ՆՈՐՎԵԳԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16![]()
ՆՈՐՎԵԳԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն երկրորդ տարին է, նորվեգացի սահմանապահ ՖՐՈԴ ԲԵՐԳԸ ապրիլի 24-ին պարտադիր բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իր հարգանքի տուրքը մատուցում մեկուկես միլիոն ցեղասպանված հայերին: Չնայած իր հարազատ Նորվեգիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ընդունում է եւ համոզված է, որ մի օր դա իրականություն կդառնա: Այնուամենայնիվ, նա ամբողջովին հետաքրքրված է Հայաստանով եւ հայկական հարուստ պատմությամբ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում սահմանապահն անկեղծացավ, որ արդեն երրորդ անգամ եկել է Հայաստան, եւ իրեն շատ է հետաքրքրում հայկական մշակույթը:-Առաջին անգամ շատ պատահական ինձ հրավիրեցին Հայաստան Դանիայից: Ես ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, ծանոթ չէի հայ ազգի հետ: Երբ օդանավակայանում էի, հասկացա, որ այստեղ էլ Նորվեգիայի մասին այդքան տեղյակ չեն: Մաքսատան աշխատողը նայեց իմ անձնագիրը եւ ասաց. ՙՆորվեգիայի±ց, համեցե°ք Հայաստան՚: Երբ իրեն հարցրեցի, թե` ինչ-որ բան գիտե±ք Նորվեգիայից, ասաց. ՙԱլեքսանդր Ռիբակ՚` ՙԵվրատեսիլում՚ հաղթած երգչի անունը: Պիտի ասեմ, որ Հայաստանը շատ հարուստ պատմություն ունի, եւ շատ բան կա նորվեգացիներին պատմելու Հայաստանի մասին: Օրինակ, Ֆրիտիոֆ Նանսենը, ով հերոս է Նորվեգիայում, սկսած դպրոցից ու ինստիտուտից` շատ բան ենք սովորել նրանից, բայց ոչինչ չենք լսել Հայաստանի մասին: Գուցե ընդհանուր Սովետական Միության մասին լսել ենք, բայց ոչ Հայաստանի: Նորվեգացի պատմաբաններին շատ բան կա պատմելու Հայաստանից, եւ այնտեղ իրենք շատ գործ ունեն անելու: Երբ զանգահարեցի իմ ընկերներից մեկին` Նորվեգիա, նա ուղղակի զարմացավ, որ Հայաստանում եմ, Հայաստանի պատմությունն եմ ուսումնասիրում: Ընդհանուր լսել են Հայաստանի մասին, բայց Հայաստանի պատմության մասին ընդհանրապես ոչինչ չգիտեն: Առաջին անգամ այցելությանս ժամանակ ահագին ճանապարհորդել եմ Հայաստանով: Այդ ժամանակ բավականին ճանաչեցի Հայաստանը: Նույնիսկ եղել եմ հարավային սահմանում, անցել ենք Վրաստանը, եղել Ստեփանակերտում: Եղա մի փոքրիկ գյուղումª Մեղրաշատում: Ինձ համար դա շատ հուզիչ էր, բայց ասեմ, որ շատ շոգ է այդ եղանակն ինձ համար: Այնտեղ առավոտ շուտ ուտում էինք մեղր, խմում կոնյակ եւ ուտում մածուն: Մինչ Հայաստան գալս ունեցել եմ մի ֆեսյբուքյան ընկերուհի, ով ինձ պատմեց Հայաստանի մասին: Նրանից իմացա, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, եւ առաջին ճանապարհորդությունից հետո ինքս ինձ ասացի, որ անպայման վերադառնալու եմ: Գնալով ավելի շատ ընկերներ եմ ձեռք բերում Հայաստանում եւ նույնիսկ կարող եմ իրենց հետ քննարկումներից շատ բան սովորել: Առաջին անգամ այցելելուց հետո սկսեցի ձեռք բերել Հայաստանի մասին գրքեր, որպեսզի ավելի շատ ուսումնասիրեմ պատմությունը: Իսկ անցյալ տարի, երբ մենակ եկա, պարզապես ճանապարհորդում էի:
- Այս անգամ ի±նչը բերեց Հայաստան:
- Անցյալ տարի այցելեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ինքս ինձ խոստացա, որ հաջորդ տարի այս օրերին պետք է անպայման ներկա լինեմ: Քանի որ ես սահմանապահ եմ, դեռ չեմ կարող այս թեմայով իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտել: Մեր երկիրը Ցեղասպանությունը պաշտոնապես դեռ չի ճանաչել եւ այն համարում է պարզապես մեծ աղետ, դեռ չեն արտաբերում այն բառը, որը կբնութագրի այն: Հաջորդ տարվանից, իհարկե, ես անցնելու եմ թոշակի եւ արդեն ազատ կարող եմ ասել դա: Բայց խնդիր չէ, որ ես դա համարեմ աղետ եւ այցելեմ Ծիծեռնակաբերդ:
- Նորվեգիան աշխարհի զարգացած երկրներից է, ո±րն է գաղտնիքը:
- Դժվարանում եմ պատասխանել: Նորվեգիան շատ խաղաղ երկիր է: Ծնվել եմ հարավային մասում, բայց ապրել եմ հյուսիսային հատվածում` սահմանի մոտ: Խորհրդային Միության փլուզումից հետո Նորվեգիան եւ Ռուսաստանը սկսեցին համագործակցել, եւ այդ ամենը, իհարկե, սկսվում է մշակույթից: Մարդիկ են սկսում համագործակցել, շատ ռուս կանայք են գալիս աշխատելու Նորվեգիայում:
- Ի±նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:
- Հենց անցնեմ թոշակի, պատրաստվում եմ արդեն գիրք գրել Հայաստանի մասին եւ Նորվեգիայում պատմել Հայաստանի մասին: Այդ ժամանակ գուցե անդրադառնամ Ձեր նախորդ հարցին: Հուսամ, որ մի օր կլուծվի հայ-թուրքական սահմանի հարցը, եւ կսկսեք ազատ ճանապարհորդել: Կարծում եմ, Հայաստանի համար կարեւոր է ունենալ բաց սահման: Շատ եմ սիրում Հայաստանը, մարդկանց, առավելեւս, որ նրանք բարեհամբույր են: Մենք` նորվեգացիներս, պահպանողական եւ ավանդական ազգ ենք: Նորվեգիայի մշակույթը եւ Նորվեգիան շատ լավն են: Իհարկե, գիտենք, որ մեր շուրջը կան նաեւ շատ այլ մշակույթներ: Պահպանողականության պատճառով չենք թողնում, որ ուրիշ մշակույթ մտնի երկիր: Բայց հուսամ, որ հաջորդ տարի կհաջողվի եւ Դանիել Դեքերին կարող ենք տանել, որպեսզի իր ՙԱդանա՚ երգով հանդես գա Նորվեգիայում:
Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

