ՙՙՇԱՏ-ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԲԱՎԱՐԱՐ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Արխիվ 12-16![]()
ՙՇԱՏ-ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԲԱՎԱՐԱՐ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚
Չկա որեւէ մարդ, որ այս կամ այն կերպ չառնչվի սոցիալական խնդիրներին: Իսկ, թե ինչ սոցիալական գործառույթներ է իրականացնում Երեւանի քաղաքապետարանը, փորձեցինք ճշտել քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ ՌՈՒԶԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ-Ի±նչ հարցեր է կարգավորում քաղաքապետարանի սոցիալական վարչությունը:
- Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության հիմնական գործառույթը օժանդակումն է Երեւանի քաղաքապետին` Երեւան քաղաքում պետական սոցիալական քաղաքականության իրագործման, սոցիալական ապահովության բնագավառում քաղաքապետին տրված լիազորությունների կենսագործման եւ պետության կողմից պատվիրակված լիազորություններն իրականացնելիս, որը մենք կազմակերպում ենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 12 սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, ինչպես նաեւ վարչական շրջանների սոցիալական բաժինների միջոցով: Պատվիրակված լիազորություններ ասելիս ի նկատի ունենք կարիքավոր մարդկանց հայտնաբերման, հաշվառման, սոցիալական ծառայությունների մատուցման եւ, որ կարեւորն է` պետական նպաստների նշանակման աշխատանքները: Ապրիլ ամսվա տվյալներով Երեւան քաղաքում ունենք շուրջ 20848 նպաստառու ընտանիքներ, որոնցից 1905-ին տրվել են հրատապ դրամական օգնություններ, որը նշանակվում է եռամսյա կտրվածքով, բազային նպաստի չափով: Բացի այդ նշված ամսում մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներ են ստացել շուրջ 5077 ընտանիքներ, որի իրավունքը ունեն մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձիք: Ապրիլին երեխայի ծննդյան միանվագ նպաստներ են ստացել 1007 ընտանիքներ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի եւ ՙՄարտական Խաչ՚ շքանշանով պարգեւատրվածների 47 ընտանիքների նպաստներ են հատկացվել: Նշված բոլոր նպաստների մասով Երեւան քաղաքում տվյալ ամսում փաստացի վճարվել է 669 987,0 հազ. դրամ:
Դրանից զատ, ըստ հաշվառման հերթացուցակի` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց ապրիլին փոխհատուցում է տրամադրվել դեռեւս 2006 թվականին հաշվառված 6 քաղաքացիների: Ահա այն հիմնական գործառույթները, որոնցով զբաղվում են Երեւանի ՍԾՏԲ-ները (բացի տվյալ նպաստների եւ ավանդների վճարումներից, որոնք համակարգվում եւ վերահսկվում են մեր վարչության եւ վարչական շրջանների կողմից:
Մեկ տարի առաջ մեր կողմից մշակվել եւ գործողության մեջ է դրվել ՙԵրեւան քաղաքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության հայեցակարգը՚ որը քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության հիմնական ուղղությունների, ձեւերի, նպատակների, խնդիրների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ պաշտոնական հայացքների ամբողջություն է: Մեր ամբողջ գործունեությունը նպատակաուղղված է մեր քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանը, սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը, սոցիալական լարվածության թուլացմանը եւ աղքատության աստիճանական կրճատմանը, որը իրականացվում է ինչպես ՀՀ պետական բյուջեի, այնպես էլ Երեւան քաղաքի բյուջեի համապատասխան հատկացումների հաշվին:
- Կոնկրետ ի±նչ սոցիալական հատկացումներ եք անում սոցիալապես անապահով խավին Երեւանի բյուջեի հաշվին:
- Աջակցություն ենք ցուցաբերում բազմազավակ կարիքավոր մայրերին, ծնողազուրկ ընտանիքներին, զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, հաշմանդամներին, Հայրենական պատերազմի վետերաններին: Տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ միանվագ նպաստներ ենք հատկացնում 100 եւ ավելի տարիք ունեցող տարեցներին, Եղեռնը վերապրածներին, Հայրենականի վետերաններին եւ այլն: Գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամների, այլ կարիքավոր ընտանիքների համար, որը նույնպես ֆինանսական արժեք ունի: Աջակցում եւ համագործակցում ենք նաեւ մեր գործընկեր` սոցիալական խնդիրներ իրականացնող այն լուրջ հասարակական կառույցներին, որոնց հետ համատեղ սոցիալական խնդիրներ ենք լուծում մայրաքաղաքում:
- Վերջին շրջանում ձեր վարչությունը ի±նչ կարեւոր սոցիալական խնդիր է իրագործել:
- Դա անտուն եւ անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագիրն է: Երեւանի քաղաքապետի տեսանկյունից բնակչության սոցիալական խնդիրների հանդեպ հոգածությունը դա անվերապահ առաջնահերթություն է:
Վերջին տարիներին կառավարության համապատասխան որոշմամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թիվ 1 տուն-ինտերնատին կից ստեղծվեց անօթեւանների ժամանակավոր կացարան, որտեղ, ցավոք, տեղեր չլինելու պատճառով ո°չ նախարարությունը, ո°չ քաղաքապետարանը հնարավորություն չունեին փողոցում հայտնված անօթեւաններին որեւէ տեղ տեղավորելու: Խնդիրը բաց էր մնում, իսկ փողոցներում, կանգառներում, շքամուտքերում շարունակում էին գիշերել անօթեւան մարդիկ: Եվ այսօրվա դրությամբ, մենք հավաքել ենք շուրջ 81 անօթեւան մարդկանց, կացարան տրամադրել հայ-դանիական ՙՀանս Քրիստիան Կոֆոեդ՚ հիմնադրամին պատկանող շենքում, որտեղ կնքված պայմանագրի հիման վրա, քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացնում ենք անօթեւանների շուրջօրյա խնամքն ու սպասարկումը, իրականացնում լուրջ սոցիալական աշխատանք` նրանց կյանքին ինտեգրելու համար: Արդյունքում նրանցից 6-ին տեղավորել ենք աշխատանքի, վերադարձրել ինքնուրույն կյանքի, 10-ին` վերադարձրել ընտանիք, վերականգնել մի մասի անձնագրերը, 3-ին տեղավորել ծերանոցում եւ այսպես շարունակ…
- Իսկ այսօր անօթեւանների հավաքագրումը շարունակվո±ւմ է:
- Այդ աշխատանքները շարունակվում են:
- ՙԿոֆոեդում՚ անվճար դասընթացներ են իրականացվում, արդյոք անօթեւանները օգտվո±ւմ են այդ ամենից:
- Իհարկե, եթե ցանկանում են մենք իրենց վերամասնագիտացնում ենք:
- Այսօր, ըստ Ձեզ, ո±ր սոցիալական խմբերի համար տարվող աշխատանքներում ավելի շատ բացեր են նկատվում:
- Թե° պետական, թե° քաղաքային ծրագրերով հսկայական աշխատանքներ են կատարվում ոլորտում, բայց դեռեւս շատ-շատ անելիքներ կան սոցիալական ոլորտը բավարար գնահատելու համար: Սակայն գերխնդիրը դա զբաղվածության խնդիրն է, որը, իմ համոզմամբ, աղքատության հաղթահարման ամենազորեղ եւ ազդեցիկ գործիքն է: Բացեր ունենք նաեւ հաշմանդամների տրասնպորտային մատչելիության առումով, սակայն 2012թ. այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ կիրականացվեն, որը Ձեզ կներկայացնենք 2012թ. ավարտին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ՙԻ՚- ՙՄեր ամբողջ գործունեությունը նպատակաուղղված է մեր քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանը, սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը, սոցիալական լարվածության թուլացմանը եւ աղքատության աստիճանական կրճատմանը՚,- հպարտորեն ասում է քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը: Այստեղ, թերեւս, ստիպված ենք հիշեցնել միայն մեկ փաստ. օրինակ` վերջին համապետական ընտրությունների ժամանակ, մասնավորապես` Երեւանի բնակչության հետ կապված ինչքա±ն սոցիալական բնույթի դժգոհություններ եղան: Բնականաբար դժվար է կոնկրետ թիվ ասել. շատ-շատ: Միայ դա բավական չէ± մտածելու համար, որ այս համակարգն իր առջեւ դրված խնդիրները, մեղմ ասած, լավ չի կատարում: Հա, կասեն պետական միջոցները քիչ են: Այդ դեպքում արդյոք եղած քիչը ինչքանո±վ է նպատակային ծախսվում: Քանի± տարբեր սոցիալական ծրագրերի հետ կապված է, ասենք Վերահսկիչ պալատը աղաղակող թերություններ գտել: Պետության հետ համագործակցող քանի± հ/կ-ների միակ մտահոգությունն է սոցիալական օժանդակության անվան տակ գրանտները լափելը: Էլի դժվարանում ենք անգամ մոտավոր թվեր ասել: Մի խոսքով այն, որ վիճակը խայտառակ է, դժվար թե մեկը ժխտի... Իսկ ավելի կոնկրետ եւ դեպի ամենազոր կոռուպցիան տանող հետքեր ունեցող փաստերի մասին մենք կխոսենք առաջիկայում:

