Որոշ մասնագետների կարծիքով Սայաթ-Նովայի 300-ամյակը լրանում է այս տարի, իսկ ոմանք էլ համոզված են, որ այն պետք է լրանա 2022 թվականին:
ՀՀ ժողովրդական արտիստ, ՙՍայաթ-Նովա՚ մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ վստահ է, որ բանաստեղծի 300-ամյակը լրանում է հենց այս տարի: Արդեն մի քանի տարի է, ինչ մեծ շուքով ու տոնախմբությամբ նշվում է մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը: ՙՀիշում եմ, որ 1962 թվականին մեծ շուքով նշեցինք Սայաթ-Նովայի 250-ամյակը: Այս տարի լրանում է 300-ամյակը, որը կնշվի հենց այս կիրակի օրը՚,- մամուլի ասուլիսում հիշեցրեց պրոֆեսորը: Ապա հայտարարեց, որ կազմակերպվելու է քայլարշավ Չարենց փողոցից մինչեւ Սայաթ-Նովայի հուշարձան, որին մասնակցելու են դպրոցականներ, տարբեր մտավորականներ, ինչպես նաեւ երգի-պարի ազգային անսամբլներ. ՙԵրթի մասնակիցները հագնելու են ազգային տարազ: Շատ գեղեցիկ միջոցառում է լինելու: Բանաստեղծի հուշարձանի մոտ կշարունակվի միջոցառումը երգ ու տաղով՚: Դրան հաջորդող կիրակի օրը տոնախմբությունը կշարունակվի Վրաստանում. ՙԿայցելենք մայրաքաղաք Թբիլիսի, որտեղեւ գտնվում է բանաստեղծի շիրիմը: Այնտեղ եւս տոն է կազմակերպվելու՚: