ՙՙՙՙՙՊԵՏՔ Է ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Արխիվ 12-16![]()
ՊԵՏՔ Է ԼԻՈՎԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Մենք պարբերաբար անդրադառնում ենք այն խնդիրներին, որոնք այսօր առկա են լեզվաքաղաքականության, լեզվականոնարկման, լեզվաշինության եւ լեզվական վերահսկողության բնագավառներում: Մեր թերթը բացել է նաեւ խորագիր. ՙՆրանք խախտում են ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքը՚: Ի±նչ փոփոխություններ, զարգացումներ կան, ինչ հիմնախնդիրներ: Այս եւ նման հարցադրումներին պատասխանում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ:-Մեր նախորդ հանդիպումից բավականին ժամանակ է անցել, եւ, բնականաբար, մեզ հետաքրքրում է, թե Ձեր դիտարկումներով հրապարակային գրվածքների հետ կապված ի±նչ է փոխվել մեր մայրաքաղաքում:
- Ցավոք, այս պարագայում վիճակագրական լեզվով դժվար է խոսել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ քանի գնում` մեր մայրաքաղաքը փոխվում եւ ավելի հայեցի է դառնում: Բարեբախտաբար, այսօր չկա ներքին այն մեծ դիմադրությունը, որը գոյություն ուներ նախկինում, երբ տնտեսվարող սուբյեկտներն ամեն կերպ ձգտում էին պահպանել օտարատառ, օտարահունչ հրապարակային գրվածքները: Հիմա տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները ոչ միայն ՙըմբռնումով՚ են մոտենում, այլեւ նախաձեռնող դառնում, պատրաստակամություն հայտնում շատ արագ փոխել ցուցանակը, գովազդը, մի խոսքով` հրապարակային գրվածքը: Այստեղ անկասկած մեծ է հանրության անհանդուրժողական վերաբերմունքի դերն այդ ամենի նկատմամբ:
- Իսկապես, գիտե±ք, մեր թերթը պարբերաբար հրապարակումներ է տպագրում ՙՆրանք խախտում են ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքը՚ խորագրի ներքո: Բավականին մեծ է ընթերցողների արձագանքը երեւույթի նկատմամբ:
- Դա ուրախալի է, բայց դրականի հետ մեկտեղ, կան տնտեսվարողներ, ովքեր ձգտում են պահպանել լեզվական խաթարումները իրենց ռեստորանների, սրճարանների, խանութների վրա` միայն օտարատառ, օտարահունչ հրապարակային գրվածքի տեսքով: Այդ մարդկանց համար իրենց շահից վեր ոչ մի բան չկա, նորին մեծություն բիզնեսը ոտնատակ է տալիս ցանկացած լեզվական կանոն, կարգ, օրենսդրական պահանջ: Դեռ ավելին, այդ ամենը նրանք փորձում են վիճարկել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով, ժամանակ շահել, միայն թե լեզվախախտումով գրվածքը երկար պահպանվի: Իսկ չէ± որ արդեն նույն մեր մայրաքաղաքում` քաղաքի տարբեր մասերում, իրար կողք կողքի կան հայերեն եւ օտար լեզվով անվանումներ: Եվ դրանից, չեմ կարծում, որ տուժում է ՙմիջազգային բրենդ՚ ունեցող իրենց բիզնեսը, որն այդքան թմբկահարում են տնտեսվարողները:
- Մեր` ՙՆրանք խախտում են ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքը՚ խորագրի արձագանքները վկայում են, որ մեկն արձագանքում է, ընկալում իրավիճակը, մյուսը` ոչ, ձգտում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից, երրորդ դեպքում` նոր օտարատառ ցուցանակներ են հայտնվում: Ի±նչ է այս ամենը նշանակում:
- Ամենակարեւորը, որ հանրությունը լեզվի խնդիրների նկատմամբ զգայուն է դարձել, այլեւս անուշադիր չէ, այլ ընդհակառակը, շատ դեպքերում` անհանդուրժող է դարձել: Կարեւորը, որ մարդիկ անտարբեր չեն: Մեզ եւս զանգահարում են, գրում, լեզվական խախտումների հասցեներ նշում: Օրինակ, վերջերս մի իրավաբան հետաքրքիր դիտարկում էր կատարել, ուսումնասիրել եւ մեզ է ներկայացրել ավելի քան 50 հասցե, որոնցում, իր համոզմամբ, խախտումներ կան: Մենք, իհարկե, անտարբեր չենք լինում այդ հաղորդումների վերաբերյալ եւ վարչական վարույթներ ենք հարուցում:
- Երբ ակնհայտ է վարչական խախտումը` Դուք ինչպե±ս եք վարվում:
- Վարչական վարույթ ենք իրականացնում` առկա փաստերով եւ իրողություններով, մատնացույց անելով կոնկրետ խախտումները: Բայց շատ ակնհայտը գործող օրենսդրությամբ մենք կարող ենք ապացուցել միայն դատական կարգով: Սա էլ, ցավոք, այնքան էլ հեշտ եւ դյուրին գործընթաց չէ: Այն բավականին աշխատատար եւ ժամանակատար է: Ամիսներ, երբեմն էլ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դատարանն իր որոշումը կայացնի:
Իսկ նույն պարագաներում մեր երկրի նույնատիպ տեսչություններն ավելի կարճ ճանապարհով են գնում` օրենսդրորեն իրավունք ունեն վարույթ հարուցելու եւ սահմանելու պատասխանատվության` տուգանքի չափը: Եվ, եթե տնտեսվարողը համաձայն չէ, դիմում է դատարան, վիճարկում այն: Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ այդ դեպքում` տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն ՙսիրով՚ են կրում պատասխանատվությունը, այսինքն` արագ մուծում են տուգանքները, այլեւ պատշաճ կերպով վերացնում խախտումը, քանի որ դատարանի դուռը գնալ չեն ուզում եւ ամեն կերպ ձգտում են խուսափել դրանից: Բայց, չգիտես ինչու, մեր տնտեսվարողները փոխանակ ամենից վեր դասելու ազգայինը` լեզվական խնդիրները, այն, օրինակ, ստորադասում են բիզնեսի խնդիրներին:
Այժմ մենք հանդես ենք եկել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններով եւ հուսով ենք, որ նոր խորհրդարանը լուծումներ կտա լեզվին առնչվող խնդիրներին:
- Պարո°ն Երիցյան, Դուք Ձեր ելույթներում հաճախակի եք խոսում օրենսդրական անկատարության եւ անհրաժեշտ փոփոխությունների մասին: Ինչպե±ս է գործը առաջ գնում: Դրանք ի վերջո կկատարվե±ն:
- Մենք ձգտում ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթները մշակել եւ ներկայացնել քննարկումների: Հուսով եմ, որ վերջապես նոր խորհրդարանը կընդունի օրենք ՙԼեզվի պետական տեսչության մասին՚, քանի որ մեր տեսչությունը միակն է Հայաստանի տեսչություններից, որ չունի օրենք իր մասին: Կան նաեւ այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք եւս սպասում են իրենց ընդունմանը:
- Այդ դեպքում եւս կրկին դո±ւրս կմնան լեզվաքաղաքականության, լեզվաշինության, լեզվականոնարկման խնդիրները:
- Ամբողջական եւ համապարփակ օրենսդրությունը թույլ կտա, որ լեզուն պաշտպանված լինի: Վաղ թե ուշ այդ հարցերը պետք է պետության կողմից իրենց լուծումները ստանան, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ: Ուրիշ խնդիր է, թե ի±նչ մոտեցումներով ու ժամանակային ի±նչ կտրվածքով պետք է դրանք իրենց հանգուցալուծումները ստանան: Օրինակ, ամենահրատապն այս շղթայում լեզվականոնարկումն է: Այստեղ էլ հանգիստ չենք նստել, օրենսդրական կոնկրետ առաջարկ ունենք, որը, կարծես թե, թույլ կտա երկար տարիների ձգձգումներից հետո հայոց լեզվի տերմինաշինական խնդիրներին լուծումներ տալ, մանավանդ, որ այստեղ տարընթերցումներ չկան, եւ բոլոր գերատեսչություններն ընդհանուր մոտեցումներ ունեն:
- Ինչ ասում եք, լավ է, բայց դա չի նշանակում, որ անընդհատ պետք է սպասել խնդիրների հնարավոր լուծումներին: Օրինակ, ուզում եմ հարցնել, ինչո±ւ չունեք լեզվաքաղաքականության պետական ծրագիր: Չէ± որ անընդհատ խոսում ենք այդ մասին, եւ գործն առաջ չի գնում:
- Անկասկած, նման ծրագրի կամ ծրագրերի կարիք մենք ունենք: Այդպիսի ծրագիր պետք է ունենա ցանկացած պետություն: Երբ անցած տարի Լիտվայում էինք, պարզվեց, որ նրանք լեզվաքաղաքականությանն առնչվող մի քանի ծրագիր ունեն, որոնցում առաջարկում են առաջիկա 5 կամ 10 տարիների ընթացքում լեզվին առնչվող խնդիրների լուծումները` կոնկրետ միջոցառումների տեսքով: Դրանք ոչ թե միայն դեկլարատիվ հայտարարություններ, այլեւ կոնկրետ քայլեր են: Ցավոք, մենք այդ կոնկրետ քայլերը չունենք:
- Եթե չենք սխալվում, Դուք, առանց ծրագրի գոյության, օրինակ, մեկ տարի հրատարակեցիք ՙԼեզվաշխարհ՚ պարբերականը: Այդպիսի ծրագրեր ի նկատի ունե±ք:
- Մեկ տարի հրատարակեցինք ու կանգ առանք, որովհետեւ այլեւս ֆինանսավորում չունենք: Չգիտեմ ինչու, բայց այդ կարեւոր քայլն իր շարունակությունը չունեցավ: Երբ մենք Լիտվայում նույն խնդիրների շուրջ պատկան մարմինների ղեկավարների հետ էինք զրուցում, նրանք ասում էին, որ իրենք ֆինանսավորման պակաս չունեն, այլ կոնկրետ ծրագրերի: Իսկ մենք շռայլ ենք ամեն ինչի նկատմամբ, բայց ոչ` մեր մայրենիի: Վերջերս ուսումնասիրում էի մեր բառարանագիտությունը եւ հասկացա, որ բառարաններ կան, որոնք հրատարակվել են 30-40 տարի առաջ եւ այսօր նախ` դրանք փնտրել, գտնելը շատ դեպքերում այլեւս անհնարին է, երկրորդ` մեզ նոր որակ եւ ժամանակակից մոտեցումներ են պետք: Էլ չենք խոսում այն մասին, որ նոր պրակտիկ բառարաններ չունենք, չունենք դրանց էլեկտրոնային տարբերակները: Ո±վ պետք է նախաձեռնի եւ խրախուսի այս ամենը, եթե ոչ` պետությունը: Այս ամենին պետք է ավելացնել, որ անհրաժեշտություն կա ստեղծել անձնանունների, ազգանունների, անունների բառարաններ: Բայց այս մասին չենք էլ մտածում, եթե մտածում էլ ենք, ապա առանձին գիտնականների նախաձեռնությունների մակարդակով եւ ոչ ավելի:
- Կարելի± է ասել, որ բազմաթիվ խնդիրներ կան, եւ եթե դրանց նկատմամբ հասցեական եւ համակարգված մոտեցում չեղավ, ժամանակ առ ժամանակ ընդամենը կրկին բարձրաձայնելու ենք այդ մասին, ու ամեն ինչ ավարտվելու է դրանով:
- Գուցեեւ, ցավոք, այդպես է: Բայց մի բան պարզ է. լեզվի մասին չպետք է մոռանալ եւ ոչ մի րոպե: 1994 թվականի օգոստոսի 29-ին աշխարհահռչակ աստղագետ, իսկապես իր երկրի նախանձախնդիր քաղաքացի Վիկտոր Համբարձումյանը յուրօրինակ պատգամ է թողել գալիք սերունդներին. ՙԻնձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը՚: ՙԱյդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այս կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին՚: Թվում է` աշխարհահռչակ գիտնականի խոսքն ուղղակի կապ չունի քննարկվող թեմայի հետ: Բայց ոչ, ընդհակառակը, կապ ունի, քանզի լեզվի ուսուցման ու պահպանման գործում ոչ մի մանրուք չկա: Չէ± որ շատերի համար անհասկանալի է, թե ինչ է կատարվում հրապարակային գրվածքի հետ կապված` հենց մեր մայրաքաղաքում, եւ այդ մասին անընդհատ ահազանգում են մեր համերկրացիները, սփյուռքահայերը ՀՀ լեզվի պետական տեսչության թեժ գծով: Համաձայն ենք նրանց հետ, միշտ չէ, որ հօգուտ մայրենիի եւ դրա ուսուցման օգտին է այն լեզուն, որը ամեն օր մեզ է մատուցվում հեռուստաէկրանից: Ցավոք, այսօր տիրապետող է դառնում բակային լեզուն, որով խոսում են շատերը, առավելապես մատաղ սերնդի ներկայացուցիչները: Եվ առանձին այդ լեզուն ավելի գործածվող է դառնում, քան մաքուր ու անաղարտ հայերենը:
Տարբեր առիթներով քաղաքացիները կարծիքներ եւ տեսակետներ են արտահայտում, որ պետությունն անհրաժեշտ մակարդակով չի պաշտպանում հայոց լեզուն, լիովին գործի չի դնում իր ունեցած հնարավորությունները: Չփորձելով բանավեճի մեջ մտնել այս ամենի հետ կապված, ավելացնենք, որ լեզվի պաշտպանությունը պետք է լինի ամեն մեկիս գործը` ե°ւ պետության, ե°ւ քաղաքացիների: Իսկ այդ պաշտպանը, ով էլ որ լինի, պետք է անհանդուրժողական լինի եւ միշտ նախ եւ առաջ գերադասի լեզվի շահը... Այդ դեպքում մենք կունենանք մաքուր եւ անաղարտ, պակաս հիմնախնդիրներ ունեցող մայրենի լեզու…
Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

