ՙՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԵՆ ՓԼՈՒԶՎՈՒՄ՚
Արխիվ 12-16![]()
Մայիսի կեսերին Վրաստանում գտնվող հին հայկական Սուրբ Նշան եկեղեցին հորդառատ անձրեւների պատճառով փլուզվել էր: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը մայիսի 15-ին հանդիպել էր Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ եւ քննարկել մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ երկուստեք արձանագրվել է Սուրբ Նշան եկեղեցու շուտափույթ վերանորոգման եւ ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Դեսպան Մանուկյանը եւ Նիկոլոզ Վաշակիձեն քննարկել են նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը (այդ հարցին մենք առանձին կանդրադառնանք-Ռ.Թ.), ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:
Դրանից օրեր անց լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մասնավորապես նշել էր, որ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին վրացական իշխանությունների կողմից չի դիտարկվել որպես պատմական հուշարձան, եւ դա է պատճառը, որ մինչ օրս մատնվել է անուշադրության: Հուշարձանագետի խոսքով` եկեղեցին, արդեն իսկ, խոնարհված է, եւ շատ անելիքներ կան, որպեսզի այն վերականգնվի. ՙՍուրբ Նշան եկեղեցին, մինչ փլվելը, երկու անգամ հրդեհվել է, նախ` 2002թ., ապա` 2012թ.: Աղյուսաշեն շենքերի հրդեհները չեն մարվում ջրով, այլ մարվում են ավազով կամ փրփուրով: Բայց երկու դեպքում էլ Սուրբ Նշանի հրդեհները մարվել են միմիայն ջրով, որը հանգեցրել է փլուզման՚: Ահա այսպես. պարզվում է, որ մեր դրացի վրացիները կա°մ այդ տարրական բանը չգիտեն, կա°մ միտումնավոր են նման քայլի դիմում:
Վրացական մամուլը գրել է, որ Վրաստանում տեղի ունեցած անձրեւներից հետո է քանդվել եկեղեցին, սակայն հուշարձանագետը զարմանքով արձանագրում է. ՙԵրկրաշարժ եղավ, ասացին` Շամփուրենցոց եկեղեցին երկրաշարժից մեկ օր անց փլվել է, հիմա էլ անձրեւներից հետո Սուրբ Նշանն է փլվում: Ստացվում է, որ այդ բնական աղետների հետեւանքով միայն հայկական եկեղեցին ու հուշարձաններն են վնասվում եւ փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները բախտավոր են՚: Նա հույս ունի, որ գոնե Սուրբ Նշանը կվերականգնվի, սակայն դեռ չի հավատում, որովհետեւ ՙվրացական իշխանությունները շատ անգամներ են խոստումներ տվել եւ ոչինչ չեն արել՚:
Այս ամենը մեզ մի պահ հիշեցրեց Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան պատմությունը, երբ ի վերջո Գյումրիի քաղաքապետը գնեց այդ տունը` մշակույթի կենտրոն դարձնելու պայմանով: Ի դեպ, մենք կփորձենք իմանալ, թե ինչ վիճակում է այսօր Մեծ Լոռեցու տունը, բայց անցնենք առաջ: Իհարկե, եկեղեցին այլ կարգավիճակ ունի, այդտեղ խնդիրն այլ լուծում է պահանջում, բայց այս դեպքում էլ կարող են օգնության հասնել հայ օլիգարխները. չէ± որ Վրաստանի իշխանությունները դժվար թե հրաժարվեն նրանց ներդրումից:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

