ՙՀԱԿ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ ՆՈՐ ՍԿՍՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ՚
Արխիվ 12-16![]()
Երեկ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հրդեհը չխոչընդոտեց, որպեսզի մեր հարցերն ուղղենք կուսակցության փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:
-Դատելով մանդատներից հրաժարվողներից կամ ինքնաբացարկ հայտնողներից, կարելի± է ասել, որ ՀՀԿ-ի նախարարները կմնան իրենց տեղերում, թե±, այնուամենայնիվ, փոփոխություններ կլինեն:
- Դա միայն պարզ կլինի այն ժամանակ, երբ կձեւավորվի կառավարությունը:
- Ձեր կարծիքով ինչ տրամադրություններ են տիրում կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցում:
- Կարծում եմ, որ ինչքան քաղաքական դաշտում համաձայնությունները շատ լինեն, այդ թվում նաեւ կոալիցիոն հասկացողությունները, այնքան ավելի կայուն քաղաքական իրավիճակ կլինի, որը մեր պետության համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնելու:
- Այսինքն Ձեր կողմից նշված իրավիճակները ունենալու համար, կա±ն տրամադրվածություններ կոալիցիա կազմելու համար:
- Դա ոչ թե տրամադրության խնդիր է, այլ քաղաքական սկզբունք է, եւ գտնում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդին խոստումներ են տվել կամ ձայներ են վերցրել ու խորհրդարան եկել, պետք է շահագրգիռ լինեն համատեղ աշխատելու, որպեսզի կարողանան իրենց խոստումները կատարեն ժողովրդի առջեւ: Դա ոչ թե նոր ձեւավորված մոտեցում է, այլ եթե հիշում եք նորից ՀՀԿ իշխանական մեծամասնության պայմաններում նույնիսկ ընդդիմությունը նախարարներ ունեցավ, հանձնաժողովի նախագահներ եւ այլն: Այնպես, որ եթե մի փոքր միջկուսակցական մտածողություն ձեւավորվի քաղաքական ուժերի մեջ, ավելի շատ պետության մասին հոգ տանելու գաղափարախոսությամբ ընթանան, ապա լավ կլինի, որ փոխհամաձայնեցված, հասարակության առջեւ, իրենց պայմանավորվածություններում, այն ծրագրերը, որոնք իրագործելի է պետության ներսում, համատեղ ջանքերով հանդես գանք: Իսկ եթե ոչ, ապա կրկին որեւէ խնդիր չկա, ուստի Հանրապետական կուսակցությունը միշտ էլ, անկախ նրանից, թե ինչպիսի միավորումներ կստեղծենք, իր վրա պատասխանատվություն վերցնող քաղաքական ուժ է:
- Հնարավոր համարում եք, որ կլինեն նոր ինքնաբացարկներ:
- Ամեն ինչ հնարավոր է` եւ մեծ քանակով ինքնաբացարկներ կլինեն, բայց, համենայն դեպս, ինքնանպատակ հրաժարականներ չեն լինի:
- Ձեր կարծիքով, ինչով է պայմանավորված ընդդիմության ներսում առաջացած ճգնաժամային իրավիճակը:
- Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը ինչ-որ ճգնաժամային իրավիճակում է:
- Բայց չէ որ անընդհատ մարդիկ են լքում ընդդիմության շարքերը, ինքնաբացարկ են հայտարարում, մանդատակռիվ են անում, եւ այլն:
- Սովորաբար ընտրություններից հետո քաղաքական մի այլ պատկեր է լինում, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ինքն իր մոտեցումներով փորձում է իր ռազմավարությունը մշակել, եւ չեմ կարծում, որ դա ճգնաժամային մի ինչ-որ իրողություն է: Պարզապես գործընթացներ են, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարողանա ընտրություններից հետո իր գործունեությունը նոր իրավիճակին հարիր, իր մտածած ձեւով իրականացնի:
- Չեք կարծում, որ ՀԱԿ-ը գնում է դեպի փլուզում:
- Չեմ ցանկանում անդրադառնալ ՀԱԿ-ի գործունեությանը, եւ կարծում եմ, որ այն նոր սկսվող երեւույթ չէ:
- Բայց ինչու այն արտացոլվեց հենց ընտրություններից հետո եւ նման ակտիվ ձեւով:
- Որովհետեւ նրանք մեծ մտածումներ ունեին, որ բավականին լուրջ ընտրազանգված կարող են ունենալ, բայց փորձը ցույց տվեց, որ ընտրազանգվածը քիչ էր, եւ այն գալիս էր ի վերուստ, վերջին տարիների իրենց գործունեությունից եւ կատարած քայլերից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

