ՙՙՙՙՙՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԹՈՒՅԼԻ ԴԻՐՔԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՆ Է՚
Արխիվ 12-16![]()
ՙՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԹՈՒՅԼԻ ԴԻՐՔԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՆ Է՚
Վերջին օրերի զանգվածային իրադարձությունների հետ կապված զրուցեցինք ՄԻՊ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:-Եթե փորձեք համեմատություն անցկացնել նախկին եւ ներկա ընտրությունների միջեւ, որքանո±վ էին պաշտպանված այս ընտրություններում մարդու իրավունքները:
- Միակ բանը, որ այս պահին կարող եմ համեմատության մեջ ասել, դա այն է, որ այս ընտրություններում տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքը ավելի պաշտպանված էր, որովհետեւ բավական անաչառ ու բազմակողմանի էին լուսաբանում բոլոր հեռուստաընկերությունները, եւ եթե թերթերն ու կայքէջերը միշտ են այդ համաչափությունը պահպանում, ապա այս ընտրություններում այդ համաչափությունը նկատվեց նաեւ հեռուստաընկերություններում: Մեկ այլ իրավունքի տեսակ` կապված քվեարկության իրավունքի հետ, բռնություններ, ճնշումներ, որպես այդպիսին շատ ավելի քիչ են եղել, եւ դա կարող ենք ասել, ելնելով մեր գրասենյակ հնչած զանգերից: Բացի այդ, տեղամասի հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների իրավունքների պաշտպանության տեսակետից այս անգամ դարձյալ անհամեմատ ավելի լավ է պաշտպանված եղել իրենց իրավունքների իրացումը: Բայց ասել, որ մարդու ընտրական իրավունքը գլոբալ առումով ավելի լավ է պաշտպանված եղել, այս պահին մենք չենք կարող մեկ նախադասությամբ տալ վերջնական պատասխանը, որին մենք կանդրադառնանք առաջիկայում:
- Դուք ժամանակին նշել եք, որ կանդրադառնաք նաեւ մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը եւս: Կա±ն որոշակի գործընթացներ այդ ուղղությամբ:
- Նշեմ, որ մինչ իմ այստեղ գալը եւս զբաղվել են այդ գործերով, եւ ես հիմա եւս լծվել եմ այդ գործին, եւ օրինակ` երբ մարդիկ անօթեւան են մնում եւ հարկավոր է, որ մենք նրան պետական միջոցներով տեղավորենք կացարաններում, ապա դա անում ենք: Հաշմանդամության կարգի հետ կապված, կենսաթոշակների չվճարման կամ ոչ պատշաճ մակարդակով վճարման դեպքեր ունենք, որոնք վերականգնվել են, ու դրական տեղաշարժեր ունենք այդ առումով: Մեր զեկույցներում հաճախակի անդրադառնում ենք սոցիալ-տնտեսական խնդիրներին, որի հետ կապված զարմանք են ապրում ասելով, թե ինչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանը այդ հարցերի հետ: Մենք ուսումնասիրում ենք նաեւ համակարգային խնդիրները, ներկայացնում ենք առաջարկություններ մեր թե° արտահերթ, եւ թե° տարեկան զեկույցներում:
- Պարոն Անդրեասյան, Դուք երեք օմբուդսմեններից առաջինն եք, ով բացի փոքրամասնությունների հարցերից բարձրաձայնում է նաեւ մեծամասնությանը վերաբերվող հարցերը: Կոնկրետ ի±նչ է անում ՄԻՊ-ի գրասենյակը, որպեսզի պաշտպանի մեծամասնությանը ագրեսիվ քարոզներից, եթերներում հնչող եւ ցուցադրվող աղբից եւ այլն:
- Կոնկրետ եթերները լցված աղբից իմ պաշտպանության լավագույն ձեւը դա քննադատելն է ՀՌԱ հանձնաժողովին, որովհետեւ իմ կտրուկ զեկույցով եւ իմ կարծիքով ՀՌԱ հանձնաժողովը բավարար ջանքեր չի գործադրում, որպեսզի այդ եթերները մաքրի աղբից, եւ սա է իմ պայքարի եղանակը: Մենք չենք կարող նրանց ստիպել, որպեսզի մաքուր պահեն հեռուստաեթերները: Պարզապես փորձում ենք որոշակի ազդեցություն ունենալ պետական մարմինների վրա, որպեսզի իրենք իրենց գործառույթները լավ կատարելով փոխեն իրավիճակը: Միեւնույն ժամանակ մեծամասնության իրավունքների պաշտպանության առումով ես փորձում եմ հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Այսինքն` մի կողմից ինձ համար բռնությունը, ատելությունը ցանկացած խմբի նկատմամբ խիստ դատապարտելի է, իսկ մյուս կողմից էլ չի կարելի ագրեսիայով փորձել քո փոքրամասնության որոշակի դիրքորոշումները առաջ տանել եւ վիրավորել այն մարդկանց, ովքեր կապ չունի` պատկանում են փոքրամասնության, թե մեծամասնության շարքերին:Եթե կան մարդիկ, ովքեր չեն հետեւում Առաքելական եկեղեցուն, ի վերջո, մենք իրավունք չունենք այդ փոքրամասնություն կազմող կրոնական կազմակերպության դեմ ագրեսիվ հայտարարություններով հանդես գալ, եւ` հակառակը: Խնդիրն այն է, որ բոլոր կողմերը պետք է կարողանան պահել քաղաքակիրթ բանավեճի ու պահվածքի խնդիրը: Ինձ միշտ անհանգստացրել է հոգեորսությունը որպես հանցագործություն, երբ մարդկանց կախյալ վիճակից կամ աղքատությունից դրդված փորձում են մանիպուլյացիայի ենթարկել, օգտագործել ու ճնշել, սա արդեն մարդու իրավունքի մեկ այլ խնդիր է, նրանք կարող են դառնալ զոհ ցանկացած ճնշման, որովհետեւ նրանք գտնվում են աղքատ վիճակում կամ գուցե ծնողը բանտում է եւ այլն: Այսինքն` օգտվում են մարդու թույլ վիճակներից, եւ մենք փորձում ենք հանդես գալ թույլի դիրքերից: Փոքրամասնությունը կարող է լինել թույլի դիրքում, բայց բոլոր դեպքերում մեծամասնությունը եւս կարող է լինել թույլի դիրքում, իսկ մեր սկզբունքը թույլի դիրքից հանդես գալն է:
- Անդրադառնալով հենց աղանդներին, չե±ք կարծում, որ երբ անընդհատ գալիս-թակում են մեր դուռը կամ դրսում կանգնեցնում եւ մեզ ասում են, որ գիտես դու սխալ ես հավատում, եւ քո հավատքը ճիշտ չէ, մի±թե սա մարդու հոգեւոր եւ կրոնական իրավունքների ոտնահարում չէ:
- Սա, ըստ օրենսդրության, ապօրինի գործունեություն չէ, եւ նույն հաջողությամբ բոլորս կարող ենք մոտենալ եւ զրուցել ինչ-որ մեկի հետ: Ուստի, եթե դուք մեկ անգամ այդ մարդկանց ասում եք, որ հանգիստ թողեք, եւ նրանք կպչուն ձեւով ձեզ սկսում են հետապնդել, կարող եք դիմել ոստիկանություն: Այստեղ հարցը նրանում է, թե նայած ինչ ձեւով են մոտենում եւ ձեզ հետ զրուցում: Միեւնույն ժամանակ կա մի վիճակ, հոգեորսությունն այն չէ, երբ դուք քայլում եք եւ ձեզ մոտենում են, դա նույնիսկ պետք է հանդուրժել, այլ հոգեորսությունն այն է, որ երբ իմանում են որ դուք վատ վիճակում եք, փորձում են փոքրիկ օգնություններով ձեզ գցել կախվածության մեջ: Եվ եթե կարծում ենք, որ մեր ազգի մեջ պետք է մեծամասնություն կազմեն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, առաջարկը պետք է լինի ոչ թե այն, որ արգելենք մյուսներին գալ քարոզելը, այլ պետք է մեր եկեղեցին ավելի ակտիվ քարոզի իր տեսակետները: Եվ այն մարդիկ, ովքեր մեր եկեղեցու հետեւորդներն են, պարզապես պետք է ասենք, որ հետաքրքիր չեն այլոց մեկնաբանությունները կապված կրոնի կամ Աստվածաշնչի հետ: Ինքնին մոտենալ մարդուն եւ ինչ-որ բան առաջարկելը դա բոլոր նորմալ երկրներում խոսքի ազատություն է, ուրիշ բան է, որ դա արվում է կեղտոտ մեթոդներով:
- Նույն խոսքի ազատության հարցում, երբ ԶԼՄ-ները փորձում են կարծիք հայտնել այս կամ այն կրոնական կազմակերպության մասին, դրան հաջորդում է այդ կառույցների ագրեսիվությունը, որը ուղեկցվում է նույնիսկ դատական պրոցեսներով: Արդյոք այս կերպ չի± ոտնահարվում մամուլի ազատության իրավունքը:
- Ընդհանրապես սխալ է, երբ մամուլը փորձում է կողմնակի դրսեւորում ունենալ, որը մամուլի էթիկայի չափորոշիչների մեջ չի մտնում: Եվ իհարկե ցանկացած լրագրողի խոսքի ազատությունը նրանում է, որ կարծիք հայտնի, եւ եթե նրան դուր չի գալիս այս կամ այն կազմակերպությունը, դա կլինի սեռական, թե կրոնական փոքրամասնությունները, լրագրողը կարող է իր դիրքորոշումները հայտնել, բայց նույնիսկ միջազգային օրենքով արգելվում է ատելություն սերմանելը: Եվ չի կարելի քննադատությունը եւ տեսակետների արտահայտումը դարձնել զրպարտչական, վիրավորական, ատելություն սերմանող: Եթե լրատվամիջոցը պահպանում է այդ տեսակետը եւ քննադատում այս կամ այն ուղղությունը, դա լրատվամիջոցի իրավունքն է:
- Տվյալ պարագայում ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպությունը ՙԻրավունք՚ թերթին դատի է տվել ՙաղանդ՚ բառի համար, որտեղ թերթը արտահայտում է իր տեսակետը եւ չի վիրավորում որեւէ մեկին: Ի±նչ կասեք այս մասին:
- Կարծում եմ, որ դատարանը ճիշտ որոշում կընդունի, եւ իրավունք չունեմ մեկնաբանելու առանձին դատական գործեր, բայց ես վստահ եմ, որ այդ գործով դատավորը եթե կարդա ՙՄարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքը՚, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, հաստատ պաշտպանված կլինեք դուք, եւ մամուլի ու խոսքի ազատությունը ամենաբարձր պաշտպանվող արժեքներից է:
- Ինչպե±ս եք պատկերացնում մեծամասնության բարոյականության եւ պատվի պաշտպանվածությունը այն մարդկանցից, ովքեր մասսայական վիրավորանքներ են հասցնում մարդկանց: Զորօրինակ այն, որ ՀԱԿ-ի ակտիվիստները մասսայական հայտարարում են, որ ՀՀԿ-ին ընտրողները անասուններ են:
- Օրենքը չի արգելում նրանց այդպես դրսեւորվելու մեջ, եւ դա խոսքի ազատությունն է, որը պետք է բոլորին: Երբ խոսքի ազատությունը, ասենք, ձեզ է պետք դուք չեք լարվում...
- Բայց միթե կարելի է աղանդ բառը համեմատել անասուն բառի հետ:
- Գիտեք, մեկի համար աղանդ բառը կարող է հնչել վիրավորական, իսկ մյուսի համար անասունը չլինի վիրավորական, եւ դա որոշում է դատարանը: Ինչ վերաբերվում է ընդհանրական վիրավորանքին, եւ եթե դուք ուղղակի ասում եք մի խումբ մարդիկ, առանց մատնանշելու, ապա այդ մարդը պետք է ապացուցի, որ իր անձը այդտեղ ակնհայտ է երեւացել, եւ մեր օրենսդրությունը պաշտպանում է անձին, այլ ոչ թե խմբին: Իսկ եթե մի որեւէ կազմակերպության մեղադրեն ինչ-որ բանում, որտեղ արատավորել են կազմակերպության հեղինակությունը, այդ կազմակերպությունը կարող է դիմել դատարան: Ես կողմնակից եմ անընդհատ փոխադարձ հանդուրժողականության եւ էթիկայի որոշակի կանոնների պահպանմանը, եւ, հնարավոր է, իմ այս մտքերը Հայաստանում իդեալիստական թվան կամ չափից դուրս ռոմանտիկ, բայց հավատացեք, որ ժամանակի ընթացքում հասնելու ենք դրան: Եվ եթե ժամանակին մեկը մյուսին մարդասպան էին անվանում, հիմա գոնե անասուն են անվանում, եւ այսպես, աստիճանաբար մենք քաղաքակրթվում ենք, եւ սա պետության մեղքը չի, այլ սա պատճառ է այն բանի, որ 70 տարի ոչինչ չեն խոսել, իսկ հետո մարդկանց ասացին, որ` ասա ինչ ուզում ես: Դեռ խոսքի կուլտուրան մեզ մոտ այդքան էլ չի ձեւավորվել, ինչը, ի դեպ, քրիստոնեական է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

