ՙՙԿԻՆՈ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ 10 ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ՚
Արխիվ 12-16![]()
ՙԿԻՆՈ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ 10 ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ՚
Երեկ ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված դերասանուհի ԱԼԼԱ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ու պրոդյուսեր, հաղորդավար ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսեցին ԱՄՆ-ում, ապա նաեւ Հայաստանում մեծ արձագանք գտած ՙԱնմեղ մեղավորները՚ ֆիլմի մասին: Մայիսի 19-ից ՙՄոսկվա՚ կինոթատրոնում ցուցադրվող ՙԱնմեղ մեղավորները՚ խաղարկային գեղարվեստական ֆիլմը, բանախոսների տեղեկացմամբ, հասցրել է սիրվել հայ հանդիսատեսի կողմից. ՙԱյն դավաճանության, սիրո, արտագաղթածների դժվար կյանքի, մարդկային փոխհարաբերությունների, հարուստների մասին է՚: Իսկ ֆիլմի պրոդյուսեր Ա. Ղազարյանի հավաստմամբ` ֆիլմի վրա աշխատել են չորս ամիս, ցանկացել են ստեղծել որակյալ գործ. ՙՙՄեղավորները՚ սերիալը ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց, ուստի որոշեցինք ավարտը սահմանափակել գեղարվեստական ֆիլմի տեսքով` ՙԱնմեղ մեղավորներ՚-ով: Հայաստանի սահմաններից դուրս չկա մի երկիր, որտեղ մի խումբ հայեր հավաքվեն ու նկարահանեն հեռուստասերիալ՚:
Դերասանուհի Ալլա Թումանյանը, մոտ 20 տարի լինելով ԱՄՆ-ում, միայն 12 տարի անց է եկել Հայաստան եւ կարծում է. ՙԱրդեն սա իմ Երեւանը չէր: Շատ քիչ մարդ էր մնացել իմ շրջապատից, մի մասն արդեն չկար: Բայց, միեւնույն է, իմ Երեւանն է, իմ Հայաստանը: Նույնիսկ հուզվեցի, արտասվեցի, երբ առաջին անգամ Արարատը տեսա այդքան մաքուր ու բաց: Հետո` չորս տարի անց, առաջարկ եղավ նկարահանվելու ՙԿյանքի գինը՚ սերիալում, եւ ես ապրեցի այստեղ: Այդ ժամանակ արդեն չէի էլ ուզում գնալ. սովորել էի Հայաստանին: Սկզբից որ գալիս ես, քաղաքի այդ փոշին, փոսերը, մեքենա վարելը... Ես սիրում եմ իմ ժողովրդին, ուզում եմ, որ իրենք լավ ապրեն, մաքուր լինի ամեն ինչ, որովհետեւ ես ընկնում եմ վատ հոգեկան վիճակի մեջ: Չեմ կարող ապրել այստեղ, որովհետեւ իմ գործը, երեխաները, թոռնիկները այնտեղ են: Իհարկե, եթե աշխատանք լիներ, մեծ հաճույքով կմնայի՚:
Ա. Ղազարյանի խոսքով` ֆիլմը Լոս Անջելեսում լավ է ընդունվել եւ 1400 հանդիսատեսի համար նախատեսված լեցուն դահլիճով ցուցադրվել 3 օր շարունակ, ինչը նախադեպը չի ունեցել այնտեղ հայկական ֆիլմի դեպքում: Պրոդյուսերը Երեւանում նույնպես նման ընդունելության չի սպասել. ՙՄտածում էի, որ մի երկու օր ֆիլմը կգնա ՙՄոսկվա՚ կինոթատրոնում եւ վերջ: Բայց մինչեւ այսօր դեռ գնում է: Ֆիլմը Հայաստան բերել էինք ոչ թե ֆինանսական նկատառումներով, որ գումար աշխատեինք, այլ որովհետեւ այդտեղ նկարահանվել էին Ալլա Թումանյանը, Շաքե Թուխմանյանը: Շատ գործ էինք արել եւ կուզենայինք, որ երեւանցի հանդիսատեսը, ինչու չէ, նաեւ երեւանցի ՙգլամուռ՚ մասսան, որ այստեղ նստած քննադատում է բոլորին, հասկանա, որ մենք սփյուռքում մենակ պոնչիկ չենք թխում, քաբաբ ՙլենդեր՚ չենք աշխատեցնում, բժշկական կեղծիքներ չենք անում ու դառնում ԶԼՄ-ների գլխավոր թեմա: Բաներ ենք անում, որ նույնիսկ Հայաստանում չեն անում: Այստեղի արվեստագետներից մի քանի անգամ լսել եմ, որ հեռուստատեսությամբ հարցազրույցների ժամանակ խոսել են այդ մասին, բայց հետո, իհարկե, առիթ ունեցել եմ, մի քանի անգամ իրենց ՙպորտը տեղն եմ դրել՚: Ըստ նրանց, իբր սփյուռքում սիրողական արվեստ է: Սփյուռքում սիրողական արվեստ չէ, համենայնդեպս, մեզ մոտ: Այն, որ անում ենք` սկսած մրցանակաբաշխություններից, վերջացրած մեր նկարահանած սերիալներով, աշխատաոճով, շատ կուզենայի, որ Հայաստանում շատ ստեղծագործական խմբեր ունենան այդ հնարավորությունը: Մի խոսքով` այս ֆիլմը փորձ էր ցույց տալու այստեղի ՙգլամուռ՚ ստեղծագործողներին, որոնք տարիներ շարունակ աջ ձեռքով ձախ ականջն են բռնում ու, պետական փողերն օգտագործելով, մասամբ կինո են նկարահանում տասը հոգու համար՚:
Չնայած այդ ամենին, ՙգլամուռ՚ մասսայի կարծիքն այդքան էլ չի հետաքրքրում պրոդյուսերին. ՙԵս ՙաբիժնիկ՚ չեմ, նրանց շրջանում կան իմ շատ ընկերները: Ես քննադատությանը դեմ չեմ, որովհետեւ ուշքս գնում է քննադատելու համար: Խնդիրն այն է, որ երբ մի բան ասում ես, պիտի հող ունենաս ապացուցելու համար՚:
Ա. Թումանյանի կարծիքով` ինքը շատ ՙախմախ՚ մասնագիտություն է ընտրել. ՙՀետաքրքիր, լավ ֆիլմերի առաջարկ չկա, կախման մեջ եմ այն մարդկանցից, որոնք ինձ ընտրում են: Այն ժամանակ կային Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Էդմոնդ Քեսայան, նրանք նկարում էին ինձ, դա է իմ դպրոցը: Ավարտել եմ թատերական ինստիտուտը, քսան տարի Սունդուկյան թատրոնում եմ խաղացել: Հիմա որ ասում են աստղ, ինձ համար տարօրինակ է. աստղերը վերեւում են: Ուրախ եմ, որ ինձ հիշում են ՙՏղամարդիկ՚ ֆիլմից, որն իմ առաջին ֆիլմն է եղել: Ես 17 տարի չեմ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, եւ չկան այդ ռեժիսորները, որ ինձ հրավիրեն: Ուրախ եմ, որ գտնվեց Արայի նման մարդ, որն իսկապես ինձ գնահատում է՚: Դերասանուհու համոզմամբ` սերիալը չպետք է լինի այդքան երկար, ձանձրալի. ՙՄենք ունենք լավ դերասաններ, սերիալը բարդ գործ է, ամենօրյա քննություն, կինոն լրիվ տարբեր է. կա սկիզբ, վերջ, իսկ սերիալում չգիտես, թե վաղն ի±նչ կգրեն, ո±ւր կտանեն, ի±նչ է լինելու կերպարիդ հետ: Դա շատ վտանգավոր է դերասանի համար՚:
Ա. Ղազարյանի կարծիքով` հայաստանյան սերիալները, որոնք այսօր մենք տեսնում ենք, ամենեւին էլ սերիալ չեն. ՙՍերիալը այն արվեստն է, որը լինում է սեզոնով, ամեն սերիայի վրա ծախսում են հարյուր հազարավոր դոլարներ, նույնիսկ միլիոններ: Կա նաեւ օճառային օպերա, որը շաբաթը հինգ օր հեռուստաընկերությունները ցուցադրում են: Հեռուստասերիալները մենք նկարահանում ենք օճառային օպերայի ձեւաչափով` շաբաթը հինգ օր, բայց սերիալի սկզբունքներով: Մենք սկսում ենք գեղարվեստական ֆիլմի ձեւաչափով եւ ցուցադրում ամիսներով, նույնիսկ տարիներով՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

