ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Այսօր հունիսի մեկն է` երեխաների պաշտպանության օրը: Իսկ թե ինչից, ումից եւ ինչպես պետք է պաշտպանվեն կամ պաշտպանենք մեր երեխաներին` հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել հարցում Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում: Մինչ արդյունքները ներկայացնելը, այս մասին իրենց կարծիքներն են հայտնել հինգերորդ գումարման ԱԺ մի քանի պատգամավորներ:
ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ. ՙԿարծում եմ, որ աղքատության դեմ պայքարը ուղիղ կապված է երեխաների պաշտպանության հետ, եւ որքան քիչ լինեն աղքատ ընտանիքները, այնքան մեր երեխաները ավելի բարեկեցիկ կյանքով կապրեն: Առաջին հերթին պետք է պայքարել դրա դեմ, այնուհետ մնացած խոցելի ոլորտներով` մանկատներ, հատուկ դպրոցներ:
Մեր պետությունը, իշխանությունները ուշադրություն դարձնում են այդ ամենի վրա, եւ վերջերս նաեւ կառավարությունը ծրագիր է մշակել, որպեսզի կարողանանք բեռնաթափել մանկատները եւ ավելի քիչ երեխաներ զուրկ լինեն ընտանիքներից: Իսկ ընդհանուր առմամբ շատ ցանկանում եմ, որպեսզի անհոգ, երջանիկ մանկություն ունենան մեր երեխաները՚:
ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. ՙԵրեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ամենակարեւորն այն է, որպեսզի նրանք ապրեն խաղաղ երկրում եւ, իհարկե, տնտեսապես զարգացող երկրում, որտեղ ունենան լավ եւ ապահովված մանկություն՚:
ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ. ՙԱյնքանով` որքանով Ջավախքը փոքրամասնությունների պաշտպանության գերակա խնդիր ունի, բնականաբար երեխաներն էլ այդ ենթատեքստում որոշակի խնդիրներ ունեն: Եվ այն առումով, որ փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են տարածաշրջանում, դրանց թվում են նաեւ երեխաները: Այս կարծիքին միայն ես չեմ, եւ ցանկանում եմ մատնանշել վերջերս ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխարհում ժողովրդավարության վերաբերյալ զեկույցի Վրաստանի հատվածը, որտեղ հստակ նշված է ժողովրդավարության հետ կապված տարբեր խնդիրների ցանկում, Ջավախքում Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների ազգային պաշտպանության խնդիրը: Այնտեղ առանձին կետով նշված էր Վահագն Չախալյանի գործը եւ նշվում է նաեւ, որ Չախալյանի դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի: Կարող եմ մատնանշել նաեւ Եվրախորհրդի հակաճգնաժամային խմբի զեկույցը, կրկին Ջավախքի մասով, որտեղ եւս մատնանշվում է ազգային փոքրամասնությունների տեսակետն այն մասին, որ Ջավախքում իսկապես մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման դեպքեր կան: Կոնկրետ Ջավախքի երեխաների առումով առաջին հերթին կրթական խնդիրներն են, եւ արագ տեմպերով հայկական դպրոցները ուծացվում են եւ վրացականացվում, կրճատվում են հայոց լեզվի դասերը, դրանց փոխարինում է վրացերենը: Իսկ ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիայում հստակ նշվում է, որ ազգային փոքրամասնությունները կոմպակտ ձեւով եթե բնակվում են իրենց պատմական շրջանում, իրավունք ունեն ազգային լեզվով կրթություն ստանալու, որը, ըստ էության, կոպտորեն խախտվում է վրացական իշխանությունների կողմից: Այսինքն հայ երեխան իր լեզվամտածողության եւ ազգային նկարագրի ձեւավորման շրջանում, մանկապատանեկան այդ շրջանում, դիմախեղվում է, որը շատ վտանգավոր միտում է: Ինչ վերաբերվում է ազգային խտրականությանը, ապա այս պահին չկա նման բան, քանի որ տարածաշրջանը հիմնականում բնակեցված է հայերով, շատ քիչ է վրացական տարրը, բայց այս առումով եւս խնդիր ունենք, քանի որ աստիճանաբար տարվող քաղաքականության արդյունքում տարածաշրջանի էթնոգրաֆիկ կազմը ցանկանում են փոխել եւ ավելացնել վրացական, եւ արդեն միտում է նկատվում` նաեւ թուրքական տարրը՚:
1. Ամբողջովին պաշտպանված են, քանի որ հայկական ընտանիքները ամուր են` 42%:
2. Լիովին անպաշտպան են, հեռուստաեթերների ագրեսիվության ու անբարոյականության անվերահսկելի հոսքից` 25%:
3. Անպաշտպան են, քանի որ բնակչության մեծ մասը սոցիալապես անապահով է` 21%:
4. Պաշտպանված են մասամբ` 11%:
5. Անպաշտպան են, քանի որ ընտանիքների մեծ մասը հետադիմական հայացքների տեր են` 1%:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

