ՙՙԵՐԲ ԿԱՌՈՒՅՑԸ ԾԱՌԱՅԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ
Արխիվ 12-16![]()
ԵՐԲ ԿԱՌՈՒՅՑԸ ԾԱՌԱՅԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ
Մաշտոցի պուրակը ՙբուծիկացումից՚ փրկելուց մեկ ամիս էլ չէր անցել, երբ ոտնձգություն կատարվեց հանրապետական նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձանների ցանկում ընդգրկված ՙՓակ շուկայի՚ նկատմամբ: Այնտեղ շինաշխատանքներ էին սկսվել եւ քանդվել էին շուկայի մի քանի կամարներ, ինչը հարուցել էր շատերի զայրույթը:Ինչպես նշել է ՙՓրկենք ՙՓակ շուկան՚՚ նախաձեռնության անդամ, բլոգեր ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ. ՙՆման հանցավոր սխեման գործում է ոչ առաջին անգամ, այն է` տարածքը վաճառվում է, այնուհետեւ հասցնում են հակահիգիենիկ վիճակի, ինչն աղբավայր է հիշեցնում, որից հետո էլ արդեն բնակիչները երանի են տալիս մաքուր տարածքին եւ համաձայնում են այն տալ մեկին, ով դա կանի` կառույցը ծառայեցնելով սեփական նպատակներին՚:
Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Facebook-ի էջում գրել է, որ քաղաքապետարանը ՙՓակ շուկայում՚ շինարարական աշխատանքների թույլտվություն չի տվել. ՙԿատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով... Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը: Եզրակացության եւ ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի՚:
Ինչպես հայտնի է, ՙՄուլտի գրուպ՚ կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող ՙՓակ շուկան՚ վաճառվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` նա մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն: Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող ՙՓակ շուկայում՚ սկսվել էին վերանորոգման աշխատանքները:
Նշենք, որ ՙՓակ շուկան՚ Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է: Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը:
Երեկ` օրվա երկրորդ կեսին, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը վերոնշյալի վերաբերյալ համատեղ հաղորդագրություն են տարածել, որտեղ ներկայացրել են սեփականատիրոջ, մշակույթի նախարարության, քաղաքապետարանի կատարած աշխատանքները, մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքները... ՙՀՀ մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ...
Հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը՚,- այսպես է ավարտվում հայտարարությունը:
Մենք կհետեւենք հետագա զարգացումներին, ինչպես նաեւ առաջիկա համարներում կներկայացնենք մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը խաթարող այլ երեւույթներ: Իսկ դրանք, ցավոք, շատ-շատ են:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

