ՙՙՙՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՆ...՚
Արխիվ 12-16![]()
ՙՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՆ...՚
Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների կրքերը գնալով մարում են, իսկ ահա Արցախում սարերի ետեւում չեն նախագահական ընտրությունները, որտեղ պետք է մրցեն չորս թեկնածուներ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:-Հետաքրքիր է իմանալ, մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած զորահանդեսին ինչպե±ս արձագանքեց Ադրբեջանը:
- Լուրջ արձագանք, որպես այդպիսին չկա, ինչը բնական է, որովհետեւ նրանք արդեն հասկացել են, որ Արցախի պաշտպանության բանակը ի զորու է ոչ միայն պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային անվտանգությունը, այլ, հարկ եղած դեպքում, համապատասխան գործողությունների կարող է դիմել եւ ագրեսորին պարտադրել խաղաղության: Արձագանք չլինելը նաեւ դրական զարգացում է այն առումով, որ եթե լինեին թերություններ, նույնիսկ տեխնիկական առումով, ապա հաստատ կհնչեին տարբեր տիպի մեկնաբանություններ: Սակայն տեսան այն ինչ տեսան եւ դրա համար բավական զուսպ են իրենց դրսեւորում:
- Նախագահական ընտրությունները Արցախում սարերի ետեւում չեն եւ այս պահին կան արդեն 4 թեկնածուներ, որոնցից մեկը հայտնի զինվորական է, գեներալ: Արդյոք սա չի± նշանակում, որ գործող նախագահի հանդեպ ընդդիմություն է ձեւավորվում:
- Ընդհանրապես ընդդիմության գաղափարը հավերժ է եւ չկա մի պետություն, որտեղ չլինի ընդդիմություն: Սակայն մի երկրում այն դրսեւորվում է մի գործելաոճով, մեկ այլ երկրում` այլ ձեւով, այսինքն` դրանք իրարից տարբերվում են գործելաոճերով, այլ ոչ թե էությամբ: Կան տարբեր տիպի մարդիկ, տարբեր հայացքներ, մոտեցումներ, որը բնական է եւ կարելի է դասել որպես ընդդիմություն կամ կոնստրուկտիվ, ոչ կոնստրուկտիվ, որը արդեն գիտաքաղաքական իրավիճակ է: Բայց, եթե հաշվի առնենք, որ նախագահական ընտրություններում պայքարում են մի քանի թեկնածուներ, ապա բնական է, որ մեկը մեկի դեմ պետք է պայքարի, որը օրենք է: Նրանք պայքարելու են իրենց ծրագրերով, փորձելու են առաջարկել եւ համոզել ժողովրդին, որ իրենց ծրագիրն ավելի լավն է, քան մյուսներինը եւ այս գործընթացը շարունակվելու է: Այսինքն` այն մարդիկ, ովքեր պնդում են, որ Արցախում ընդդիմութուն չկա, ուղղակի կամ չեն հասկանում քաղաքականությունից, կամ պարզապես ինչ-որ քաղաքական շահարկումների նպատակների են ձգտում այս իրավիճակում նման վերլուծություններ կատարելով: Ընդդիմությունը եղել է, կա եւ կլինի ընդմիշտ:
- Ձեր կարծիքով ի±նչ տիպի ընդդիմություն է Արցախում եւ եթե հաշվի առնենք, որ մեկը լուրջ զինվորական է, չե±ք կարծում, որ լուրջ մտածելու տեղիք է տալիս:
- Նախ այն, որ թեկնածուներից մեկը նախկին զինվորական է, գեներալ, դա չի նշանակում, որ բանակն է միջամտում կամ նման խնդիրներ կան: Գործող նախագահը նույնպես զինվորական է եղել ժամանակին, ունի գեներալ-մայորի աստիճան, մասնակցել է պատերազմական գործողություններին, սակայն այս ամենը որեւէ կերպ չի ազդում ընտրությունների վրա, քանի որ բարեբախտաբար մենք կարողացել ենք մի շարք կարեւոր պատերազմյան սինդրոմներ հաղթահարել: Դրանցից մեկն այն է, որ կարողացել ենք իրոք ստեղծել ժողովրդավարական համակարգ եւ այնպես անել, որպեսզի Արցախը չնմանվի այն նորաստեղծ պետություններին, որտեղ ուժային կառույցներն են թելադրում քաղաքականությունը: Դա մեզ հաջողվել է դեռեւս 90-ական թվականներից եւ նման իրավիճակը շարունակվում է մինչ այժմ: Բացի այդ, մենք կարողացանք ավելի քաղաքակիրթ մթնոլորտում անցկացնել ընտրությունները եւ մեզ մոտ բախումներ, սոցիալական մեծ հեղափոխականությանը նմանվող երեւույթներ չկան:
- Պարոն Բաբայան, հայտնի է, որ բավականին մարդիկ են լքում Արցախը, գալով Երեւան կամ Հյուսիսային Կովկաս, Եվրոպա եւ այլն: Կարո±ղ եք ասել` հիմնականում ինչ պատճառներով:
- Նախ եւ առաջ մասսայական արտագաղթ չկա, եւ դինամիկան ներգաղթի ու արտագաղթի դրական է եւ ավելի շատ մարդ է գալիս Արցախ, քան դուրս է գալիս: Կարող եմ նշել, որ վերջերս մի քանի հարյուր ընտանիքներ են տեղափոխվել Քաշաթաղ եւ այլ բնակավայրեր: Պարզապես պետք է նշել, որ կա աշխատանքային արտագաղթ, եւ մարդիկ գնում են աշխատանք փնտրելու ձեր կողմից նշված երկրներում, այնուհետ վերադառնում են կամ այդ աշխատանքները կրում են սեզոնային բնույթ: Բնականաբար մեզ մոտ նաեւ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները եւս մեծ ազդեցություն ունեն, այնուամենայնիվ մենք բարեբախտաբար չունենք արտագաղթի ցուցանիշներ: Պետք է նաեւ նշեմ, որ ծնելիության աստիճանը կտրուկ աճել է վերջին մի քանի տարվա ընթացքում եւ հուսով ենք, որ նման դրական դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:
- Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արցախը, հիմնականում, լքում են հենց սոցիալական հարցերի պատճառով: Չե±ք կարծում, որ հենց այդ հենքի վրա է ձեւավորվում ընդդիմություն եւ արդյոք այս հարցում ԼՂՀ նախագահն իրեն մեղավոր չի± համարում:
- Ես չգիտեմ, թե այդ ինչ տվյալներ են, որ ասում են, թե միայն սոցիալական հարցերի պատճառով են մեկնում Ղարաբաղից: Բնական է ունենք լուրջ խնդիրներ, որոնք լուծում են ու, բացի այդ, վերջին հինգ տարիներին իրականացվել են մի շարք ռազմավարական ծրագրեր, որոնք հիմք են հանդիսանալու գուցե 10 տարի հետո ունենալ մեծ տնտեսական ձեռքբերումներ: Դրանց շարքին են պատկանում էներգետիկայի ոլորտում մի շարք հիդրոէլեկտրակայանների ստեղծումը, որը Արցախը կդարձնի էներգետիկայի տեսակետից ինքնաբավ: Բացի այդ ավտոմայրուղիների կառուցումը` Քարվաճառ-Սոտք-Մարտակերտ ճանապարհը, ինչպես նաեւ մի շարք հանքավայրերի շահագործումը, Արաքսի ափին տարվող հսկայածավալ աշխատանքները եւ այս ամենը լուրջ հիմք են ստեղծում տնտեսության զարգացման համար: Չնայած պետք է նշեմ, որ այո, գործող նախագահը պատասխանատվություն է կրում ոչ միայն ձեռքբերումների, այլ նաեւ առաջացած խնդիրների եւ նա երբեւէ չի հրաժարվել այդ պատասխանատվությունից եւ դուք կտեսնեք, որ ընտրությունների ժամանակ այդ ամենը հնչեցվելու է: Չի կարելի ասել, որ ամեն ինչ լավ է կամ ամեն բան վատ է, հարկավոր է օբյեկտիվորեն գնահատել, թե ինչ է հնարավոր եղել կամ հնարավոր չի եղել իրականացնել, որպեսզի աշխատենք ու շտկենք դրանք, որպեսզի արձանագրենք նորանոր հաղթանակներ:
- Ծանո±թ եք արդյոք մյուս թեկնածուների ծրագրերին, եւ եթե այո, ապա, ո±րն է դրանց հիմնական մեխը:
- Դեռ ոչ ոք չի ներկայացրել իր նախընտրական ծրագիրը, քանի որ դրա ժամկետը չի եկել, քանի որ քարոզարշավը սկսվում է հունիսի 11-ից եւ մեզ մոտ պահպանվում են բոլոր գրված եւ չգրված օրենքները: Իսկ գործող նախագահի դրույթներին ծանոթ ենք, որովհետեւ նա ուներ հինգ տարվա ծրագիր եւ այն իրականացնում էր ու, ըստ էության, եկող ծրագրային դրույթներում բաներ կան, որ կմնան նույնը եւ կլինեն անշուշտ փոփոխություններ:
Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

