ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈՒ ՎԱՐՈՐԴԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԻ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՆ
Արխիվ 12-16![]()
ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈՒ ՎԱՐՈՐԴԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԻ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՆ
Թեեւ բավականին ժամանակ է անցել Երեւանի ճանապարհներին հայտնի արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրման գործընթացի մեկնարկից, սակայն դրանք այդպես էլ շարունակում են տարաբնույթ դժգոհությունների տեղիք տալ: Ընդ որում, այդ դժգոհությունները շատ հաճախ կապված են տվյալ սարքավորումների աշխատանքի նկատմամբ անվստահության հետ:Որպես օրինակ` բերենք վերջին պատմությունը. մեզ դիմած քաղաքացին ստացել էր տուգանքի կտրոն: Պատմությունն այսպիսին է. մայրաքաղաքի Սարալանջի պողոտայում արագաչափը ֆիքսել է, թե տվյալ ավտոմեքենան գերազանցել է սահմանած արագությունը առավելագույն թույլատրելիից 1 կմ/ժ-ով: Քաղաքացին ստացել էր տուգանքի կտրոնը, որտեղ ընդամենը տվյալ հատվածում իր ավտոմեքենայի լուսանկարն էր: Կտրոնի համապատասխան ծածկագրով նայել էր նաեւ իր այդ խախտմանը վերաբերող համապատասխան ինտերնետային էջը: Այնտեղ էլ նոր ոչինչ չկար. ընդամենը տվյալ հատվածում իր ավտոմեքենայի լուսանկարը, այն էլ` ետեւի հատվածից: Եվ քաղաքացին, ըստ իս, տրամաբանական հարց է բարձրացնում. ինչպես կարող է համոզվել, որ իրականում իր մեքենայի արագությունը գերազանցել է թույլատրված շեմը: Եվ ապա` ինչպե±ս կարող է վստահ լինել, որ արագաչափը ճիշտ է աշխատել: Ի վերջո, խոսքը համակարգչային ծրագրով գործող տեխնիկական սարքավորման մասին է, այսինքն` միշտ էլ հնարավոր է ինչ-որ կերպ այդ չափման գործընթացին միջամտել:
Փորձենք ընդհանրացնել. այս բոլոր եւ մի շարք նմանատիպ այլ հարցեր կարող են առաջանալ արագաչափի միջոցով տուգանված ցանկացած այլ վարորդի մոտ: Մինչդեռ տվյալ անձը ստուգել, գոնե ներքուստ համոզվել, որ ինքն իրոք մեղավոր է, համենայնդեպս, այն տվյալներով, որ նրան տրամադրվում է տուգանքի որոշման հետ մեկտեղ, պարզապես ոչ մի կերպ չի կարող: Եվ որպեսզի նրանք գոնե նախնական պատկերացում կազմեն, փորձեցինք նախ` որոշ պարզաբանումներ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից: Ուստիեւ զրուցեցինք ՃՈ պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, Ոստիկանության մայոր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
- Հայտնի է, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը տեղադրում եւ շահագործում է առանձին մասնավոր կառույց: Այնուամենայնիվ, Ձեզ կխնդրեի ներկայացնել դրանց աշխատանքի սկզբունքը:
- Սարքավորումները տեղադրել է ՙՍեքյուրիթի Դրիմ՚ ընկերությունը. խոսքը ինչպես արագաչափերի, այնպես էլ տեսախցիկների մասին է: Տվյալ ընկերությունն իրականացնում է տեսաձայնագրումը եւ խախտումների ֆիքսումը: Մնացած գործողությունները` իրավախախտման հատկանիշների համեմատումը պատկերված ավտոմեքենայի արարքի հետ եւ տրանսպորտային միջոցի նույնացումը, կատարվում են ՃՈ ծառայողի կողմից:
- Բնականաբար, հարց է առաջանում, թե տվյալ ընկերությունը ինչքանո±վ է մասնագիտացած, որ գնահատական տա` խախտում եղե±լ է, թե± ոչ:
- Գնահատական տալիս է ՃՈ-ն: Արագաչափերը ավտոմեքենայի արագությունը ֆիքսում են ավտոմատ, դրանց պատկերած ֆոտոլուսանկարը էլեկտրոնային եղանակով ստացվում է ՃՈ-ի խախտումների արձանագրման կենտրոնում եւ որոշում է կայացվում` արդյոք պատկերվածը իրավախախտո±ւմ է, թե± ոչ, ճի±շտ է որակված իրավախախտումը, թե± ոչ, եւ ավտոմեքենայի համարանիշի ու մակնիշի նույնացում է կատարվում: Եթե տարբերություններ չկան, ապա տվյալ ավտոմեքենային սահմանված չափով տուգանելու որոշում է կայացվում եւ այն փոստային ծառայության միջոցով առաքվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:
- Այսինքն` Ձեր ունեցած միակ տվյալն այդ լուսանկա±րն է, եւ դրա հիման վրա± են կատարվում Ձեր նշած գործառույթները:
- Ուրիշ որեւէ տվյալ մեզ որոշում կայացնելու համար անհրաժեշտ չէ:
- Մեզ բողոք ներկայացրած քաղաքացու ավտոմեքենան, որի նկարը պատկերված է Ձեր մոնիտորին (այդ պահին նայում էինք տվյալ գործի նյութերը), տուգանվել է թույլատրված առավելագույն շեմը` 1 կմ/ժ-ով խախտելու համար: Նրա արագությունը արագաչափը ֆիքսել է 81 կմ/ժ: Սակայն տվյալ անձնավորությունը ինչպե±ս կարող է միայն այդ նկարը նայելով` համոզվել, որ իրականում 81 կմ/ժ է եւ ոչ թե, ասենք` 79:
- Իհարկե, միայն նկարով չէ, լրացուցիչ որոշակի տվյալներ կան, որոնք հիմք են հանդիսանում համոզվելու համար, թե արդյո±ք տվյալ ավտոմեքենայի վերաբերյալ է ստացված նյութը, թե± հնարավոր է, որ մեկ այլ ավտոմեքենայի համար լինի: Կոնկրետ նկարում տեսնում ենք ժամը, երթեւեկության գոտին, եւ, որ շրջապատում այլ ավտոմեքենա չկա, որը միգուցե կփակեր կոնկրետ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը կամ միգուցե ինչ-որ կերպ կազդեր արագաչափի ցուցմունքի վրա:
- Տեսնում եմ, որ կոնկրետ դեպքում շփոթվելու ոչ մի խնդիր չկա: Բայց հարցս այս մասին էր. Դուք կամ վարորդը ելնելով միայն այս լուսանկարից, ինչքանո±վ կարող եք վստահ լինել, որ արագությունը իրականում 81 կմ/ժ է եւ ոչ թե` 79:
- Ուզում եք ասել, թե ինչքանո±վ է արագաչափը ճիշտ ֆիքսում արագությունը:
- Նաեւ այն, թե արագաչափի ֆիքսած արագությունը ինչքանո±վ է Ձեզ ճիշտ հասնում: Միգուցե համարեք ֆանտաստիկ, բայց եթե խոսքը տեխնիկական միջոցի մասին է, ապա միշտ էլ հնարավոր է դրա արձանագրած տվյալների աղավաղում, ու չբացառենք, որ հենց այդ աղավաղված տվյալն է Ձեզ ուղարկվել:
- Այդ տարբերակը իրոք ֆանտաստիկ է, եւ նման երեւույթը, որ կեղծվի կամ նենգափոխվի ցուցմունքը, բացառվում է:
- Այսպես հարցը ձեւակերպեմ, չէ± որ այդ տվյալները ֆիքսողը նախ Ձեզ պետք է ինչ-որ բան ապացուցի, որ Դուք էլ հետո քաղաքացուն ապացուցեք: Մինչդեռ այս նկարը, օրինակ, ինձ որեւէ բան չապացուցեց:
- Սա ընդամենը նկար չէ, սա արագաչափի տված, ավելի ճիշտ` ֆիքսած լուսանկարն է: Իսկ արագաչափի կողմից արագության ճիշտ կամ սխալ ֆիքսելու հարցում համոզվելու համար պետք է, որ տվյալ արագաչափը սերտիֆիկացված, չափագրված լինի Հայաստանում: Բոլոր արագաչափերն ունեն սերտիֆիկատ, պարբերաբար անցնում են պարտադիր ստուգաչափում` օրենքին համապատասխան: Քանի որ արագաչափերը տեղադրվել են ընդամենը հունվարի 16-ից, եւ տեղադրման պահից նույնիսկ 6 ամիս չի անցել, բոլոր դեպքերում, կասկած չի ներշնչում: Իսկ բոլոր այն նյութերը, որ տրամադրվում են մեզ եւ նույնիսկ մի փոքր կասկած են ներշնչում, մեր կողմից վարչական վարույթի մասին որեւէ որոշում չի կայացվում: Օրինակ, այն դեպքում, եթե, ասենք, վատ եղանակ է, եւ դրա պատճառով համարանիշի մի մասը գոնե անընթեռնելի է, կամ երկու մեքենաներ են, եւ կողքից երթեւեկող ավտոմեքենան հնարավորություն չի տալիս մյուսի պետհամարանիշը հստակ ընթերցել, եւ այլն:
- Ամեն դեպքում, խոսքը տեխնիկայի մասին է, եւ միշտ էլ կա արհեստական միջամտելու հնարավորությունը:
- Ո°չ, բոլոր դեպքերում արտաքին ուժերի միջամտությամբ արագաչափի տվյալների փոփոխությունը ես բացառում եմ հարյուր տոկոսով:
- Ինչո±ւ:-Դուք ինձ բացատրեք` ի±նչ միջոցով է հնարավոր փոխել...
- Տեխնիկա է, ծրագիր, որին միշտ էլ կարելի է միջամտել:
- Բոլոր դեպքերում, որեւէ միջոց, որով կատարվել է կամ հնարավոր է կատարել միջամտություն, ինձ հայտնի չէ:
- Ո±վ է տուգանվում: Տվյալ դեպքում մեզ դիմած քաղաքացին դժգոհում է նաեւ, որ լուսանկարն ավտոմեքենայի ետեւի մասից է:
- Իհարկե, տուգանվում են սեփականատերերը: Բայց եթե նա ուրիշին է հանձնել ավտոմեքենան, ապա կարող է մեզ տեղյակ պահել, որ տրանսպորտային միջոցը վարում է ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշը: Այդ դեպքում արդեն կտուգանվի վարորդը:
- Եթե չեմ սխալվում` տուգանքների ընդամենը 30 տոկոսն է բաժին հասնում պետությանը:
- 70 տոկոսն ընկերությանն է, 30 տոկոսն էլ փոխանցվում է ՃՈ-ին:
Չնայած այս պարզաբանումներին, հարցեր դեռ մնում են: Օրինակ, ինչքանո±վ են վստահելի արագաչափերի անցած բոլոր ստուգաչափումներն ու սերտիֆիկացումները: Բերենք այլ օրինակներ. խանութներում էլեկտրական կշեռքներն էլ են սերտիֆիկացվում, ստուգաչափվում ու նույնիսկ` կնքվում: Կամ, ասենք` բենզալցակայաններում նման պրոցեդուրաներն անցնում են վառելիք լիցքավորող սարքավորումները: Սակայն հանրահայտ փաստ է, որ այստեղ կեղծիքներն ամեն քայլափոխի են: Ուրեմն, ինչո±ւ պետք է մարդիկ հավատան արագաչափերի ստուգաչափմանը: Այս եւ նման բնույթի մի շարք այլ հարցերի շուրջ առաջիկայում մեր ուսումնասիրությունները, անշուշտ, դեռ կշարունակվեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

