ՙՙՙՙՍԱՏԱՆԱՆ ՙԲԱԺԱՆԻՐ ԵՎ ՏԻՐԻՐ՚ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՍԱՏԱՆԱՆ ՙԲԱԺԱՆԻՐ ԵՎ ՏԻՐԻՐ՚ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ՚
Ամիսներ շարունակ դատարանում ընթանում է մի դատավարություն, որի ընթացքում ՙԿյանքի խոսք՚ կրոնական աղանդը փորձում է պատժել, լռեցնել եւ վախեցնել ՙԻրավունք՚ թերթին, նրա թիկունքում կանգնած ՍԻՄ կուսակցությանը եւ, ի վերջո, բոլոր այն հայերին, ովքեր ունեն ազգային մտածելակերպ եւ խիստ անհանգստացած են մեր ազգի հոգեւոր ոլորտը պառակտողների, բաժան-բաժան անողների եւ օտարների կամքին ծառայեցնողների գործունեությամբ:
ՌՅԱԽՈՎՍԿԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Օրերս պարզվել է, որ ՙԿյանքի խոսքը՚ ՙԻրավունքի՚ վրա Ռուսաստանից ՙտղա է բերել՚: Այսինքն, դատարան է ներկայացրել Ռուսաստանի հոգեգալստականների առաջնորդ Սերգեյ Ռյախովսկու մեկնաբանությունները վերոհիշյալ դատավարության առնչությամբ: Սակայն ինչպես Ռյախովսկու դատողությունները, այնպես էլ նրա կողմից ստորագրած եւ կնքված որոշ փաստաթղթեր նոր լույս են սփռում ՙԿյանքի խոսքի՚ հայաստանյան գործունեության վրա:Նախ նշենք, որ Ռյախովսկին, որը ՙԿյանքի խոսքի՚ երեւանյան կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի վերադասն է, վերջինիս տվել է տեղեկանք, որով հաստատում է, որ Արթուր Սիմոնյանը, իրենց ՙկանոնական կարգերի համաձայն ձեռնադրված հոգեւոր սպասավոր է՚ եւ հանդիսանում է ՙԱվետարանական հավատքի քրիստոնյաների (հոգեգալստականների) ռուսաստանյան միավորված միության ավագ եպիսկոպոսի (այսինքն` իր` Ռյախովսկու- խմբ.) պաշտոնական խորհրդականն ու լիազոր ներկայացուցիչը Հայաստանում՚: Մի խոսքով, Սիմոնյանը Ռյախովսկու լիազոր ներկայացուցիչն է: Ինչքանո±վ է ճիշտ, որ հայաստանյան կրոնական` իմա հոգեւոր առաքելություն ունեցող, կազմակերպության ղեկավարը հանդիսանում է օտար պետության կրոնական կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ: Վստահաբար դրա համար չէ, որ մեր նախնիները ինքնազոհաբար պայքարում էին հանուն կրոնական անկախության: Նրանք առաջնորդվում էին աստվածաշնչյան այն սկզբունքով, որ` ՙօտարախառը լծին մի խոնարվեք՚: Սակայն դա թողնենք Երեւանի ՙԿյանքի խոսքի՚ ավագ հովվի խղճին եւ անցնենք իր վերադաս Ռյախովսկու ՙփառահեղ՚ մտքերին, որոնք, ի վերջո, վիրավորում են մեզ` հայերիս, մեր Առաքելական եկեղեցին ու մեր պետությունը:
Նախ նշենք, որ Ռյախովսկին Արեւմուտքի տնտեսական զարգացումը կապում է բացառապես բողոքականության հետ. ՙԱրեւմուտքի տնտեսական, հասարակական եւ սոցիալական կառույցները զարգացել են այն պատճառով, որ կա բողոքականության էթիկա՚: Այսինքն, պետք է հասկանալ, որ ըստ Ռյախովսկու, ոչ բողոքական ազգերի եկեղեցիները խոչընդոտում են այդ երկրների տնտեսական զարգացումը: Իսկ քանի որ Ռյախովսկու խոսքն ուղղակիորեն ուղղված է հայ լսարանին, ապա տվյալ դեպքում ակնարկվում է, որ մեր Առաքելական եկեղեցին արգելակում է Հայաստանի տնտեսական, հասարակական եւ սոցիալական կառույցների զարգացման տեմպերը: Ավելին, օտարերկրյա քարոզիչը պնդում է, որ ՙԱվետարանական եկեղեցին անխտիր բոլոր պետությունների զարդն է՚: Այսպիսով, Ռյախովսկին ՙԿյանքի խոսք՚ աղանդը հավասարեցնում է, իսկ գուցե նաեւ վեր է դնում ոչ միայն Հայ առաքելական եկեղեցուց, այլ նաեւ Հայաստանի զարդը հանդիսացող մեր ավանդական բոլոր արժեքներից:
Իր խոսքում ռուս (ավելի ճիշտ կլինի ասել ռուսաստանցի) հոգեգալստականը պնդում է, որ Երեւանի ՙԿյանքի խոսքը՚ առաջարկում է ՙայլընտրանք անօրինականությանը՚: Ի±նչ այլընտրանքի եւ ի±նչ անօրինականության մասին է խոսքը: Այն, որ ՙԿյանքի խոսքը՚ այլընտրանք է Հայ առաքելական եկեղեցուն, հայտնի է: Ստացվում է, որ մեր ազգային եկեղեցուն է վիրավորում դրսի աղանդավորը անվանելով նրան ՙանօրինականություն՚:
Սրանով Հայ առաքելական եկեղեցուն ուղղված վիրավորանքների շարքը չի սահմանափակվում: Արթուր Սիմոնյանի շեֆը նշում է, որ երբ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները (այսինքն` տվյալ դեպքում մենք` ՍԻՄ-ականներս) աղանդավոր ենք անվանում (ընդգծեմ` ոչ վիրավորելու նպատակով) ՙԿյանքի խոսքի՚ անդամներին ՙսա առաջին հերթին խոսում է այդ տիտղոսակիր ավանդական եկեղեցիների եւ հարանվանությունների տկարության մասին՚: Այսինքնª աղանդավորները ցանկացած պատրվակ օգտագործում են մեր եկեղեցին ՙտկար՚ անվանելու համար:
Ռյախովսկին պնդում է նաեւ, որ հայ ազգային եկեղեցին շեղվել է սկզբնաղբյուրից, իսկ իրենց ուսմունքը իբր բխում է այդ ակունքներից. ՙԻ±նչ է ժամանակակից ավետարանականությունը: Դա սկզբին վերադառնալու փորձ է՚: Այսպիսով, երեւանյան ՙԿյանքի խոսքը՚ եւ նրա արտասահմանյան ղեկավարությունը չեն էլ թաքցնում Հայ առաքելական եկեղեցու դեմ վիրավորական եւ արհամարհական վերաբերմունքը: Դրանով իսկ վիրավորում են միլիոնավոր հայերի կրոնական զգացմունքները, խղճի ազատությունը: Եկել է պահը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի բնակչության ճնշող մեծամասնության կրոնական զգացմունքներն ու իրավունքները: Պետք է արգելել ագրեսիվ աղանդներին, վիրավորել Հայաստանի տիտուլային ազգի կրոնական զգացմունքները, եւ նման արարքները դիտել որպես քրեորեն պատժելի հանցանքª անհարգալից վերաբերմունք ազգի եւ հասարակության հանդեպ:
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՆԴԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՆԵՐՔՈ
Սակայն միլիոնավոր հայերի խղճի ազատության ոտնահարումով ՙԿյանքի խոսքը՚ չի սահմանափակվում: Մենք ի սկզբանե հայտարարում ենք, որ տոտալիտար աղանդները փորձում են Հայաստանում ոչնչացնել ազատ մամուլի, կարծիքի, խոսքի, արտահայտվելու սահմանադրական իրավունքը: Դա հաստատում է նաեւ վերոհիշյալ Ռյախովսկին, հայտարարելով, որ ռուսաստանյան մամուլը վախենում է իրենցից. ՙԵթե մեր մասին սկսում են գրել մամուլում,... մեր մասին արդեն վախենում են գրել,...՚: Ահա այս վախն է, որը փորձում է իրենց հանդեպ սերմանել ՙԿյանքի խոսքը՚, ահա այս նպատակն է հետապնդում այդ կազմակերպությունը` փակել մամուլի բերանը: Հայաստանի Հանրապետությունում մեծագույն նվաճումներից մեկն է մամուլի ազատությունը: Կոմունիստական տոտալիտար ժամանակաշրջանից հետո մեզնից պահանջվեցին մեծ ջանքեր, մամուլի ազատություն ձեռք բերելու համար: Սակայն ի հայտ են գալիս կազմակերպություններ, որոնք ղեկավարվելով դրսից, նպատակ են դրել անել այնպես, որ մամուլն ունենա արգելված թեմաներ, որ լրագրողը ՎԱԽԵՆԱ գրել այս կամ այն կազմակերպության մասին: Վտանգի տակ է Սահմանադրության եւ Անկախության մասին հռչակագրի առանցքային կետերից մեկը` մամուլի ազատությունը: Եվ այստեղ նույնպես անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանի իր մամուլը, նրան վախեցնել ցանկացողներից:
Տոտալիտար մտածելակերպ է դրսեւորում ՙԿյանքի խոսքի՚ պաշտպան Ռյախովսկին, երբ իր կարծիքը չկիսող մամուլին սկսում է պիտակավորել, որպես ՙդեղին՚, ՙսկանդալային՚ եւ այլն: Խոսելով իրենց հետ ոչ համամիտ հասարակական գործիչների ու ԶԼՄ-ների մասին, սույն ՙաստվածապաշտը՚ օգտագործում է համեմատություններ սատանայի հետ, պնդում, որ ԶԼՄ-ները ՙթունավորում՚ են հասարակական կարծիքը, թափում են ՙդեղնավուն կեղտ՚ եւ որ ՙինչ-որ վաճառվում էª ընդունելի է նրանց համար՚: Ահա այսպես հետեւողականորեն Ռյախովսկին եւ իր հովանավորյալները երեւանյան ՙԿյանքի խոսքից՚ սերմանում են անհանդուրժողականություն, ատելություն, թշնամանք ազատ մամուլի հանդեպ: Սա± է Ռյախովսկու քրիստոնեական հանդուրժողականության դրսեւորումը: Ինչի± կարող է հանգեցնել այսօրինակ ՙքարոզը՚ լրատվամիջոցների դեմ: Չեմ զարմանա, որ հայտնվեն կրոնական ֆանատիկոսներ, ովքեր ոտնձգությունների կդիմեն լրագրողների, հասարակական գործիչների դեմ: Իսկ գուցե լրագրողների վրա հարձակումների այն բազմաթիվ չբացահայտված դեպքերի արմատը հենց այսպիսի ռյախովսկիների քարոզնե±րն են...
Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ միայն աղանդի, այլ հենց տոտալիտար աղանդի հետ, որի քարոզիչները ահաբեկչական հարձակումներ են գործում իրենց հետ ոչ համակարծիք ազատ մամուլի դեմ:
ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ
Եվ վերջապես ազգի պառակտման մասին: Դարեր շարունակ մեր ազգի թշնամիները նպատակ են ունեցել հոգեւոր ոլորտում ազգը բաժանել տարբեր հատվածների, այդ հատվածները ենթարկեցնել օտար հոգեւոր կենտրոնների ու առաջնորդների: Միայն ու միայն նրա շնորհիվ, որ մենք` հայերս, ստեղծեցինք ու պահպանեցինք մեր ազգային կրոնական կառույցը` Հայ առաքելական եկեղեցին, մեզ հաջողվեց ոչ միայն դիմակայել մահմեդական արշավանքներին, այլեւ չձուլվել մեզ բազմակի անգամ թվաքանակով գերազանցող քրիստոնեական ազգերի մեջ: Եվ ահա այսօր մենք ունենք ազգի միասնության հանդեպ նոր մարտահրավերներ, մեր գաղափարական հակառակորդ Ռյախովսկին խոստովանում է, որ աղանդավորները նրանք են, ովքեր մասնատում են ազգի միասնությունը. ՙԻ վերջո պետք է հիշել, որ երբ քրիստոնեությունը ծնվեց Իսրայելում, որտեղ գերակշռող կրոնը եղել է հուդաիզմը, այն ժամանակ քրիստոնեությունն աղանդ էին անվանում: Այդպես անվանում էին նրանք, ովքեր համարում էին, որ այն մասնատում է հուդաիզմը, մասնատում է ազգի միաբանությունը՚: Այո, հենց ազգի միաբանությունը մասնատելու առումով մենք աղանդ ենք համարում բոլոր նրանց, ովքեր դեմ են դուրս գալիս Հայ առաքելական եկեղեցուն, քանի որ ազգային միաբանությունը հայերիս մոտ հոգեւոր աշխարհում դրսեւորվում է հենց մեր ազգային եկեղեցով: Ռյախովսկին պնդում է, որ ՙսատանան ՙբաժանիր եւ տիրիր՚ սկզբունքով է գործում՚: Այո, հայ ազգին փորձում են սատանայաբար բաժանել մասերի եւ հակադրել իրար դեմ: Ավելին, այդ բաժանված մասերը ենթարկվում են օտար կենտրոնների, օտար առաջնորդների, օտար գաղափարների եւ օտար արժեքների: Մեր թշնամիներին դուր չի գալիս, որ հայերը ունեն իրենց սեփական եկեղեցին եւ սեփական հոգեւոր կենտրոնը: Ըստ Ռյախովսկու, սատանան ՙմասերի է բաժանում քրիստոնեությունը, սեկտորների, սեկտաների (աղանդների): Սատանայի համար Հայ առաքելական եկեղեցին աղանդ է, Ռուս ուղղափառ եկեղեցին աղանդ է, մենք նրա համար աղանդ ենք՚: Սա ոչ այլ ինչ է, քան էկումենիկ շարժման հերթական կարեւորում, որի դեմ մեր եկեղեցին դարեր շարունակ պայքարել է:
Որպեսզի պարզ դառնա Ս. Ռյախովսկու բարոյական աստիճանը, ավելացնենք, որ իր հարցազրույցի վերջում նա փորձում է շահարկել մեր վեհափառ հայրապետ կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու հետ իր հպանցիկ շփումները` դրանք ներկայացնելով ոչ պատշաճ կերպով:
Ահա այսպիսին է Ռյախովսկու տիեզերապաշտական գաղափարախոսությունը, որը մի կողմից սերմանում է կրոնական ատելություն եւ անհանդուրժողականություն, մյուս կողմից` ոտնահարում է ժողովրդավարական հիմնարար սկզբունքները եւ վերջապես պառակտում եւ օտարի տիրապետությանն է հանձնում հայ ազգը: Եկել է ժամանակը, որ մեր պետությունը պաշտպանի իր քաղաքացիներին իրենց զգացմունքները, իրավունքները, պաշտպանի պետության ու ազգի անվտանգությունը: Դա պետք է արվի թե° գործնական, թե° օրենսդրական, եւ թե° հասարակական ու պետական կյանքի բոլոր այլ ոլորտներում:
ՙԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆԿԵՐ՚ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է՚
Նշենք, որ ՙԿյանքի խոսքի՚ հայցով եւ ՙԻրավունք՚, ՙԱրգումենտի նեդելի՚ թերթերի դեմ դատավարության ժամանակ հայցվոր կողմը, այսինքն` ՙԿյանքի խոսքը՚, դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնցից մեկում նշված էր, որ Ռուսաստանի Դաշնության ՙՀոգեգալստականներ՚ կրոնական կազմակերպության առաջնորդ Ս.Վ. Ռյախովսկին իր հարցազրույցում պնդում է, որ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ, որի մասին Ռյախովսկին ասում է. ՙԻմ ընկերներն են Գարեգին Բ-ն, ում հետ հանդիպում եմ ունեցել, արքեպիսկոպոս Եզրասը, Մոսկվայում մենք պաշտպանում էինք Հայ առաքելական եկեղեցու պատիվը ընդդեմ թեմի նախկին առաջնորդի: Ես եւ իմ եղբայրը, ով ճանաչված իրավաբան է, հաղթեցինք դատական գործը Հայ առաքելական եկեղեցու օգտին: Մեզ համար մեծ պատիվ էր պաշտպանել եկեղեցու գույքը եւ արժանապատվությունը՚:
Եղե±լ է արդյոք հանդիպում վեհափառի եւ Ռյախովսկու միջեւ, արդյոք Ս. Ռյախովսկին հիմք ունի± ասելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր ընկերն է եւ արդյոք անձամբ Ռյախովսկին պաշտպանե±լ է Հայ առաքելական եկեղեցու պատիվը, մասնակցություն ունեցել եւ հաղթել եկեղեցու գույքի եւ արժանապատվության հարցում` դատարանում: Այս հարցերով դիմեցինք Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, որը մեզ փոխանցեց հետեւյալը. ՙՏարիներ առաջ Հայաստանում գտնվելու օրերին Ս. Ռյախովսկու կողմից դիմում է կատարվել Մայր Աթոռ Ս. Էջմիածին` հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Ընդառաջ դիմումին Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցել է նրա հետ իբրեւ անդամի Ռուսաստանի միջկրոնական խորհրդի, որի կազմում է ընդգրկված նաեւ Ռուսաստանի հայոց թեմը: Կարծում եմ, պատշաճ չէ, որ Ս. Ռյախովսկին իրեն թույլ է տվել նման արտահայտություն: Այո, հանդիպում եղել է, սակայն դա չի կարող հիմք ծառայել նման արտահայտության: Եվ ընդհանրապես ՙկաթողիկոսի ընկեր՚ հասկացությունը բացարձակապես անընկալելի եւ անընդունելի է:
Այս առնչությամբ հարկ եմ համարում տալ որոշ լուսաբանություններ: Ռյախովսկու հիշատակած իրավաբան եղբայրը եղել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի փաստաբանը եւ, բնականաբար, ծառայություններ է մատուցել բոլոր անհրաժեշտ պարագաներում, այդ թվում նաև թեմական կյանքում առաջացած խնդիրների շրջանում: Կարծում եմ, սա բացարձակ առնչություն չունի Ս. Ռյախովսկու անձի հետ եւ չպետք է շահարկվի: Ինչ վերաբերում է ցուցաբերած օգնությանը, ապա հօգուտ եկեղեցական կանոնական վիճակի վերականգնման թեմին իրենց զորակցությունն են հայտնել Ռուսաստանում գործող բոլոր եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները, միջեկեղեցական եւ միջկրոնական կառույցները՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

