ՙՋՐԻ ԳՆԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Արխիվ 12-16![]()
ՋՐԻ ԳՆԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հայաստանյան պետական կառույցների կողմից պարբերաբար ընդունվող աբսուրդանման որոշումների մասին թե քանի անգամ է խոսելու առիթ եղել, հաստատ արդեն ոչ մի կերպ հաշվել հնարավոր չէ: Սակայն փաստ է, որ այդ որոշումների մի զգալի մասն ուղղակիորեն հարվածում է հայաստանյան շարքային քաղաքացու գրպանին, մինչդեռ, որպես բացատրություն, հաճախ միայն անհոդաբաշխ արտահայտություններ են լսվում: Օրինակ, արդեն վաղն ուժի մեջ են մտնում ճանապարհային երթեւեկության խախտումների դեպքում տուգանքների նոր դրույքաչափերը, որտեղ կան այնպիսի դրույքաչափեր, որոնց նայելիս տպավորություն է առաջանում, թե մեր փողոցներում երթեւեկում են բացառապես միլիարդատերեր: Իհարկե, իրենց գերշքեղ ավտոմեքենաներով, նման վարորդների պակաս չկա: Բայց դե, այդ ծանրակշիռ տանիքավորներն էլ հո տուգանքները չեն մուծելու...
Չէ, ճանապարհային տուգանքներն ընդամենը օրինակ էր, եւ այս հրապարակումն այլ կառույցի մասին է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Այս կառույցն է որոշում, այսպես ասած, հանրային խոշոր ծառայությունների սակագները` էլեկտրաէներգիա, կապ, գազ, ջուր... Եվ հենց այս կառույցի հաստատած սակագներն են, որ շատ դեպքերում ոչ միայն հանրությունը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել, այլեւ հաճախ տպավորությունն այն է, որ տրամաբանության փոխարենª դրանց տակ դրված է միայն Հայաստանի բնակչության գրպանները հնարավորինս թեթեւացնելու գերցանկություն: Վերջին նման սակագինը եւս, կարծում ենք, նույն աբսուրդների շարքին պետք է դասել:
ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Խոսքը Երեւանի խմելու ջրամատակարարման/ջրահեռացման մասին է: Նախª ներկայացնենք, թե օրերս այստեղ ինչ որոշում ընդունեց հանձնաժողովը: Այսպես` համաձայն վերջինիս պաշտոնական տեղեկատվության` քննարկելով մայրաքաղաքի ջրամատակարար ՙԵրեւան Ջուր՚ ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարց` հանձնաժողովը որոշել է. ՙՍպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 8-ից՚:
Առաջին հայացքիցª մի իսկական բարեգործություն. պատկերացրեք, հանձնաժողովը գրեթե կես լումայով թեթեւացրել է մարդկանց հոգսը: Եվ դաª այն դեպքում, երբ ՙԵրեւան Ջուր՚-ը պահանջում էր մեկ-երկու դրամով թանկացնել ջուրը: Բայց քանի որ մեր երկրում դժվար է նման ՙբարեգործություններին՚ հավատալ, հարցին փորձենք այլ կողմից մոտենալ:
Հանձնաժողովի որոշումից մի քանի օր առաջ ՙԵրեւան Ջուր՚ ընկերությունը բավականին ոգեւորված երանգներով ներկայացրեց, թե վերջին ժամանակներս ինչ նոր բարձունքների է հասցրել մայրաքաղաքի ջրամատակարարումը: Այն բանից հետո, երբ ֆրանսիացիների ձեռքն անցավ Երեւանի ջրամատակարարումը, նման բաներ շատ ենք լսել եւ այս հերթական հաղորդագրությունը եւս շատ անհետաքրքիր կլիներ, եթե ընկերությունը այնտեղ չներառեր նման ուշագրավ մի պահ. ՙԱնցած մեկ տարվա ընթացքում կտրուկ` 43,9 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի միջին օրական սպառումը համակարգում, որը շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիան ընկերության կարեւորագույն ծախսային հոդվածներից մեկն է՚:
Հարցը, որը բխում է ընկերության այս պաշտոնական տվյալներից եւ հանձնաժողովի հիշատակված ՙբարեգործություն՚-որոշումից, ուղղակի աչք է ծակում. եթե ՙեթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիան ընկերության կարեւորագույն ծախսային հոդվածներից մեկն է՚, եւ դրա ծախսն ՙանցած մեկ տարվա ընթացքում կտրուկ` 43,9 տոկոսով նվազել է՚, ապա ինչո±ւ հանձնաժողովը կես լումայի փոխարենª շատ ավելի էական չափով չի նվազեցրել սակագինը: Առավել եւս, որ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը վարձակալության տալու պայմանների համաձայն` այս տարի այդ սակագինն արդեն պետք է առանց այդ էլ էականորեն պակաս լիներª 99 դրամ: Տեսեք. մեկ տարի առաջ հանձնաժողովը սահմանել էր գործող 174,065 դրամ/խմ սակագինը: Այս ընթացքում սակագնի ձեւավորման բաղադրիչների մեջ էական բան չի փոխվել: Բացառությամբ էլեկտրաէներգիայի միջին օրական սպառման մոտ 44 տոկոսանոց նվազման: Եվ, տրամաբանորեն, դա պետք է նվազման առումով ուղղակի ազդեցություն ունենար գործող սակագնի վրա: Մինչդեռ, երբ ջրամատակարարման սակագինը գործնականում չի նվազում, այդ խնայված էլեկտրաէներգիայի արժեքը մեխանիկորեն տեղափոխվում է ընկերության շահույթների մեջ: Մինչդեռ հանձնաժողովը երբ անցած տարի հաշվարկել եւ սահմանել էր սակագին, դրանում պետք է ներառեր նաեւ ընկերության շահույթը, այն էլ` ողջամիտ չափով: Այսինքնª շահույթ, որը պետք է մի կողմիցª նպաստեր ընկերության զարգացմանը, մյուս կողմից էլª թույլ տար սպառողին մի քիչ ազատ շնչել: Այն, որ 174,065 դրամ/խմ սակագինը սպառողին ոչ թե ազատ շնչելու, այլ մի կերպ յոլա գնալու հնարավորություն է տալիս, նորություն չէ: Իսկ այդ դեպքում առավել տրամաբանական է, որ դեռ գործող սակագնով ընկերությունն ունի բավարար շահույթ: Եվ այդ տեսանկյունից էլ, եթե նաեւ խնայված էլեկտրաէներգիայի արժեքը տեղափոխվում է ընկերության շահույթների մեջ, ապա տպավորությունն այն է, որ խոսքն արդեն գերշահութաբերության մասին է:
Այս ամենին դեռ կվերադառնանք: Բայց մինչ այդ ներկայացնենք այս պատկերն էլ ավելի տարակուսելի դարձնող մի շարք այլ տվյալներ եւս: Համաձայն ՙԵրեւան Ջուր՚ ընկերության կողմից այս տարվա մարտին ներկայացված պաշտոնական հաշվետվության, վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգիայի խնայողությունները շատ ավելի տպավորիչ են, քան միայն ներկայացված 43,9 տոկոսն է: Այսպես` եթե 2008թ.-ի մարտին ընկերությունը ծախսել է 320 ԿՎտ/օր էլեկտրաէներգիա, ապա 2011թ.-ի նույն ամսվա ծախսն արդեն 176 ԿՎտ/օր է, իսկ այս տարվա մարտինը` 106 ԿՎտ/օր: Մյուս ամիսների դինամիկան էլ մոտավորապես նույնն է, ինչը նշանակում է, որ 2008թ.-ի հետ համեմատածª ընկերությունն օգտագործում է ավելի քան 3 անգամ պակաս էլեկտրաէներգիա: Դրանից զատ, նշենք ընկերության եւս մեկ պաշտոնական տեղեկատվություն, որի համար էլ ներկայացրեցինք էլեկտրաէներգիայի կրճատումը մարտ ամսվա կտրվածքով: Բանն այն է, որ այս տարվա ապրիլից դադարեցվեց ՙԱրարատյան՚ պոմպակայանի գործունեությունը, որը լինելով համակարգում խոշորագույնը` ուներ 2500 ԿՎտ/ժ հզորությամբ 10 պոմպ: Իսկ դա նշանակում է, որ արդեն ապրիլ ամսվա կտրվածքովª 2008թ.-ի նույն ամսվա համեմատ, էլեկտրաէներգիայի կրճատումը մոտենում է մոտ 4 անգամի: Դա պե±տք է առաջացներ ջրի ինքնարժեքի նկատելի անկում եւ ուղղակիորեն անդրադառնար սակագնի վրա: Կարծում ենք` միանշանակ, սակայն այս պահին, ինչպես նշեցինք, նախատեսված 99-ի փոխարենª հանձնաժողովը սահմանեց դրան մոտ 75 դրամով, այսինքն` մոտ 75 տոկոսով գերազանցող 174,059 դրամ/խմ ՙբարեգործական՚ սակագինը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

