Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստանջյանի անվան միջն. դպրոցում հիշատակման եւ խնկարկման օր էր:
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մարզային կառույցի ղեկավարներ, երկրապահներ, մանկավարժներ եւ համագյուղացիներ: Դպրոցի տնօրեն Ռ. Թադեվոսյանը եւ փոխտնօրեն Ա. Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրին Արմեն Շահգելդյանի անցած կարճատեւ, բայց հերոսական ուղին: Լեփ-լեցուն էր դահլիճը, հուզիչ էր պահը, որն անջնջելի հետք թողեց հյուրերի հիշողության մեջ: Միրիկ եւ Մանիկ Շահգելդյաների պանծալի զավակ Արմեն Շահգելդյանին նվիրված հուշ-երեկոն վերածվեց ռազմահայրենասիրական դասի: Արմենի եւ մյուս նահատակ զիւնվորների հոգին թեւածում էր դահլիճում` բոլորին ոգեշնչելով ու ոգեկոչելով հայրենիքի մի բուռ հողը ամուր պահելու եւ արյամբ գնված հողը ոչ մեկին չտալու գաղափարով: Վկան այն ուռենու ճյուղն է, որ նա տնկել էր զորակոչվելուց առաջ, եւ այդ շիվերն այսօր ճյուղեր են տվել: Հուզիչ պահ էր, երբ Արմենի քրոջ դուստր Էլմիրան եւ փոքրիկ Արմենը, որը կրում է քեռու անունը, երդում տվեցին, որ բարձր են պահելու քեռու հիշատակը, որ լինելու են Հայաստան աշխարհի նվիրյալ զավակները դահլիճում ելեւեջող հնչյունների ներքո ցնծում էր Արցախ աշխարհն իր լավ ու վատ օրերով... Միջոցառման ավարտին Էդիկ Բարսեղյանն ասաց, ՙԱրմենն իմ երիտասարդ մարտական ընկերն է, հայրենիքի խիզախ զավակը...՚: Նա ավելացրեց ՙոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել...՚: Այս սրտամորմոք րոպեները մեզ պատմեց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի եւ Արմենի համադասարանցի Հասմիկ Խաչատրյանը: Ուսուցչուհուն հաջողվեց հանդիսատեսին տեղափոխել մի աշխարհ, որտեղ եւ որի համար պայքրել է Ա. Շահգելդյանը: Նրա կատարած աշխատանքը գնահատվեց հանդիսատեսի կողմից: Միջոցառումը գեղեցիկ էր աշակերտների սրտառուջ խոսքերով եւ հայրենասիրական երգերով: Անչափ հուզված էին մասնակիցները, իսկ արցունքներն արդեն հոսում էին, որ թեման նրանց համար շատ հոգեհարազատ էր ու սիրելի: