ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻ ՕՁՈՒՆ
Արխիվ 12-16![]()
ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻ ՕՁՈՒՆ
Լոռու մարզի Օձուն գյուղում բուժամբուլատորիան եւ փողոցներից մեկը կոչվեցին Համլետ Թամազյանի անունով, գյուղում բացվեց նրա կիսանդրին:Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ ճանաչված վիրաբույժ, ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Թամազյանը մի առանձնահատուկ սեր ուներ իր հայրենի Լոռու, իր ծննդավայրի` Օձունի նկատմամբ: Եվ այդ ամենը նա դրսեւորում էր անթաքույց եւ ամենուր: Առիթը բաց չէր թողնում այդ մասին արտահայտվելու: Այս եւ նման իրողությունների մասին էին հիշում բոլոր նրանք, ովքեր հավաքվել էին Լոռվա ձորի գողտրիկ անկյուններից մեկում` Օձունում, գյուղի փողոցներից մեկը, որի վրա հենց իր տունն է, եւ բնակավայրի ամբուլատորիան Համլետ Թամազյանի անունով կոչելու առթիվ: Հենց նրա անվան փողոցի սկզբում էին հավաքվել բազմահազար օձունցիներ, լոռեցիներ եւ հյուրեր Երեւանից, հեռու, մոտիկ բնակավայրերից: Այստեղ նրա ընկերների եւ հարազատների կողմից ստեղծած պուրակում տեղի ունեցավ նաեւ Համլետ Թամազյանի կիսանդրու բացումը, որի հեղինակը քանդակագործ Վանաձորցի Սեւոն է: Այսուհետ իր անունը կրող փողոցի սկզբնամասում նա կդիմավորի բոլոր Օձուն եկողներին:
Դիմելով ներկաներին` Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանն ասաց, որ Համլետ Թամազյանն իր հայրենի գյուղի եւ Լոռու հոգսերով ու ցավերով ապրող մարդ էր եւ միշտ դժվարության մեջ գտնվողի կողքին էր: Բոլորը գիտեին` ով նրա տան դուռը բացի, անպատասխան չի հեռանա:
ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ Համլետ Թամազյանի մեծ նվիրումն անընդհատ էր, անդադար:
ՙՆրա հետ յուրաքանչյուր հանդիպում վեր էր ածվում Լոռվա ձորի հետ առնչվող կարեւոր խնդիրների քննարկման,- ասաց Սերգո Երիցյանը,- ամենակարեւորը, որ Համլետը միշտ լուծումներ էր գտնում: Հաճախ ասում էր, որ ձորի ժողովուրդը մեղավոր չէ, որ ինքն այդպիսի պայմաններում է ապրում: Եթե նրա զավակն ես, նրա կողքին պետք է լինես՚:
Հաջորդ բանախոսը` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի առաջին փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը եւս հիշեցրեց այն մեծ սիրո ու նվիրումի մասին, որ նա ուներ Լոռվա աշխարհի հանդեպ: Նրա շնորհիվ Ալավերդիում եւ Ախթալայում այնպիսի վիրահատություններ կատարվեցին, որ այդ տարիներին պարզապես հնարավոր չէր երազել: Նա իր էությամբ միշտ Լոռիում էր, առիթը բաց չէր թողնում` օգնելու բուժհիմնարկներին, հիվանդներին:
ՙՄեզ մոտ չգրված օրենք էր դարձել, եթե Ալավերդուց ու տարածաշրջանից հիվանդ էր ընդունվում, ապա այդ մասին անմիջապես պիտի իմանար Համլետ Թամազյանը, իսկ վերաբերմունքն էլ` յուրահատուկ…
Բուժում էր, օգնում, աջակցում, դեռ ավելին` դրամ տալիս, որ տուն հասնեն: Անուն առ անուն գիտեր, թե ո±ւմ է բուժել` հորով, մորով, ազգուտակով՚:
Ընկերների անունից խոսք ասացին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք` ընկերներով, ցանկացան, որ Համլետ Թամազյանի այս կիսանդրին իր հայրենի բնակավայրում հանգրվանի, քանի որ ամեն անգամ իր Լոռվա ձոր, Օձուն գալը նրա համար համահավասար է ուխտագնացության: Եվ դա նա չէր թաքցնում եւ ուզում էր, որ իր բոլոր ընկերները սիրեն իր Լոռին եւ Օձունը:
Աշոտ Ղահրամանյանի խոսքերով` երեք տարի աշխատելով Լոռիում, նվիրվեց այս հրաշալի լեռնաշխարհին, եւ այդ գործում մեծ էր Համլետի դերը: Նա կարողացավ ընկերության, բարեկամության, հարազատության անընդհատ խորացող զգացումներ սերմանել, իր հողի ու ջրի նվիրյալ դարձնել իր շրջապատին` մոտիկ եւ հեռու մարդկանց:
ՙՆա անընդհատ բարձրացնում էր իր ծննդավայր Օձունի պատիվը,- շարունակեց Աշոտ Ղահրամանյանը,- այս հողն ու ջուրը դարձնելով հետաքրքիր կապող օղակ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ:
Համլետ Թամազյանը հոգու եւ ոգու շռայլություն էր, ընկերություն նվիրող մեծ պրոֆեսիոնալ՚:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը ողջունելով կիսանդրու տեղադրումը, ընդգծեց, որ ՙՀասկացա, ես քեզ կլսեմ… կամ անվերջ վերադարձ՚ վերնագրով գրքի հրատարակումը, ուր Համլետ Թամազյանի միջավայրի մարդիկ են (ավելի քան հարյուր հիսուն հոգի) ամբողջացրել են նրա կերպարը` իր բոլոր գույներով ու նրբերանգներով:
Ընտանիքի անունից երախտիքի խոսքեր ասաց դուստրը` Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, համարելով, որ իր հոր մեծ հարգանքը ծննդավայրի նկատմամբ փոխադարձ էր: Վկայությունը այն ներկայությունն է, որ կա այս հանդիսույթի ժամանակ, երբ, կարծես թե, ամբողջ գյուղն է ուզում տեղավորվել այս հրապարակում: ՙՊուրակը, որ գտնվում է Համլետ Թամազյանի փողոցի սկզբնամասում, հուսով եմ` սիրած վայր կդառնա օձունցիների համար,- ասում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրեն Արթուր Թամազյանը: - Այստեղ մարդիկ կարող են հանգիստ առնել, զրուցել, սարերից եկող սառնորակ ջուր խմել: Վստահ եմ, որ ամեն տարի այստեղ հուշամիջոցառումներ կլինեն: Այսօրվանից Օձունի ամբուլատորիան, որ սպասարկում է նաեւ շրջակա բնակավայրերը, կրելու է Համլետ Թամազյանի անունը: Դա պարտավորեցնում է նաեւ մեզ: Ամեն ինչ պետք է անենք, որ ամբուլատորիան տարածաշրջանում լինի լավագույնը, ունենա անհրաժեշտ սարքավորումներ, դեղորայք, կադրեր՚:
Հանդիսույթի մասնակիցները եղան նաեւ Համլետ Թամազյանի տանը, որը գտնվում է արդեն նրա անունը կրող փողոցի վրա, նրա օջախի մի կտոր հացը կտրեցին, բաժակ բարձրացրեցին եւ խմեցին նրա հիշատակի կենացը:
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Օձուն-Երեւան

