ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՆՈՐ ԱՂՄՈՒԿԸ ԿՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Արխիվ 12-16![]()
ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՆՈՐ ԱՂՄՈՒԿԸ ԿՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Բավականին տեւական համեմատաբար հանդարտ իրավիճակից հետո, այս օրերին մի տեսակ գնալով շիկանում է Սիրիայի շուրջ իրավիճակը: Կրկին սկսել են հնչել ռազմակոչ հայտարարություններ, դիվանագիտական բնույթի բուռն սպառնալիքներ, սակայն մի տեսակ տպավորությունն այնպիսին է, որ բոլորն էլ խոսում են պատերազմի մասինª լավ հասկանալով, որ հազիվ թե այն տեղի ունենա:Հիշեցնենք, որ այս հերթական աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ Սիրիայում Հուլա բնակավայրում մի իսկական սպանդ կազմակերպվեց: Ովքե±ր էին դրա մեղավորները. այս հարցի պատասխանը այդպես էլ ապացուցված ձեւով տրված չէ, եւ տպավորությունն այնպիսին է, որ ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում: Իհարկե, կոտորածից հետո փոխադարձ մեղադրանքների պակաս չկա. Արեւմուտքը միանգամից գոռգոռոցը դրեց, թե դա արել է նախագահ Բաշար Ասադը, պաշտոնական Դամասկոսն էլª իր հերթին, ուղղակիորեն միջադեպը համարեց սադրանք, որը կազմակերպվել է Արեւմուտքի ջանքերով` Սիրիայում խառնաշփոթի հերթական ալիք բարձրացնելու նպատակով: Սիրիայի հետ կապված` իրենց համեմատաբար չեզոք ներկայացնող կողմերն էլ, ինչպես, օրինակ` Ռուսաստանն ու Չինաստանը, պարզապես կոչերով հանդես եկան, թե չի կարելի առանց ապացույցների որեւէ մեկին մեղադրել:
Սակայն Հուլայի դեպքերը ավելի շատ ապացույցն էին այն ենթադրությունների, որը նաեւ մենք ենք ներկայացնելու առիթ ունեցել: Այսինքն` որ ինչքան էլ դիվանագիտական զարգացումներ տրվեն Քոֆի Անանի, այսպես կոչված, խաղաղասիրական նախաձեռնությանը, սակայն պետք եղած պահին կկազմակերպվեն դիվերսիոն բնույթի սադրանքներ, որոնք միանգամից դիվանագիտական հունը կվերածեն պատերազմական հռետորիկայի: Նման փորձեր այս վերջին ժամանակահատվածում քանիցս եղան: Ընդհուպª մինչեւ հարձակում ձեռնարկվեց Սիրիա մուտք գործած խաղաղասիրական դիտորդների ու նրանց ուղեկցող բանակային ստորաբաժանումների վրա, որոտացին մի քանի մանր-մունր այլ պայթյուններ, ու դրանց հաջորդեց Հուլայի միջադեպը:Այն էլª հենց Սիրիա կատարելիք Քոֆի Անանի այցի նախօրեին: Հասկանալի է, այստեղ նաեւ պետք է մեղավորներին գտնելու համար տալ ստանդարտ հարցը. ո±ւմ էր դա ձեռնտու: Ասադի±ն, ում մի կերպ է հաջողվում դիմանալ արտաքին գերհզոր ճնշումներին, սիրիական ընդդիմությա±նը, որը վերջին օրերին սկսել էր տրոհվել մի քանի մանր մասերի, Թուրքիայի±ն, ում համար Սիրիայի վրա հարձակվելը նշանակում է նաեւ ինչ-որ առումով քրդական հարցի լուծում, ինչը հավանական է, որ դառնա Թուրքիայի տրոհման պատճառ, թե± նախընտրական թեժ փուլ մտնող Օբամային: Մի քանիսին, թերեւս, պետք է միանգամից բացառել: Ասադի պարագայում բավականին տրամաբանական է հնչում Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիյադ Մաքդեսի հետեւյալ հայտարարությունը. ՙՊետությունը, բանակը եւ իրավապահ մարմինները շահագրգռված չեն, որ պետության տարածքում տեղի ունենար այդպիսի արյունալի սպանդ: Արեւմուտքի պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ցունամին, նրանց անապացույց մեղադրանքներնª ուղղված Սիրիայի բանակին, դա սիրիացի զինվորականներին գիտակցաբար սեւացնելու քայլ է եւ Սիրիան` արտասահմանյան ագրեսիայի միջոցով պառակտելու մղում՚:
Ասել նաեւ, թե ամեն կերպ տարածաշրջանում պատերազմից խուսափելու տարբեր քայլեր իրականացնող Օբաման է կանգնած սիրիական սպանդի թիկունքին, էլի մի տեղ չի ստացվում: Չնայած որ, միջադեպից հետո Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարեց. ՙԻնչպես մեկ ամիս առաջ ասել էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այժմ մենք իրավունք ունենք վերադառնալ ՄԱԿ-ի կանոնակարգի 7-րդ գլխի բանաձեւի կիրառմանը՚: Իսկ այդ 7-րդ հոդվածն էլ նախատեսում է ուժի կիրառման հնարավորություն` խաղաղության սպառնալիքի դեպքում: Տիկին Նուլանդն ընդգծեց նաեւ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրացնել սիրիական իշխանությունների նկատմամբ ուժի կիրառման հնարավորություն ընձեռող բանաձեւի ընդունման հարցը, բայց նաեւ, որ. ՙՄենք դիտարկելու ենք ճնշման այլ ուղիներ եւս, այդ թվում` տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական՚:
Նկատենք, որ մինչ այդ արեւմտյան ճամբարի մի շարք երկրներ արդեն իսկ խոսում էին Սիրիայում պատերազմ սկսելու օգտին, մի քանիսն էլ չհապաղեցին Սիրիայից ետ կանչել իրենց ներկայացուցիչներին կամ Սիրիայի ներկայացուցիչներին վտարել իրենց երկրներից: Ե°վ ԱՄՆ-ըª որպես այդ ճամբարի լիդեր, ուզած-չուզած, պետք է միանար այդ ընդհանուր ռազմական հռետորիկային: Մոտավորապես նույն կերպ իրեն դրսեւորեց նաեւ Ֆրանսիան. նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը չբացառեց Սիրիայում ռազմական գործողությունների անցկացումը, բայց միայն այն դեպքում, եթե դա արտոնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: ՙՊետք է գտնել այնպիսի որոշում, որը պարտադիր չէ, որ ռազմական լինի՚,- իր միտքն ավարտեց Օլանդը:
Նկատենք, որ այս երկու առաջատար երկրներն էլ բերում, Սիրիայում պատերազմ սկսելը կապում են ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման հետ, շատ լավ գիտակցելով, որ նման որոշման համար անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Չինաստանի համաձայնությունը: Ի սկզբանե էլ հայտնի էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը այս անգամ եւս, եթե հարկ լինի, կկիրառեն վետոյի իրենց իրավունքը: Եվ դա ՌԴ-ն հերթական անգամ ակնարկեց. նախª ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, մեջբերելով Կոսովոյի եւ Իրաքի օրինակը, հայտարարեց, թե իր երկիրը դեմ է ցանկացած ռազմական միջամտության. ՙՄենք պնդում ենք Սիրիայում քաղաքական կայունացման վրա... Պետք է ամեն ինչի մասին շատ լավ մտածել, նախքան որեւէ ժեստերով, գործողություններով կամ ակնարկներով հանդես գալը, որոնք շրջանցում են ԱԽ-ին եւ Քոֆի Անանի նախագծին՚: Եվ նրան էլ հաջորդեց ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովի այն հայտարարությունը, թե իր երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում թույլ չի տա, որ Սիրիայում ռազմական գործողության վերաբերյալ բանաձեւ ընդունվի. ՙՄենք միշտ ասել ենք, որ կտրականապես դեմ ենք սիրիական հակամարտությանը ցանկացած արտաքին միջամտության, քանի որ դա միայն կվատթարացնի իրադրությունն անկանխատեսելի հետեւանքներով՚:
Եվ այս ամենի արդյունքում, երբ հիմնական տերությունների կարծիքներն ու ապագա գործողությունների պլանը հասնում էին ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը, բավական ակտիվ իրեն սկսեց դրսեւորել Թուրքիան: Նախ` ակնհայտորեն Թուրքիայի հովանու տակ գտնվող եւ նույնիսկ այդ երկրում տեղակայված սիրիական ընդդիմադիր կառույցներից կրկին սկսեցին լսվել մտքեր, թեª ՙՄենք կցանկանայինք, որ Սիրիայում խաղաղարար զինված զորակազմ լիներ, քանի որ Բաշար Ասադը որեւէ կանոն եւ պայմանավորվածություն չի պահում՚: Նկատենք, որ սա հենց սիրիական հարցի լուծման այն տարբերակն է, որի վրա մշտապես շեշտը դրել է Թուրքիան: Եվ վերջինս էլ իր հերթինª ուղղակիորեն մտավ խաղի մեջ. Թուրքիայի ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն` կոչ անելով Սիրիայում գտնվող թուրք բոլոր դիվանագետներին եւ հյուպատոսություններում աշխատողներինª 72 ժամի ընթացքում լքել Սիրիան: Նկատենք, որ, որպես կանոն, նման հայտարարություններ հնչում են, երբ իրավիճակը շատ մոտ է պատերազմին: Այսինքն` երբ մյուս բոլորը դեռ մտածում են Անվտանգության խորհրդի նիստի, դիվանագիտական լուծումների մասին, Թուրքիան արդեն իսկ փորձում է առավելագույնս իրավիճակը տեղափոխել դեպի պատերազմական հարթություն: Չէ°, սա դեռ չի նշանակում, թե Հուլայի կոտորածների պատասխանատվությունը պետք է դնել Թուրքիայի վրա: Բայց ակնհայտ է, որ այս պահին հիմնականում վերջինս է փորձում առաջ տանել օր առաջ Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը: Բայց իրադարձությունների զարգացումներն ավելի շատ խոսում են այն մասին, որ այս հերթական աղմուկ-աղաղակն էլ հազիվ թե ավարտվի պատերազմով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

