ԿԼԻՆԻ ԵՌԱՏՈՆ ՎԱՐԴԱՏՈՆ
Արխիվ 12-16![]()
ԿԼԻՆԻ ԵՌԱՏՈՆ ՎԱՐԴԱՏՈՆ
Ինչպես մամուլի ասուլիսում նախօրոք տեղեկացրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՙՍայաթ-Նովա՚ մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ , կիրակի օրը մեծ շուքով ու տոնախմբությամբ նշվեց Սայաթ-Նովայի 300-ամյակը: Կազմակերպվեց քայլարշավ Չարենց փողոցից մինչեւ Սայաթ-Նովայի հուշարձան, որին մասնակցեցին դպրոցականներ, մտավորականներ, ինչպես նաեւ երգի-պարի ազգային անսամբլներ: Երթի մասնակիցները հագել էին ազգային տարազ: Բանաստեղծի հուշարձանի մոտ շարունակվեց միջոցառումը երգ ու տաղով, ապա կայացավ համերգ արդեն կոնսերվատորիայի բակում: Թբիլիսիում, որտեղ գտնվում է բանաստեղծի շիրիմը, նույնպես տոն է կազմակերպվելու:
Մենք նաեւ պարզեցինք, որ Հայաստանում Սայաթ-Նովային նվիրված եւս մեկ տոն է կազմակերպվելու, բայց այս անգամ... Լսենք ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ.
-Սայաթ-Նովան, երեւի թե, մեր պոեզիայի եւ աշուղական արվեստի, երաժշտության շրջադարձային դեմքերից եւ անհատականություններից մեկն է, որն արդեն մոտ 300 տարի իր երգով, երաժշտությամբ եւ պոեզիայով մնում է անգերազանցելի` գոնե իր տեսակի պոեզիայով, իր տեսակի երգ-երաժշտությամբ: Եվ բնական է, որ եթե հոբելյան է (եթե անգամ հոբելյան չէ), մենք պարտավոր ենք ամեն տարի նշել Սայաթ-Նովայի ծննդյան օրը, ինչը եւ երկու տարի առաջ նախաձեռնեց ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունը: Այն արդեն երկու տարի է, ինչ անցկացվում է Հաղպատի վանքում, որովհետւ Հայաստանի իրական վայրերից մեկը, որն անխզելիորեն կապվել է Սայաթ-Նովայի կյանքի եւ գործունեության հետ, Հաղպատի վանքն է: Գաղտնիք չէ, որ նրա կինը եղել է այգեհատցի Շահվերդիի աղջիկը, ու նաեւ մայրը, ով, չնայած ապրել է Հավլաբարում, սակայն նույնպես ծագումով եղել է Սանահինից: Այսինքն` ինքը հազար թելերով կապված էր Լոռվա աշխարհի, Լոռվա ձորի հետ ու նաեւ ճգնության տարիներին կամ, առվազն, կուսակրոն ձեռնադրումից հետո նա ապրեց Հաղպատի վանքում եւ իր ստեղծագործություններից շատերը, անկասկած, գրել է հենց այդտեղ: Ամեն տարի տոնը նշում ենք սեպտեմբերին, եւ այս տարի, հաշվի առնելով նաեւ հոբելյանական իրողությունը, այն ինչ-որ նոր շուք, ոգի կունենա: Այդպիսով մենք կունենանք Սայաթ-Նովական վարդատոն երեք վայրերում` Թիֆլիս, որի հիմքը դրել է Հովհաննես Թումանյանը, Երեւանում, ուր արդեն քանի տարի նշվում է, եւ Հաղպատի վանքում: Այսինքն` մի հրաշալի եռատոն Վարդատոն կլինի մի, որն ամեն տարի ոգեկոչման տոն կլինի. մարդիկ գալիս, երգում են հենց այն եկեղեցու այն խցում, որտեղ Սայաթ-Նովան ապրել, գործել, ստեղծագործել է: Այնտեղ ազատ երաժշտական ամբիոն է. տարբեր տեղերից, տարբեր վայրերից գալիս են, երգում, ներկայացնում իրենց ասելիքը, ու նաեւ մեր երաժշտական կոլեկտիվներն են ելույթ ունենում: Այնպես որ` Սայաթ-Նովան կա, գոյություն ունի, ու այս եռատոնը պետք է պահպանել, որովհետեւ Սայաթ-Նովան, անկասկած, սկսվում է հին Թիֆլիսով, նրա հաջորդ ճամփան Հաղպատի վանքն է եւ, այսօր, իհարկե, քաղաքամայր Երեւանը, կոնսերվատորիան եւ նրա հարեւանությամբ գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանը:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

