ՙՙԲՀԿ-Ի ՙԹԱՓՈՐԸ՚ ԳՆՈՒՄ Է ՙԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՚
Արխիվ 12-16![]()
ՙԲՀԿ-Ի ՙԹԱՓՈՐԸ՚ ԳՆՈՒՄ Է ՙԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՚
Եվ այսպես, բազմաթիվ տնաբույծ քաղաքագետներ, ինքնուս քաղտեխնոլոգներ եւ վերլուծաբաններ, ժողովրդի խոսքով ասած, խոր մանթրաժի մեջ են. չէ որ միաձայն պնդում էին, որ ՙէսօր-էգուց՚ ԲՀԿ-ն կոալիցիա մտնելով առնվազն կավելացնի իր նախարարական եւ մարզպետական պորտֆելները եւ նույնիսկ միգուցե վարչապետի խնդիր բարձրացնի:
Բայց բավարար եղավ, որ ՀՀԿ-ն այդ ենթադրյալ ախորժակներին հագուրդ չտա ու Գագիկ Ծառուկյանը հանդես գա հայտարարությամբ, որպեսզի այդ հաշվարկները փլվեն: ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԱՐԱԴՈՔՍ.
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Սակայն ասել, որ ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելու գաղափարից հրաժարվելը հիասթափեցրեց միայն ՙծակ պրոֆեսորներին՚, կնշանակի չընդգրկել բոլոր հիասթափվածներին: Զորօրինակ` ԲՀԿ-ի նույն նախարարներն ու մարզպետները, բյուրոկրատիայում առկա այլ ներկայացուցիչները հաստատ պատրաստվում էին շարունակել իշխանական կարիերան եւ հանկարծ այդպիսի անակնկալ: Նույնը եւ ԲՀԿ-ականների հիմնական մասին է վերաբերվում` այդ մարդիկ ամենեւին վառված չէին ընդդիմադիր դաշտում հայտնվելու բուռն ցանկությամբ:
Բայց ամենաէականը` մեծ մասամբ սեփական կամքից անկախ ընդդիմադիր կարգավիճակում են հայտնվել բազում օլիգարխներ, ու դա վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ական կուսակցական պատկանելություն ունեցողներին, այլեւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ խմբավորվածներին: Ու քանի որ, ըստ ամենայնի, ԲՀԿ-ի այդպիսի որոշում կայացնելու մեջ հաստատ ՀՀ երկրորդ նախագահն իր ծանրակշիռ դերակատարությունն ունեցել է, ստացվում է, որ նա խոշոր ՙքաշել՚ է բազում օլիգարխների:
Դեռ մինչեւ կոալիցիոն հարցի չհանգուցալուծումը մենք առիթ ունեցել ենք կասկածի տակ դնելու կոալիցիոն տարբերակի նպատակահարմարությունը, քանի որ ՀՀԿ-ն ունի հստակ մեծամասնություն: Ի դեպ, իր ասուլիսում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն արդեն մատնանշել է կոալիցիա չկազմելու առավելությունները, քանի որ դա թույլ կտա ավելի արագ առողջացնել տնտեսությունը:
Ի±նչ է նշանակում օլիգարխի հայտնությունը ընդդիմադիր հարթությունում: Նախեւառաջ այն, որ նա զրկվում է տարատեսակ արտոնություններից ու փաստացի մենաշնորհային վիճակից, այսինքն` հայտնվում է նորմալ հարկային դաշտում: Դա նշանակում է նաեւ, որ խորհրդարանի երկու խոշորագույն ուժերի միջեւ այլեւս ավելորդ է դառնում ՙօլիգարխների մրցավազքը՚, որը, զորօրինակ` առկա էր նախընտրական շրջանում եւ դարձավ արգելակ խորհրդարանի օլիգարխաթափման գործընթացի համար: Բացի այդ, եթե ՙօլիգարխների մրցավազքը՚ շարունակվեր, դա կարող էր դառնալ նաեւ մարտահրավեր պետական մեքենայի կայունության համար: Այսինքն` ստեղծվել են օբյեկտիվ պայմաններ, որոնք կարագացնեն խոշոր բիզնեսը նորմալ մրցակցային դաշտ բերելը, ինչն իր հերթին չի կարող դրական նշանակություն չունենալ նաեւ մանր ու միջին բիզնեսի համար:
Ու հետաքրքիրն այն է, որ օլիգարխներով ու խոշոր բիզնեսմեններով հագեցածությունը առկա է ոչ միայն ընդդիմադիր փորձ չունեցող եւ այդ հարթությունում նոր հայտնված ԲՀԿ-ում, այլեւ ընդդիմադիր ՙփոքր՚ կուսակցություններում: Այսպես, ՀՅԴ-ի միակ մեծամասնական պատգամավորը նույն այդ դաշտի ներկայացուցիչն է, գումարած դրան` Արտաշես Շահբազյանի ինքնաբացարկն էլ, կարծես թե, ծառայում է եւս մեկ խոշոր գործարարի մանդատով օժտելուն: ՀԱԿ-ում էլ ԼՏՊ-ն նախընտրական ստվերային պարտականությունների ճնշման ներքո փորձում է որեւէ մեկի ինքնաբացարկի միջոցով տեղ բացել Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցչի համար, գումարած դրան` ով է ասել, որ Գագիկ Ջհանգիրյանը օլիգարխ չէ, այն էլ` ամբողջովին կրիմինալ ծագում ունեցող կապիտալով: Դե, իսկ ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա այդ կուսակցությունն ինքն իրենից գլուխ չի հանում եւ շարունակաբար ներքին գզվռտոցների փուլում է, էլ ուր մնաց, որ կողմնորոշվի առաջիկա խորհրդարանական անելիքներում:
Սակայն վերադառնանք ԲՀԿ-ին. եւ այդտեղ հարց է ծագում, թե ինչքան կտեւի այդ կուսակցության ընդդիմադիր փուլը, եւ արդյոք դա խիստ ժամանակավոր չէ:
ԲՀԿ-Ի ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ՍԻՄ նախագահը իր ասուլիսին կանխատեսեց, որ շուրջ 6 ամիս անց ԲՀԿ-ն, ուզած-չուզած, կրկին կվերադառնա ՙհարազատ՚ կոալիցիայի տարբերակին, քանի որ բավարար ռեսուրսներ չունի արդյունավետ ճնշում գործադրելու ՀՀԿ-ի նկատմամբ:
ԲՀԿ-ն, որպես այդպիսին, չունի կուսակցական գործունեության համար շատ ու շատ կարեւոր ատրիբուտներ: Նախ` չունի հստակ գաղափարախոսություն, իսկ լավ ապրելու եւ բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին կենացները նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում գաղափարախոսություն անվանել հնարավոր չէ: ԲՀԿ-ն չունի նաեւ հստակ կուսակցական կորիզ` համապատասխան կադրերի բացակայության պատճառով, եւ այլ կուսակցություններից ինտեգրված կադրերը` ի դեմս, ասենք, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Տիգրան Ուրիխանյանի, էլ ավելի խայտաբղետ են դարձնում պատկերը: Ճիշտ է, ՀՀԿ-ն էլ այլ կուսակցությունների ներգրավում է կատարել իր համամասնական ցուցակ, բայց նախ` ՀՀԿ-ն ունի իր գաղափարախոսությունը եւ ներգրավվումը կատարվել է հենց գաղափարական ընդհանրության հիման վրա, եւ երկրորդը` վաղուց ունի կուռ կուսակցական կորիզ:
Քանի որ այս պահին ԲՀԿ-ն ընդդիմադիր կարգավիճակում է, հարց է ծագում եւ վերնախավի վերաբերյալ: ԲՀԿ-ի վերնախավի զգալի մասը ոչ այնքան գովելի անցյալի հսկայական ՙպոչեր՚ ունի, իսկ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու համար կոմպրոմատային բեռը պետք է լինի կամ զրոյական, կամ գոնե նվազագույն, քանզի պետական մեքենան դա պարտակելու որեւէ դրդապատճառ չունի: Գումարած դրան` ընդդիմադիր կուսակցության պարագայում կարեւորվում է եւ ընդդիմադիր առաջնորդի խնդիրը: Գագիկ Ծառուկյանն իր ամբողջ կենսագրության ընթացքում երբեք չի եղել ընդդիմադիր եւ այդպիսի փորձ չունի, խոսել Վարդան Օսկանյանի առաջնորդության մասին` կլինի պարզապես ծիծաղելի (թեեւ ՙԱմերիկայեն՚ դա կհամարեին նախընտրելի տարբերակ), իսկ ընդդիմադիր փորձ ունեցող հատուկենտ կադրերն էլ պարզապես չեն քաշի` որպես առաջնորդ: Ռոբերտ Քոչարյանը թեեւ ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, ընդդիմադիր փորձ ունի, սակայն անպատկերացնելի է, որ նա բացահայտ հանդես գա որպես կուսակցության առաջնորդ, առավել եւս, որ 2013-ին նա լուրջ շանսեր չունի մասնակցել նախագահական ընտրություններին` լինի դա ԲՀԿ-ով, թե առանց ԲՀԿ-ի: Անշուշտ, վատ չէր լինի, որ ԲՀԿ-ից, ի վերջո, ձեւավորվեր որպես հստակ գաղափարախոսությամբ կառուցողական հզոր ընդդիմադիր ուժ, բայց, ավաղ, դրա համար օբյեկտիվ նախապայմաններ չկան:
Հենց գաղափարախոսության բացակայությունը եւ դրա փոխարինումը այնպիսի էրզացով, ինչպիսին է ՙբարգավաճելու՚ վերաբերյալ աբստրակցիան, հանգեցրեց ԲՀԿ-ի այն վարքագծին, որը եւ տեսանք: Փաստորեն, մինչեւ ընտրությունները ԲՀԿ-ն իրեն պահում էր որպես իշխանական կուսակցություն, ընտրություններին թռիչք կատարեց դեպի ընդդիմադիր դաշտ, բայց ընտրություններից հետո խոշոր ՙքաշեց՚ մյուս ընդդիմադիրներին: Հատկապես դա վերաբերում է ՙմիասնական շտաբի՚ ու ԲՀԿ-ի հետ մեծ հույսեր կապած ԼՏՊ-ին: ՀԱԿ-ի առաջնորդն ակնկալում էր, որ մայիսի 8-ի հանրահավաքին ԲՀԿ-ի զանգվածներ կգան մասնակցելու եւ անգամ կարող է գալ Գագիկ Ծառուկյանը, բայց... ՀԱԿ-ը մնաց կոտրած տաշտակի, այսինքն` իր 3000 մշտական միտինգավորների հույսին:
ՙՆարնջագույն՚ գործընկերներին այդ աստիճանի դաժան ՙքցելը՚, այդ թվում` նրանց ընտրազանգվածը տանելուց հետո նրանց լքելը, թույլ տվեց, որպեսզի հետընտրական ցնցումներ մեր երկրում չլինեն, եւ առաջին անգամ մենք ունեցանք, փաստորեն, չբողոքարկված եւ տարատեսակ բծերից զերծ ընտրություններ: Այսինքն` մայիսի 8-ից սկսած ԲՀԿ-ն կրկին թռիչք կատարեց դեպի իշխանական դաշտ, իսկ մայիսի 24-ին, կոալիցիայից հրաժարվելով, նորից տեղի ունեցավ թռիչք ընդդիմադիր դաշտ:
Իշխանականից ընդդիմադիր դաշտ եւ հակառակը թռիչքներ կատարելու գործելակերպ ուներ եւ ՕԵԿ-ը: Զորօրինակ` 2008-ի ընտրություններին այն մտավ որպես ընդդիմադիր, ստացավ շատ շոշափելի ընդդիմադիր քվեներ, սակայն կրկին վերադարձավ իշխանական դաշտ ու կազմեց կոալիցիա: Թե այդ թռիչքները ինչ վիճակի հասցրին ՕԵԿ-ին` բոլորիս աչքի առաջ է, եւ տրամաբանությունը հուշում է, որ ՕԵԿ-ի գործելակերպը, այն էլ` ավելի արագացված ձեւով կրկնելով, ԲՀԿ-ն անխուսափելիորեն կրկնելու է եւ ՕԵԿ-ի ճակատագիրը:
Ուստի` ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին ԲՀԿ-ն կկորցնի իր ռեսուրսների զգալի մասը, եւ հաջորդ թռիչքը դեպի իշխանական դաշտ, արդեն շատ ավելի համեստ սակարկությունների հնարավորություն կտա: Խոշոր հաշվով` քիչ հավանական է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա ձեռք բերել ռեալ ընդդիմադիր կուսակցությանն անհրաժեշտ ատրիբուտները, որոնք արդեն թվարկել ենք: Իսկ ինչ վերաբերում է ՙնարնջագույն՚ այնպիսի միավորներին, ինչպիսիք են ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚, ապա, խոշոր հաշվով, նրանց ՙհայ-հայը՚ գնացել է, ՙվայ-վայն՚ է մնացել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

