Ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստացած 17-ամյա Մարիամ Մացակյանը երկու օր անց մահացել էր Աբովյան քաղաքի հիվանդանոցում:
Ըստ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի, ՙԱբովյան՚ բժշկական կենտրոնի ղեկավար Արթուր Պետրոսյանը նշել էր` ՙՀստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է… Մայիսի 20-ին` առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել՚: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ եւ իրականացվում է նախաքննություն:
ՙՄԻԱՅՆԱԿ՚ ԴԻԱԿ
Մայիսի 22-ին, ժամը 14:11-ին ահազանգվել էր, որ Երեւանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը իրավապահ մարմինների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 46-ամյա Սեդրակ Սաֆարյանի դին: Մահվան ժամանակի եւ պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: