...ԵՎ ՓԼՎԵՑԻՆ ԹՂԹԵ ՏՆԱԿԻ ՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՄՈՒՑ
Արխիվ 12-16![]()
...ԵՎ ՓԼՎԵՑԻՆ ԹՂԹԵ ՏՆԱԿԻ ՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՄՈՒՑ
Վերջին օրերին բնորոշ են միանգամից մի քանի զուգահեռ երեւույթներ` կոալիցիա ստեղծել-չստեղծելու խնդիրը, ճգնաժամային երեւույթներ ընդդիմադիր դաշտում, այդ թվում` եւ ՀԱԿ-ի փլուզումը, գումարած դրան` տարատեսակ գույնզգույն թափթփուկների կողմից գլուխ բարձրացնելու համակարգված փորձը:
ՀԱԿ-Ի ՀԱՅ-ՀԱՅԸ ԳՆԱՑԵԼ Է, ՎԱՅ-ՎԱՅՆ Է ՄՆԱՑԵԼ
Եվ այսպես, տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ: ՙՀանրապետություն՚ կուսակցությունը պաշտոնապես հեռացավ ՀԱԿ-ից, նույն ձեւով վարվեց եւ Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ կուսակցությունը, եւ, եթե Ստեփան Դեմիրճյանն էլ հեռանա, ապա տակը մնում է մաքուր ՀՀՇ: Եվ հետաքրքրական է, որ հիմա էլ Արամ Զ. Սարգսյանը ՀԱԿ-ին մեղադրում է` իբր այն բաղկացած է բացառապես ռուսամետ ուժերից: Դե, պարզ է, որ դրանով նա քար է գլորում ՀԺԿ-ի բոստանը, սակայն ՙնարնջագույնից նարնջագույն՚ ՀՀՇ-ին` ԼՏՊ-ով ու Հրանտ Բագրատյանով հանդերձ, ռուսամետ ներկայացնելը արդեն վառ երեւակայության արդյունք է: Լավ, բա էդ դեպքում չռուսամետը ինչպիսի±ն պետք է լինի:
Լեւոն Զուրաբյանն էլ անեծք է տալիս գնացողների հետեւից, թե ՀԱԿ-ից դուրս գալով նրանք բոլորը փլվելու են: Չնայած, խոշոր հաշվով, փլվելու են դատապարտված ե°ւ մնացողները, ե°ւ գնացողները: Ի վերջո, Լ. Զուրաբյանն ինքն իրեն մխիթարում է, որ սպառված, իրենց դարն ապրած կուսակցությունները հեռանում են, բայց գալիս է թարմացում ու ՀԱԿ-ը համալրվում է անկուսակցականներով: Կարեւոր խոստովանություն է` որ ՀԱԿ-ը գործնականում կազմվել է քաղաքական աղբանոցի կուսակցություններից, որ այնտեղ գաղափարախոսությունը, որպես այդպիսին, բացակայում է, եւ որտեղ է նա տեսել ՀԱԿ անդամագրվող անկուսակցականներին... Հավանաբար` ինչ-որ այլմոլորակայիններ են, ում հասարակ մահկանացուներս չենք կարող տեսնել:
Դե, բայց մանդատից հրաժարվող չեն, նույն Լ. Զուրաբյանի խոսքով` եթե մանդատ չվերցնեն, ապա դրանով արհամարհած կլինեն իրենց ընտրողներին: Այսինքն` 2009-ին Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՀԱԿ-ը, փաստորեն, արհամարհել է իր ընտրողներին, ու այդ արհամարհանքի հետեւանքով է, որ դեռեւս ՀԱԿ-ի անդամ համարվող Ռուբիկ Թորոսյանը փորձում է ավագանու իր մանդատը ստանալ` ՀԿԾ քննիչներին թեւից բռնած ԿԸՀ տանելով... Կարճ ասած` ՀԱԿ կոչվող կառույցը, որը ժամանակին ՙնարնջագույն՚ հեղաշրջման երազանք ուներ, փլվեց առաջին իսկ քաղաքական քամուց ճիշտ այնպես, ինչպես կփլվեր թղթե տնակը: Եվ այդտեղ իր դերը կատարեց, անշուշտ, եւ ԼՏՊ-ի անհագ ատելությունը իշխանության նկատմամբ, որից դրդված ավանտյուրա սկսեց ԲՀԿ-ին ներգրավելու ուղղությամբ, եւ արդյունքում ՀԱԿ-ի ընտրազանգվածը ԲՀԿ-ի բաժին դառավ:
Բայց միայն ՀԱԿ-ում չէ, որ գործերը բարվոք չեն: ՙՆարնջագույն՚ նպատակներով ստեղծված ՙմիասնական շտաբը՚ քանդեց նաեւ ՀՅԴ-ի տունը` բերելով պատմության մեջ այդ կուսակցության ամենավատ ցուցանիշը քվեների առումով, իսկ ԲՀԿ-ի համար դա ստեղծեց բավականին լուրջ պրոբլեմներ:
Ներդաշնակցական ճգնաժամն արտահայտվեց նրանով, որ մի տեսակ տարանջատումներ գնացին ղեկավարության դժգոհ շարքերի միջեւ, իսկ այն բանից հետո, երբ հրկիզվեց այլասերվածության հայտնի որջը, ջրբաժան հայտնվեց եւ դաշնակցականների միջեւ` վերաբերմունքի տեսակետից: Հայտնվեցին ամբողջական կառույցներ եւ ականավոր դաշնակցականներ, որոնք սկսեցին դատապարտել նույն Արծվիկ Մինասյանին գործողությունը կատարած երիտասարդներին ցուցաբերած իրավական աջակցության համար: Այսինքն` ՀՅԴ-ում գոյացավ հստակ արտահայտված ՙնարնջագույն՚ շերտ, այն էլ` Կիրո Մանոյանի դեմքով:
Դե, ՙԺառանգության՚ մասին չենք էլ խոսում, ուր նվազեց ե°ւ կուսակցության խորհրդարանական ներկայացվածությունը, ե°ւ ամենաակտիվ պատգամավորները դուրս մնացին, ե°ւ ՙմուֆթա տեղը՚ ՙժառանգությունը՚ թռիչքահարթակ դարձավ նախկին ՀՀՇ-ական ՙԱզատ դեմոկրատների՚ համար: Դե, երեկ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց հանդիպեց իր փաստացի վերադասին` ամերիկյան դեսպանին, երեւի թե հրահանգներ ստանալու, թե ինչպես վարվի այդպիսի բարդ իրավիճակում:
Բայց այս ամբողջի մեջ ամենավտանգավորը ԲՀԿ-ի կողմից ձեռք բերված որոշակի ՙնարնջագույն՚ երանգներն են:
ԻՍԿ ԱՐԴՅՈՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Ընդհանրապես, զուտ կառավարություն կազմելու տեսակետից ՀՀԿ-ն կոալիցիայի կարիք չունի, քանի որ ունի բավարար մեծամասնություն, գումարած դրան` անկախ կոալիցիա լինել կամ չլինելուց, միեւնույն է, ամբողջ պատասխանատվությունը լինելու է ՀՀԿ-ինը: Կոալիցիայի հարցը գոյանում է ընդհանրապես ապագա նախագահական ընտրությունների համատեքստում:
ԲՀԿ-ի կողմից կոալիցիայի դեմ ամենակտրուկ արտահայտվողները, անշուշտ, Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանն են, այսինքն` այն կադրերը, որոնք ամենաակտիվ դերակատարումն են ունեցել ՙնարնջագույն՚ շտաբը ձեւավորելու հարցում: Ու եթե այդ ՙշտաբը՚ կարողացավ լուծել փոշեկուլի պես բողոքավոր ընտրազանգվածի քվեները տանելու խնդիրը, այնուամենայնիվ, այդ ավանտյուրիստներին չհաջողվեց գլխի բերել ՀՀԿ-ին մեկուսացնելու եւ սահուն հեղաշրջում իրականացնելու ծրագիրը:
Վարդան Օսկանյանն արդեն քանիցս ասել է, որ այնտեղ, ուր կա կոալիցիա, ինքն անելիք չունի: Իսկ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ սկզբունքային պայմանավորվածություն կա, որ կամ լուծվում է վարչապետի խնդիրը, կամ ԲՀԿ-ն ստանում է լրացուցիչ նախարարական տեղեր, իսկ իր մանդատ վերցնել-չվերցնելու խնդիրը հարցականի տակ է: Սակայն Գալուստ Սահակյանը նշում է, որ կոալիցիա կազմել-չկազմելուն վերաբերող ռազմավարությունը դեռ որոշված չէ, ու դեռ վաղ է խոսել դրա գործիքների մասին:
Այսինքն` որոշված չէ նույն ԲՀԿ-ի կողմից արդյոք անվերապահորեն պաշտպանվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններին: Պարզ է, որ ինչպես ցույց է տալիս փորձը ու, մասնավորապես` վարվելակերպը կոալիցիոն հուշագրի հետ, ԲՀԿ-ի պարագայում ստորագրությունը դեռ ոչինչ չի որոշում ու չի երաշխավորում, որ չեն լինի քաղաքական գծի տատանումներ, ու նույն ստորագրության ոգուն ամբողջությամբ հակասող գործողություններ: Հետեւաբար` կոալիցիա կարող է կազմվել միայն նաեւ հստակ երաշխիքների դեպքում: Նվազագույն երաշխիքը, որը կարող է լինել, դա ՙմիասնական շտաբից՚ ԲՀԿ-ի ամբողջական սահմանազատումը, այսինքն` առնվազն Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը չպետք է մուտք գործեն խորհրդարան: Հակառակ դեպքում` նույնիսկ եթե հիմա ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւին անջատեն կամ այն անջատվի, ոչ մի երաշխիք չկա, որ նրանք նորից չեն միանա նախագահական ընտրություններից անմիջապես առաջ:
Բայց կա եւս մեկ հանգամանք: Նախ` էլի 100 տոկոսանոց երաշխիքներ չկան: Գումարած դրան` նույն ԲՀԿ-ի առկայությունը կոալիցիայում կդառնա յուրահատուկ արգելակ օլիգարխիկ համակարգից աստիճանաբար հրաժարվելու հարցում: Գաղտնիք չէ, որ այդտեղ ներկայացված է օլիգարխիայի այն հատվածը, որը ինտեգրված է Ռոբերտ Քոչարյանի հետ, հետեւաբար` անխուսափելի կլինի ՀՀԿ-ում առկա օլիգարխների մրցակցությունը այդտեղի օլիգարխների հետ, ինչը կկոնսերվացնի օլիգարխիայի գոյությունը: Իսկ դա արդեն նույնիսկ ավելի խորքային երեւույթ է, քան նախընտրական մարտավարությունների հետ կապված հարցերը:
Բացի այդ` ԲՀԿ-ն, որպես այդպիսին, երբեւէ հստակ գաղափարախոսության կրող չի եղել, իսկ դեռեւս նախընտրական շրջանում երեւացող ՙնարնջագույն՚ երանգները այսօր արդեն տրանսֆորմացվում են վուլգար լիբերալ շեղման: Ու դա երեւում է նաեւ ԲՀԿ-ին փաստացի պատկանող հեռուստաընկերության վարքագծում: Եթե նախընտրական շրջանում առկա էր բավականին վառ արտահայտված ՙնարնջագույն՚ քարոզչություն, իսկ ընտրությունների օրը օրենքի խախտումով հակաքարոզչություն իրականացվեց ՀՀԿ-ի դեմ, ապա այժմ էլ եթերում սկսել են երեւալ ամենաարգահատելի գույնզգույն թափթփուկները, եւ նույնիսկ կարող է համեմատություն հնչել Հայոց ցեղասպանության եւ համասեռամոլների դեմ վատ վերաբերմունքի միջեւ: Ըստ ամենայնի` ընտրություններից հետո առկա է ԲՀԿ-ի որոշակի հիասթափություն ռուսներից, ու այժմ ցուցադրաբար կատարվում է որոշակի տեղաշարժ Արեւմուտքի ուղղությամբ: Սակայն այդպիսի ՙմանեւրները՚ հստակ գաղափարական գիծ չունեցող կուսակցության դեպքում կարող են բերել բավականին անսպասելի ու անկանխատեսելի շեղումներ, ինչը, անշուշտ, նույնպես կոալիցիայի հարցին վերջնական պատասխան տալուց առաջ հաշվի առնելու հանգամանք է:
ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ...
Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ գույնզգույն թափթփուկների համակարգային ակտիվացմանը, ինչը հիշատակեցինք նյութի սկզբում, ապա ակնհայտ է, որ դա տեղի է ունենում նույն կենտրոնից հրահանգված ձեւով: Այլապես` ինչու միաժամանակ ե°ւ Բաքվում, ե°ւ Թբիլիսիում, ե°ւ Երեւանում փորձեր անցկացվեցին իրականացնելու գեյ-շքերթներ: Եվ ինչու այդ աստիճանի ագրեսիվ տոլեռաստական քարոզչություն է ընթանում, ուր միանգամից ներգրավվում են ոչ միայն գրանտածիծ կազմակերպությունները` ՀՀ նախագահին եւ իրավապահ մարմիններին ՙղեկավար ցուցումներ՚ տալու լկտի փորձերով, այլեւ ամբողջական ՙնարնջագույն՚ լրատվամիջոցներ, իսկ ոչ ՙնարնջագույններից՚` բոլոր այն լրագրողները, ում հնարավոր է, անգամ` սեփական լրիվ հեղինակազրկման գնով: Պարզ է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր առավել խոշոր հակադրությունների շեմին փորձ է արվում մոբիլիզացնել բոլոր ՙնարնջագույն՚ ռեսուրսները` ինչ հնարավոր է պոկելու սկզբունքով: Ու նաեւ այժմ առավել կարեւորվում է տարատեսակ ազգաքայքայիչ երեւույթներին ավելի ուժգին եւ վճռական հակահարված հասցնելու եւ արդյունավետորեն չեզոքացնելու հրամայականը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

