ՈՎ ՊԱՏԺԵՑ ԱՆՉԱՓԱՀԱՍ 6 ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Արխիվ 12-16![]()
ՈՎ ՊԱՏԺԵՑ ԱՆՉԱՓԱՀԱՍ 6 ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
2012թ. մայիսի 23-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց անչափահաս 6 երեխայի հայր Ժորա Նազարյանին:
Սա եւ այն, որ դատապարտյալը կալանքի վերցվեց դատական նիստերի դահլիճից, միակ փաստերն են, որոնց արժանահավատությունը երաշխավորված է հեղինակի կողմից: Իսկ մնացյալը…
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՙ
Ժորա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հունվարի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող իր բնակարանում, վիճաբանության եւ քաշքշուկի մեջ է մտել իր կնոջ` Շ. Պետրոսյանի հետ, ծեծել է նրան եւ պատճառել ֆիզիկական ցավ: 2012թ. հունվարի 20-ին, ժամը 17:30-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ` ալկոհոլ օգտագործած վիճակում, մուտք է գործել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գյուղապետարան, բռնություն գործադրելով քաշքշել եւ մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը` Շ. Պետրոսյանին` պատճառելով ֆիզիկական ցավ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, իր գործողություններով խոչընդոտել է գյուղապետարանի բնականոն աշխատանքը եւ շուրջ 20 րոպե տեւողությամբ կատարել է խուլիգանություն՚:
ՄԵՂԱԴՐՅԱԼ
Ժորա Մեսրոպի Նազարյանը ծնվել է 1973թ. սեպտեմբերի 26-ին, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին են գտնվում չորսից-տասնհինգ տարեկան վեց երեխա, կինը չի աշխատում, ընտանիքի միակ կերակրողն է, վատառողջ է` աջ ազդրի ստորին երրորդի, սրունքի եւ ոտնաթաթի մասում առկա են հրազենային կոտորակներ, 1992-1994 թվականներին ծառայել է ՀՀ ազգային բանակում եւ մասնակցել է ՀՀ հարավային սահմանների պաշտպանության համար մղվող մարտական գործողությունների…
2010-ին Ժորան դատապարտվել էր 1 տարի ազատազրկման այն բանի համար, որ համագյուղացի Զենիկ Գեւորգյանի առողջությանը պատճառել էր առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:
Երկու դեպքում էլ Ժորան ամբողջությամբ ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ խնդրել էր դատարանին գործերը քննել արագացված կարգով:
Այսպիսով, հավանաբար, անհերքելի է, որ 6 անչափահաս երեխաներին 1 տարով առանց հայրական խնամքի թողնելու մեջ Ժորայի մեղավորությունը կա…
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԿԻՆԸ
Քրեական գործը հարուցվել էր նաեւ Ժորայի կնոջ` Շ. Պետրոսյանի բողոքի հիման վրա: Թուլակազմ այդ կինը դատաքննության ավարտին հրաժարվել էր իր բողոքից եւ աղերսում էր մեղադրողից ու դատարանից խղճալ իր 6 երեխաներին ու իրեն եւ բանտախուց չնետել Ժորային: Այդ կնոջը հասկանալ դժվար չէր, երեխաներին խղճալ` նույնպես: Մեղավո±ր էր երիտասարդ հերոս-մայրը այն բանի համար, որ ամուսինը ծեծել էր իրեն, իսկ երեխաները դատապարտվել էին մեկ տարվա ՙանհայրության՚: Դրա մասին փոքր-ինչ ուշ…
ՄԵՂԱԴՐՈՂ ԵՎ ԴԱՏԱՎՈՐ
Պատիժ նշանակելու մասով դատարանը բավարարել էր մեղադրողի պահանջը: Հավանաբար, անչափահաս երեխաների ճակատագիրը մտահոգում էր նաեւ դատարանին, որը նպատակահարմար գտավ չանդրադառնալ նախորդ` պայմանական պատժին, թողնելով այն անփոփոխ: Անշուշտ, դատարանը իրավասու էր պայմանական նշանակել նաեւ երկրորդ գործով պատիժը, սակայն, մեր համոզմամբ, մարդասիրական այդ որոշումը դժվար կլիներ գնահատել որպես արդարացի առաջին հերթին հենց Ժորայի կնոջ շահերի տեսակետից: Սա այն դեպքն էր, երբ դատարանի համար կասկած լինել չէր կարող, որ պայմանական պատիժը արդարադատության նպատակին, ցավոք, չէր ծառայի…
Այնուամենայնիվ, 6 երեխան այդ օրվանից սկսած 1 տարով զրկվեցին հորից: Իսկ դա կարող էր տեղի չունենալ, եթե դրանից առաջ չլիներ...
ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՙԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚
Վերեւում ես արդեն նշել եմ, որ ընթերցողը հավաստի կարող է համարել բացառապես այն, ինչ տեղի էր ունեցել նրա աչքի առաջ դատական նիստերի դահլիճում: Արագացված դատաքննության ժամանակ շատ բան չես իմանա, իսկ այն, ինչի մասին ես տեղեկացա մեղադրյալի, նրա կնոջ եւ պաշտպանի հետ շփվելու արդյունքում, չդարձավ դատաքննության առարկա, սակայն, համոզված եմ, կարժանանա հանրության դատաստանին…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացել էր, որ հայրենիքի համար կռված Ժորան չունի կացարան եւ իր կնոջ ու 6 անչափահաս երեխաների հետ միասին բնակվում է ուրիշին պատկանող տնակում… Երկրի ղեկավարը ուղակիորեն հրահանգել էր մարզպետին լուծել բազմազավակ ընտանիքի բնակտարածքի հարցը: Մարզպետը խոստացել էր կատարել այդ հրահանգը… ընտրություններից հետո…
Մի քանի ամսով իր երեխաների վիճակը ՙբարելավելու՚ ակնկալիքով, Ժորայի կինը դիմել էր գյուղապետարանին, որպեսզի իր երեխաներին մեկ այլ խնամակալ նշանակեն: Հենց այդ հարցի լուծմանը ուղղված ՙբնականոն՚ աշխատանքներին էր յուրովի միջամտել գինովցած Ժորա Նազարյանը…
Ինչն է ճիշտ, իսկ ինչը մտացածին Ժորայի ու նրա կնոջ պատմածից` էական չէ: Եթե սույն հրապարակումից որեւէ մի պաշտոնյա ՙնեղվի՚` հայցում եմ նրա ներողամտությունը: Բայց իմ ներողամտությունը ակնկալել պետք չէ, քանի դեռ չաշխատող կինը ու նրա 6 երեխաները ՙբնակվում՚ են ուրիշի ՙդոմիկում՚, իսկ Ժորանª բանտախցում…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

