կանխման համար, որը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը՚: Ընդ որում, ԵՄ ներկայացուցիչն այդ ամենից հետո ընդգծել է, թե. ՙՍիրիայի խնդրի լուծման մեջ կարեւոր է Ռուսաստանի դիրքորոշումը՚, եւ որ պետք է ՙավելի սերտ համագործակցել ռուսական կողմի հետª տվյալ հարցի լուծման առումով՚:
Սակայն միայն Սիրիան չէ, որի շուրջ ՌԴ-ն ու ԵՄ-ն սկսում են լեզու գտնել: ՙԱնցյալ տարի մենք ներկայացրեցինք Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առեւտրի գոտու մասին մեր պատկերացումները: Մենք կիսում ենք նման դիրքորոշումը,- պետերբուրգյան գագաթնաժողովում հայտարարեց Ժոզե Մանուել Բարոզուն:- Անայցագրային տարածք` սա է մեր ընդհանուր նպատակը, եւ մենք այս ճանապարհին հասել ենք որոշակի հաջողությունների՚: Խոսքն այն գլոբալ առեւտրային ծրագրերի մասին է, որի արդյունքում Ռուսաստանն ակնկալում է դառնալ հիմնական տրանզիտային գոտին Եվրապա-Ասիա գլոբալ առեւտրային հարաբերություններում: Երկար կլինի թվարկել այն օգուտների ցանկը, որոնք ՌԴ-ն ակնկալում է ստանալ այդ կարգավիճակից: Սակայն բավականին ծանրակշիռ են նաեւ այս ամենից ինչպես Եվրոպայի, այնպես էլ` ասիական հիմնական մի շարք երկրների շահերը: Իսկ արդյունքում այս նախագիծը հարված է համաշխարհային ծովային առեւտրի համար, եւ այդ հարվածն ի վերջո հասնում է ԱՄՆ-ին: Ճիշտ է, ի պատասխան Բարոզուի, Վ. Պուտինն ակնարկեց, որ իրեն ավելի հետաքրքրում են այս ուղղությամբ գործնական քայլերըª ասելով, որ ՌԴ-ի ու Եվրամիության միջեւ իրական գործընկերություն հնարավոր չէ, քանի դեռ գոյություն ունեն այցագրային արգելքներ: Բայց նաեւ հայտարարեց, որ գործնական առումով հեռու չէ մեկ այլ խոշոր ծրագրի ավարտը: Խոսքը ՙՀյուսիսային հոսք՚ գազամուղի երկրորդ ճյուղի մասին է, որի գործարկումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին: Եվ արդյունքում այս կերպ Եվրոպայի համար արդեն գնալով ավելի անհետաքրքիր են դառնում Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ծրագրերը եւ, մասնավորապես, ՆԱԲՈՒԿԿՕ-ի կարգի նախագծերը:
Մի խոսքով, կա տպավորություն, որ մի շարք ուղղություններում առկա է Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների ընդգծված մերձեցում, եւ նույնիսկ ԱՄՆ-ից հնչում են ավելի շատ խանդի նմանվող մեսիջներ: Մասնավորապես նախագահ Օբաման մի շարք մեղադրանքներ հասցեագրեց Հին աշխարհին, օրինակ, որ եվրագոտում ճգնաժամը թուլացնում է համաշխարհային տնտեսությունը` այդ թվում ազդելով նաեւ ԱՄՆ-ի վրա: Իսկ Եվրոպան, ըստ Օբամայի, այդպես էլ վճռական միջոցներ չի ձեռնարկել եւ չի ձեռնարկումª ճգնաժամը կանխելու համար: Օբամային միացավ նաեւ ՙգունավոր հեղափոխությունների՚ հիմնական ֆինանսական հովանավոր համարվող Ջորջ Սորոսը` կանխատեսելով, թե. ՙԵվրոպան ընդամենը 3 ամիս ժամանակ ունի եվրոն փրկելու համար: Երեք ամսից շուկաները կհոգնեն սպասելուց...՚:
Սրանք ավելի շատ սպառնալիքների են նմանվում: Իսկ դա արդեն սկսում է խոսել այն մասին, որ տնտեսական առումով Եվրոպային շահագրգռելու հարցում ԱՄՆ-ի հնարավորություններն էլ առաջվանը չեն: Դա վաղուց էր կանխատեսվում. որ դոլարի գլոբալ ճգնաժամը մի օր բերելու է նրան, որ ԱՄՆ-ը սեփական փրկության համար հարվածի տակ է դնելու եվրոպական տնտեսությունը: Արդյունքում` երկարաժամկետ ճգնաժամերից զզված Եվրոպան սկսում է իր շահերն այլ ուղղություններում փնտրել, ԱՄՆ-ն էլ ավելի շատ սկսում է դիմել սպառնալիքների լեզվին:
ԻՐԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Եվրոպայից հետո ՌԴ նախագահի արտաքին քաղաքական ծրագրերում հերթը Ասիայինն է: Այդ առումով արդեն վաղը` հունիսի 6-ն, Պեկինում մեկնարկելու է Շանհայի տնտեսական համագործակցության հերթական գագաթնաժողովը: Այս կառույցի հիմնական անդամների` Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի տնտեսա-քաղաքական հարաբերությունների առումով գագաթնաժողովում էական սպասելիքներ չկան: Մի շարք հեղինակավոր վերլուծաբանների գանհատմամբ` այդ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում եւ այս հերթական հանդիպման ընթացքում պարզապես կվերահաստատվեն կողմերի դիրքերը:
Այդպիսովª գագաթնաժողովի հիմնական ինտրիգային դրվագներից մի քանիսը նորից գալիս, հատվում է մեր տարածաշրջանին:
Պեկինում տեղի է ունենալու Պուտին-Ահմադինեջադ հանդիպումը, որի ընթացքում, համաձայն տարբեր ռուսական աղբյուրների, նախ փորձ է կատարվելու հարթել այն կնճիռները, որոնք առաջացել են Ռուսաստանի եւ Իրանի միջեւ` Մեդվեդեւի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Սպասվում է նաեւ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն, եւ արդյունքում երկու երկրների հարաբերությունները կտեղափոխվեն որակական մի նոր փուլ: Համենայնդեպս այս հանդիպմանը հաջորդելու է նաեւ վեցյակի եւ Իրանի միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունենալու հունիսի 18-19-ին` Մոսկվայում: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից արդեն իսկ հնչել են հայտարարություններ, թե ռուսական կողմը շատ լուրջ է պատրաստվում այդ բանակցություններին եւ հույս ունի արձանագրել լուրջ առաջընթաց: Իսկ ահա ՌԴ նախագահական ապարատից օրերս հնչեց նման մի հայտարարություն. ՙՄենք ագրեսիվ կերպով առաջ ենք տանելու այն գաղափարը, որ ՄԱԳԱՏԷ-ի ամենահուսալի վերահսկողության ներքո խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման Իրանի իրավունքը ճանաչելու մասին որոշումը պետք է հավանություն ստանա՚:
Միեւնույն ժամանակ այս օրերին կրկին մի տեսակ ընդգծված է դառնում հայ-իրանական ջերմ հարաբերությունների թեման: Օրերս ՀՀ նախագահի հետ հանդիպեց Իրանի նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին եւ Սերժ Սարգսյանին փոխանցեց Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Ահմադինեժադի հրավերը: Միաժամանակ հերթական անգամ քննարկվեցին Իրան-Հայաստան էներգետիկայի հայտնի խոշոր նախագծերը: Դրանից զատ, առաջիկայում նույն ծրագրերի հետ կապված տեղի է ունենալու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, իսկ Իրանի էներգետիկայի նախարարն էլ հայտարարեց, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի եւ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐ՚` ԱՌԱ°Ջ
Մի խոսքով` այն տպավորությունն է, որ, չնայած տարբեր ՙնարնջագուն՚ փորձերին, ՌԴ-Հայաստան-Իրան աշխարհաքաղաքական ուղղությունը բավականին հաջող գործում է: Ընդ որում, պատերազմական այն իրավիճակը, որը սպառնում էր Իրանին ու ողջ այդ ուղղությանը, գնալով ավելի քիչ հավանական է դառնում:
Եվ այս ֆոնին էլ երեկ տեղի ունեցավ Պետքարտուղար Հիլարի Քլիթոնի հայաստանյան այցը ¥այսօր նա կլինի Թբիլիսիում, իսկ վաղը` Բաքվում¤: Եվ այս իրավիճակում արդեն տարօրինակ չի թվում, որ այդ կարճատեւ այցի ընթացթում տիկին Քլինթոնը նախ գերադասեց հանդիպել ՙգունավոր հեղափոխությունների հումք՚ հանդիսացող այսպես ասած, ՙքաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՚, որից հետո միայն`պետության ղեկավարների հետ: Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապված առանձնահատուկ մտահոգություններ տիկին Քլինթոնը, թերեւս, չունի: Պուտինը, ինչպես նշեցինք, ոչ մի կերպ չի ուզում ՙդեմոկրատիզացման՚ հանձնել Սիրիան եւ Իրանը, ինչը նշանակում է ձեռքից բաց թողնելու վտանգի առաջ դնել ողջ Մերձավոր Արեւելքը: Մնում է հարկադրված դեմոկրատացումը, իսկ դա, երբ Հայաստանում, օրինակ, մինչեւ Սյունիքի տարածաշրջանը տեղակայված են ռուսական C-300 համալիրներ, մեր երկրում նախատեսվում են ՀԱՊՔ-ի աննախադեպ զորավարժություններ. դժվար գործ է: Դե, ուրեմն մնում է նախ մեր երկիրը ենթարկել ՙհեղափոխական դեմոկրատիզացիայի՚, ուրեմն` ՙնարնջագույններ` առա°ջ՚: Բայց թե ՙսեռական փոքրամասնությունների՚, ՙՀայաստանում ադրբեջանական կինոների ցուցադրման ջատագովների՚ եւ այդ կարգի այլ ՙքաղաքացիական ինստիտուտների՚ շարասյուներով ուր կհասնես, երեւի տիկին Քլինթոնն էլ չի պատկերացնում: Մնում է օրերս Րաֆֆի Հովհաննիսյանի ասած ՙմիասնական թեկնածուն՚: Բայց դա էլ ժամանակի հարց է, որը մի տեսակ չի բավարարում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Շանհայի տնտեսական համագործակցության Պեկինի գագաթնաժողովում Թուրքիային կարող է տրվել կազմակերպությունում, այսպես ասած, բանավեճային գործընկերոջ կարգավիճակ: Իհարկե` այդ կարգավիճակով Թուրքիան նկատելիորեն զիջում է այդ կառույցում իր հիմնական մրցակից Իրանի դիրքերին: Բայց նաեւ այդ կերպ Թուրքիան որոշ առումով իր ձայնը լսելի է դարձնում գնալով թափ հավաքող Շանհայի տնտեսական համագործակցությունում, ասել է թե նաեւ ասիական տարածաշրջանում: Իսկ այդ տեսանկյունից, թերեւս, Հայաստանը եւս պետք է մտածի այդ համագործակցության հետ իր հարաբերությունների առումով Թուրքիայից ետ չմնալու մասին: բայց նաեւ հաշվի առնենք, որ երբ Թուրքիան իր հայացքն ուղղում է դեպի Շանհայի տնտեսական համագործակցություն, դա պետք է որ ԱՄՆ-ի մոտ որոշակի մտահոգություններ առաջացնի:

