ՙՈՉ ԿՈԱԼԻՑԻՈՆ՚ ՄԵԿՆԱՐԿ
Արխիվ 12-16![]()
ՙՈՉ ԿՈԱԼԻՑԻՈՆ՚ ՄԵԿՆԱՐԿ

Եվ այսպես, նորընտիր խորհրդարանը գումարեց իր անդրանիկ նիստը: Եվ առանձնահատկությունն այն էր, որ այս անգամ խորհրդարանական մեծամասնությունը ունի ոչ կոալիցիոն բնույթ:
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ԱԺ ե°ւ նախագահը, ե°ւ փոխնախագահները ներկայացված են նույն կուսակցությունով: Ինչ վերաբերում է խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներին, ապա այս անգամ նրանք ներկայացված են միայն ՀՀԿ-ով եւ ԲՀԿ-ով (ելնելով ԱԺ կանոնակարգ-օրենքից): Ու այդտեղ այլեւս չկան ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ, որոնք ղեկավարում էին հանձնաժողովներ նախորդ ԱԺ-ում:
ՀՀԿ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ֆորմալ առումով կոալիցիա գոյություն ունի ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, սակայն, բնականաբար, ընդամենը 6 պատգամավորով ներկայացված ՕԵԿ-ի դերակատարությունը որոշումներ ընդունելու գործընթացում չի կարող նշանակալից լինել: Ճիշտ է, կառավարությունում ՕԵԿ-ը պահպանում է նախարարական քվոտաները, սակայն կրկին կառավարությունում ճնշող մեծամասնությունը ներկայացված է լինելու ՀՀԿ անդամ նախարարներով:
Ինչպես եւ սպասվում էր, Հովիկ Աբրահամյանը վերադարձավ ԱԺ նախագահի պաշտոնին, ԱԺ փոխնախագահի պաշտոնը պահպանեց Էդուարդ Շարմազանովը: Այսինքն` շարունակություն ստացավ այն միտումը, որ ղեկավար կազմի որոշակի թարմացում է տեղի ունենում: ԱԺ մյուս փոխնախագահի պաշտոնում Հերմինե Նաղդալյանի ընտրությունը նաեւ ապահովում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը կին լինի:
Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա մինչ այդ ՀՅԴ-ին քվոտայով պատկանող արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ունեցավ Արմեն Ռուստամյանից հաստատ ավելի արդյունավետ ղեկավար` ի դեմս ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի: Իսկ ընդհանուր առումով ՀՀԿ-ն, ստանձնելով 12 հանձնաժողովներից 8-ի ղեկավարումը, փաստորեն, իր վրա է վերցնում եւ օրինագծերի նախապատրաստման փուլի պատասխանատվության առյուծի բաժինը:
Հրաժարական տված կառավարության անդամների մեծ մասը (բացառությամբ մինչ այդ ԲՀԿ-ի քվոտայի նախարարները), ըստ ամենայնի, ոչ մեծ փոփոխություններով առաջիկայում կրկին կվերադառնան իրենց պաշտոններին: Եթե ամփոփենք, ապա պետք է նշենք, որ տրվել է մեկնարկ այն սխեմային, որ մեկ կուսակցությունը` ՀՀԿ-ն, գործնականում ե°ւ դե-յուրե, ե°ւ դե-ֆակտո պատասխանատվություն է ստանձնում ամբողջ իշխանության համար: Ճիշտ է, բացառված չէ, որ մշտապես հնչեն քննադատություններ ՙմիակուսակցական մենաշնորհի՚ վերաբերյալ, բայց միաժամանակ օբյեկտիվորեն պատասխանատվության եւ լծակների կենտրոնացումը մեկ կուսակցությունում ի զորու է առավել արդյունավետ դարձնել ցանկացած բարեփոխման իրականացում:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱԲՂԵՏ ԽՃԱՆԿԱՐԸ
Այն, որ ԲՀԿ-ի համար չափազանց անսովոր է ընդդիմադիր կարգավիճակը, պարզորոշ երեւում է եւ այդ կուսակցության ներկայացուցիչների պահվածքից: Ե°վ տրամաբանորեն, ե°ւ ելնելով ԱԺ կանոնակարգ օրենքից, այն կուսակցությունը, որը կառավարող կոալիցիայի մաս չէ, ինքնաբերաբար ունի ընդդիմադիրի կարգավիճակ: Բայց ուշագրավն այն է, որ ԲՀԿ ներկայացուցիչները խուսափում են ՙընդդիմություն՚ բառից ու իրենք իրենց կոչում են ՙայլընտրանք՚ գործող իշխանությանը: ՙԸնդդիմություն՚ բառից խուսափում է նույնիսկ նախընտրական շրջանում ՙնարնջագույն՚ ճառերով բլբուլ կտրած Վարդան Օսկանյանը:
Այդպիսի կեցվածքը, ըստ ամենայնի, պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ կուսակցության առաջնորդն ինքն իրեն ոչ մի կերպ չի պատկերացնում ընդդիմադիրի դերում, այլեւ թերեւս կապ ունի եւ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների հետ: ԲՀԿ-ն ինքն իր այսօրվա անորոշ կարգավիճակը թերեւս դիտում է հույժ ժամանակավոր` մինչ նախագահական ընտրարշավի մեկնարկը: Բնականաբար, այս ամիսների ընթացքում փորձ կարվի ճնշում բանեցնել մեծամասնության նկատմամբ, իսկ դրանից հետո արդեն սկսվում է ուղիղ ճանապարհ դեպի նախընտրական կոալիցիա: Անշուշտ, եթե ճնշումը հաջողվի, ապա 2013-ի ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանը կունենա զգալի լծակներ կոալիցիայում, իսկ եթե` ոչ, կլինի վերադարձ, լավագույն դեպքում, մինչ ԱԺ ընտրությունները եղած վիճակին, իսկ ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն դրանից նվազ քվոտաներով ստիպված լինի բավարարվել:
ՀՅԴ-ում պայմանավորված ընտրությունների առավել քան համեստ արդյունքով, տեղաշարժեր եղան խմբակցության մակարդակով: Խմբակցության նախկին քարտուղար Արտուշ Շահբազյանն ընդհանրապես անմանդատ մնաց` իր տեղը զիջելով Աղվան Վարդանյանին, ու տեղի ունեցավ խմբակցության ղեկավարի փոփոխություն եւ Վահան Հովհաննիսյանի երկար տարիների ՙտաքացրած՚ աթոռին բազմեց առավել արմատական եւ ՙնարնջագույն՚ երանգներ ունեցող Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի ամբողջովին ՙնարնջագույն՚ հատվածին, ապա ե°ւ ՀԱԿ-ը, ե°ւ ՙԺառանգությունը՚ տվայտանքների մեջ են: Երկուսն էլ բոյկոտեցին մանդատները ստանալու հանդիսավոր արարողությունը, երկուսն էլ չներկայացան ԱԺ անդրանիկ նիստին: Դրանով նրանք, փաստորեն, կրկնում են ՙԱրդարություն՚ դաշինքի զրոյական արդյունավետություն ցույց տված երբեմնի մարտավարությունը: Համենայնդեպս, ՀԱԿ-ի պարագայում խմբակցության ղեկավարումը կենտրոնացված է ԼՏՊ-ի մերձավորագույն շրջապատի ձեռքերում` ի դեմս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ քարտուղար Արամ Մանուկյանի: Ըստ էության, այդտեղ մեկուսի վիճակում են հայտնվում Ստեփան Դեմիրճյանն ու Լյուդմիլա Սարգսյանը: Ու հետաքրքիր մի պահ եւս` երեք տարի անց ՀԱԿ-ը հանկարծ սկսեց հետաքրքրվել Երեւանի ավագանու իր բաժին մանդատներով: Դե, երեւի թե, մանդատների ու ամբիոնի սուր պակաս ունեն, քանի որ իրենց հանրահավաքները արդեն քիչ են տարբերվում կրկեսից:
Ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա այդտեղ, խոշոր հաշվով, իրենք իրենցից գլուխ չեն հանում: Որոշված է, որ մանդատներ չեն վերցնում մինչեւ հունիսի 2-ի համագումարը, սակայն նախկին ՀՀՇ-ական կադրերը` ՙԱզատ դեմոկրատներ՚ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալիկ Արզումանյանը, շտապեցին մայիսի 30-ին գալ իրենց մանդատների հետեւից: Ու հենց նախկին ՀՀՇ-ականները դարձել են պրոբլեմ ՙԺառանգության՚ համար: Մի կողմից` կա տեսակետ, որ առանց իրենց ՙԺառանգությունը՚ հանգիստ կարող էր ստանալ նույն եւ նույնիսկ ավելի մեծ տոկոս, մյուս կողմից` կուսակցության ներսում բուռն վեճեր ու խմորումներ կան, որ կապված են Ստյոպիկ Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի մանդատազուրկ վիճակի հետ: Ընդհանուր մոտեցումը, կարծես թե, այն էր, որ ինքնաբացարկների շղթայով փորձեն երկուսին էլ բերել խորհրդարան, սակայն ՙԱզատ դեմոկրատների՚ թեկնածուները համառորեն հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելուց: Ու թիվ 1 գլխացավանքը ՙԺառանգության՚ համար դարձել է այն, որ 7-րդ հորիզոնականում գտնվող Մասիս Այվազյանն է հրաժարվում ինքնաբացարկ ներկայացնել, ինչը բարդություն է առաջացնում արդեն նույնիսկ Ստյոպիկ Սաֆարյանին խորհրդարան հասցնելու հարցում: Եվ չպետք է բացառել, որ կարող է ստեղծվել բավականին աբսուրդ վիճակ` որ կուսակցության առաջնորդը չվերցնի պատգամավորական մանդատ: Չնայած` բեղաթրաշ Րաֆֆի Հովհաննիսյանի համար այդպիսի ՙալաֆրանգի՚ լուծումները նորություն չեն:
Ինչ վերաբերում է ընդդիմության աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, ապա զտարյուն ամերիկամետներ ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚ եղանակ ստեղծել չեն կարող, իսկ ԲՀԿ-ի կողմից արեւմտամետ կեցվածք ի ցույց հանելը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բավականին սահմանափակ է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

