ՄԵՆՔ ԵՐԿՈՒ ՆՈՏԱՅԱՆՈՑ ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ ՉԵՆՔ
Արխիվ 12-16![]()
ՄԵՆՔ ԵՐԿՈՒ ՆՈՏԱՅԱՆՈՑ ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ ՉԵՆՔ
Վերջերս Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ երգեհոնահար ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ նվիրված երեկո: Մեզ հետ զրույցում երգեհոնահարի դուստրը` երգահան, երգչուհի ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, տեղեկացրեց, որ համերգին ներկա են եղել Ստամբոլցյանի ուսանողները:
-Կոնսերվատորիայում կա բաժին: Ճիշտ է, դա ամբողջական չէ, այլ ֆակուլտատիվ, բայց, ամեն դեպքում, այդ բաժինը կա, գործում է, արդեն երգեհոնահարների մի քանի սերունդ հետեւորդներ ունենք: Հայաստանում բավականին շատ երգեհոններ ունենք` Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, Կամերային երաժշտության տանը, Կոմպոզիտորների միությունում, երկուական փոքրիկ էլեկտրոնային երգեհոններ կան Կոնսերվատորիայում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Երգեհոններ ունենք Չարենցավանում եւ Կապանում:
Ամենաորակյալը Կապանինն է. չնայած դուրս գրված երգեհոն է, բայց, միեւնույն է, լավն է, հայրիկն ամենից շատ այդ երգեհոնն էր սիրում: Այն Սանկտ Պետերբուրգից Հայաստան բերվեց հայրիկի ջանքերով: Նախագծում կար, որ Արցախում էլ երգեհոն տեղադրվեր: Նույնիսկ հայրիկը մեկնեց Արցախ` Սրբազան հոր հետ որոշելու, թե որտեղ պետք է դրվի երգեհոնը. այն հենց այնպես չի դրվում, տեղադրելու համար կարեւոր պայմաններ են անհրաժեշտ: Գիտեմ, որ արդեն Տիգրան Հեքեքյանն էլ է հետաքրքրված այդ գործով եւ զբաղվում է: Առավել եւս, որ արդեն գումարով օգնելու համաձայնություն կա, որպեսզի հայրիկի գործը ավարտին հասցնենք:
- Դասական, երգեհոնային արվեստը, կարելի է ասել, ընդհատակ է անցել: Նոր սերունդը մի տեսակ անտեղյակ է դրանից:
- Այսօրվա երգեհոնահարները` հայրիկի տված սերունդը, ճանաչված են, բայց, ցավոք, ոչ այստեղ: Դրսում բոլորը հազարումի միջազգային մրցույթների դափնեկիր են, բազմաթիվ համերգներ են ունեցել արտերկրում եւ ավելի շատ ճանաչում ունեն այնտեղ: Ամենամեծ ուսանողից սկսած, ով այսօր դասավանդում է Կոնսերվատորիայի երգեհոնային բաժնում, մինչեւ փոքրիկ Նարեկը, ով բնակվում է Մոսկվայում, միջազգային մրցույթների դափնեկիր են: Ոչ միայն դասական, այլ ժողովրդական արվեստը, նաեւ ռոքը եւ ջազը քիչ են ասպարեզում: Հեռուստաընկերությունների սեփականատերերն իրենց ճաշակն են մեզ պարտադրում: Այլ երկրներում բավականին գնահատված է դասական արվեստը, օրինակ, մեծ պատիվ է դասական երաժշտության համերգի գնալը: Այն շատ ավելի թանկ արժե, քան ինչ-որ փոփ երգչի համերգը:
- Մեզ մոտ ճիշտ հակառակն է. որեւէ փոփ-աստղի համերգի համար առանց վարանելու մեծ գումարով տոմս կգնեն, իսկ դասականի` ոչ:
- Որովհետեւ փոփ-աստղերի հետ գործունեություն ծավալելն ավելի հեշտ է: Երկու կոպեկի համար ինչ-որ տգետ ՙաստղ՚ ե°ւ աղանդների, ե°ւ տարբեր կուսակցությունների հետ է կապվում: Իրեն հարգող լուրջ մասնագետը` լինի երաժիշտ, նկարիչ կամ գիտնական, էժանագին քայլերի չի գնա: Զուր չեն ասում` էստրադան էժանագին երաժշտություն է: Բնականաբար, ես եւս պատկանում եմ այդ էժան խավին: Էժանագին երաժշտությունը չես համեմատի ո°չ ջազի, ո°չ ռոքի հետ, էլ չեմ ասում ժողովրդական, միջնադարյան եւ դասական երաժշտության մասին: Ասենք, ինչ-որ մի հարուստ քեֆ է անում, եւ այսօրվա մեր, այսպես ասած, ՙաստղերին՚ գիշերվա 3-ին կարող են քարշ տալ, տանել ռեստորան` իրենց ուրախացնելու, ինչը չեն կարող անել դասական երաժշտի հետ: Ամբողջ աշխարհում այդպես է, բայց, օրինակ, ռուսը կամ ամերիկացին ազգապահպանման խնդիր չունեն, իսկ մենք ունենք, եւ դա արդեն անվտանգության սահմանին է հասնում:
- Ի±նչ պիտի անենք, որ այդ սահմանին չհասնի:
- Այնքան ենք կորցրել մի քանի սերունդ թե° բարոյապես, թե° մտավոր, առավել եւս, հոգեւորը, որ էլ տեղ չունենք կորցնելու: Նախ` պիտի գիտակից հասարակությունը լուրջ պահանջ ներկայացնի կառավարությանը, որովհետեւ առանց կառավարության օգնության մեր խնդիրը լուծելի չէ: Ամենամեծ ազդող ուժը ԶԼՄ-ներն են` հեռուստատեսության գլխավորությամբ. երբ մի բանն անվերջ կրկնում են, առավել եւս, երաժշտությունը, այն ազդում է անգամ գիտակից մարդու վրա: Այսօրվա, այսպես կոչված, կոմպոզիտորների` թուրքերից ու արեւմտյան երաժշտությունից գողացված երգերով, տգետ հաղորդավարներով ու ամեն տեղ ծանոթաընկերաբարեկամական կապերով պետություն չի լինի:
- Ինչո±ւ այսօր ասպարեզում քիչ եք երեւում Դուք, Ձեր սերնդակից Արթուր Իսպիրյանը, Անահիտ Մանուկյանը, Աշոտ Հախեյանը...
- Անահիտ Մանուկյանը վերջին շրջանում գործունեություն չէր էլ ծավալում: Ինչ վերաբերում է Արթուր Իսպիրյանին, ապա արդեն չեմ հիշում, թե նա որերորդ ձայնասկավառակն է թողարկում: Մարդն իր գործը հանգիստ եւ բավականին որակյալ անում է: Առիթից օգտվելով` նշեմ, որ փայլուն երգիչ է, եւ այսօրվա երգիչ դառնալ ցանկացող երիտասարդները հենց Արթուր Իսպիրյան պիտի լսեն, որովհետեւ անթերի վոկալ ունի եւ բարձրագույն ճաշակ: Կառավարության` գումար ունեցող որոշ անդամներ սկսեցին ռաբիսի մեջ ներդրումներ անել, եւ ոմանք, իրենք իրենց դավաճանելով, գումար աշխատելու համար սկսեցին ռաբիս երգել: Իսկ նյութապես ապահովները հավատարիմ մնացին իրենց գործին: Ցավոք, գումար չունեցողներն էլ չկարողացան ոչ մի բան անել: Սա է խնդիրը: Շատ դեպքերում հեռուստաընկերություններում հրաժարվում են նրանց տեսահոլովակները ցուցադրել: Ոմն մեկը, ով խմբագրի կամ էլ ռեժիսորի կրթություն, խելք չունի, բայց ինչ-որ մեկի բարեկամն է ու ռեժիսոր է աշխատում, ինքն է որոշում, թե ում երգը եթեր տա: Մի անգամ մեր փայլուն երգչուհիներից մեկը վիրավորված պատմեց, որ տեսահոլովակը տարել է հեռուստաընկերություն, որպեսզի ցուցադրեն, բայց նրանց դեմքերի արտահայտությունից զգացել է, որ ցույց չեն տալու, ու որոշել է իսկույն դուռը բացել ու ետ վերցնել: Այդ պահին լսել է մի երիտասարդի խոսքը. ՙԷս հոգնածն էլի եկավ՚: Այսինքն` իրենց համար ՙհոգնածներ՚ ենք: Մենք երկու նոտայանոց եւ երկու բառանոց երգչուհիներ չենք, եւ իրենց ապուշիկ ուղեղները հոգնում են լուրջ երաժշտությունից:
- Ի±նչ նորություններ ունեք:
- Վերջապես առաջին ձայնասկավառակս ավարտեցի: Մայիսին այն կթողարկվի, եւ հենց այդ շրջանում էլ մենահամերգ կունենամ Երգի պետական թատրոնում` Արթուր Գրիգորյանի բեմադրությամբ: Մի քանի տարի է` աշխատում եմ ձայնասկավառակիս վրա, եւ բոլորին հայտնի է, որ դրա համար ահռելի գումարներ են պահանջվում: Բայց ընկերներիս ջանքերով է այն արվել` սկսած գործիքավորումից` մինչեւ ձայնասկավառակի ձեւավորումը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

