ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԽՍՀՄ
Արխիվ 12-16![]()
Մեր վերջին համարներից մեկում առիթ ունեցել էինք անդրադառնալ ՌԴ արտաքին քաղաքականության մասին պաշտոնական նոր դոկտրինին, որը ՌԴ նախագահի կողմից հաստատվել էր Վլադիմիր Պուտինի կողմից այդ պաշտոնը ստանձնելու բառացիորեն հաջորդ օրը: Փաստաթղթում ՌԴ-ի արտաքին քաղաքականության ամենանախապատվելի, առանցքային ուղղությունը համարվում է ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի կապերը, ընդ որում, նախատեսում է այդ հարաբերությունների առավելագույնս խորացում:
Դա, ինչ խոսք, խոսում է այն մասին, որ սկսելով իր նախագահական երրորդ ժամանակաշրջանը, Վ. Պուտինն իր առաջին քայլերն ուղղում է հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հնարավորինս բարձրացմանը` առավելագույն նպատակ ունենալով այն հասցնել խորհրդային ժամանակների մակարդակին: Եվ այս տեսանկյունից պատահական չէր, որ նոր նախագահական ժամկետում իր առաջին միջպետական միջոցառումը եւս Վ. Պուտինն անցկացրեց հենց այս ուղղությամբ: Խոսքը, հասկանալի է, մայիսի 15-ին Մոսկվայում կայացած` ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական եւ դրան հաջորդած` ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովների մասին է:
ԲԱՐԻԿԱԴԻ ՆՈՒՅՆ ԿՈՂՄՈՒՄ
Հիշատակված երկու միջոցառումն էլ մի տեսակ լայնորեն չլուսաբանվեց: Եղած սակավ տեղեկատվությունն էլ, հիմնականում, վերաբերում էր դրանց տեղի ունենալու մասին բուն փաստին, ինչպես նաեւ` Վ. Պուտինի ելույթին: Սակայն այդ քիչ տեղեկատվության մեջ անգամ եղան պահեր, որոնք որոշակի ուշագրավ հետեւությունների հանգելու համար հիմք են հանդիսանում: Օրինակ, ԱՊՀ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստին ՌԴ նախագահը նախ հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից երկու տասնամյակ անց էլ դրա նախկին հանրապետությունների միջեւ պահպանվում են տնտեսական, միջտարածաշրջանային եւ մշակութային սերտ կապեր, որից հետո էլ ընդգծեց մեկ միտք. ՙՀամագործակցության անդամ երկրները չեն կարող արդյունավետ զարգանալ եւ գործել միմյանցից անկախ՚: Այսինքն` ՌԴ նախագահը, ըստ էության, տանում է այն բանին, թե` միեւնույն է, եթե ցանկանում եք զարգանալ, ապա պետք է համախմբվել: Ընդ որում, Վ. Պուտինի խոսքից միանշանակ էր, որ այդ համագործակցությունը Ռուսաստանը տեսնում է հենց այն հիմնական նախագծերում, որոնք արդեն իսկ սկիզբ է դրել Բելառուսի եւ Ղազախստանի հետ. Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական համագործակցություն եւ, ի վերջո, Եվրասիական միություն: Այսինքն` տպավորություն է առաջանում, որ ԱՊՀ այս գագաթաժողովի հիմնական նպատակը հենց դա էր` ԱՊՀ երկրներին նոր նախագահի անունից գուցեեւ մի վերջին անգամ պաշտոնապես ներկայացնել, թե այս կառույցի ապագայի հետ կապված ինչ պատկերացումներ ունի ՌԴ-ն: Եվ դրանից հետո արդեն նիստին մասնակից մյուս 10 պետությունները, որ պետք է հստակ պատասխանեն, թե ինչ են մտածում այդ առաջարկի հետ կապված, ու այդ պատասխանից կախված էլ կորոշվի այն քաղաքականությունը, որ ՌԴ-ն կվարի այդ երկրներից յուրաքանչյուրի հետ:
Բացի այդ, այն, որ ԱՊՀ ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, առաջին հայացքից մի տեսակ անտրամաբանական էր` այն առումով, որ, ի վերջո, նրանք բոլորն էլ մասնակցում էին նախորդ նիստին: Սակայն այս երկրորդ նիստը մեկ ուշագրավ նշանակություն ունի. սրանով, փաստորեն, առանձնացվում է ԱՊՀ կազմի այն պետությունների խումբը, որոնց հետ հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են գտնվում, քան մյուսների: Չնայած, այստեղ էլ դեռ որոշակի նյուանսներ կան:
Նախ նկատենք, որ մինչ ընդլայնված կազմով քննարկումներին հասնելը, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նախ, այսպես ասած, նեղ կազմով զրուցեցին: Եվ ահա հենց այդ զրույցի հետ կապված էլ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը տվեց մի նման մեկնաբանություն` անդրադարձ է կատարվել միջազգային առավել հրատապ խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խնդիրներին, ինչպիսիք են. ՙԱֆղանստանից բխող մարտահրավերները, ինչպես նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես` Սիրիայում, ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ՚: Խոսքը աշխարհաքաղաքական ներկայիս ամենասուր խնդիրներից մի քանիսի մասին է, որոնց շուրջ ակնհայտորեն բախվում են մի շարք գլոբալ շահեր, այդ թվում` ռուս-ամերիկյան: Եվ այստեղ ուշագրավը ՌԴ նախագահի փոխանցած հետեւյալ միտքն է. ՙՅուրաքանչյուր կողմ ներկայացրել է իրավիճակի իր վերլուծությունը, մոտեցումները, եւ դրանք հիմնականում շատ մոտ են եղել՚: Այդ միտքը կարելի է մեկնաբանել եւ այսպես, որ հիշատակված գլոբալ խնդիրների հետ կապված ներկայացված մոտեցումները ՙշատ մոտ են եղել՚ ՌԴ տեսակետին: Այսինքն, որ այդ բոլոր խնդիրների հետ կապված էլ մասնակից երկրներն իրենց տեսնում են բարիկադների նույն կողմում, որտեղ Ռուսաստանն է: Բնականաբար, այստեղ խոսքը նաեւ Հայաստանի մասին է` որպես ՀԱՊԿ անդամ երկիր:
ԴԵՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Այն, որ ինչպես անցած ԱԺ ընտրությունները տալու էին այն հարցի պատասխանը, թե աշխարհաքաղաքական առումով ո±ւր է գնում Հայաստանը, նորություն չէ: Եվ ահա մոսկովյան այս գագաթաժողովներն էլ գալիս են հիմնավորելու, որ Ռուսաստանը մնում է մեր երկրի գլխավոր աշխարհաքաղաքական գործընկերը: Ի դեպ, այս մասին են վկայում նաեւ մոսկովյան այս հանդիպումներին զուգահեռ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՙՎեդոմոստի՚ թերթին տված հարցազրույցում ներկայացված որոշ մտքեր: Նկատենք, որ խոսքը այն լրատվամիջոցի մասին է, որտեղ մինչ նախագահական ընտրությունները նաեւ Վ. Պուտինն է անձամբ ներկայացրել իր դիրքորոշումը` կապված ՌԴ արտաքին քաղաքականության հեռանկարների եւ, մասնավորապես, ՙԵվրասիական միության՚ ձեւավորման ծրագրերի հետ: Իսկ դա նշանակում է, որ Տ. Սարգսյանի այդ հարցազրույցի հասցեատերերից մեկն էլ Կրեմլն էր:
Մի խոսքով, թեեւ ընդհանուր առմամբ Հայաստանի վարչապետն այդ հարցազրույցում հեռանկարում տեսնում է Հայաստանի եւ Եվրամիության հետ հարաբերությունների բարելավումը` մասնավորապես, ՙԽորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի՚ հիման վրա, այնուամենայնիվ միաժամանակ էլ ընդգծում է, թե դա զուգահեռ է նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրման գործընթացներին, եւ որ դրանք իրար ոչ մի կերպ չեն հակասում: Ավելին, ընդհանուր տպավորությունն այն է, որ ավելի նախապատվելի են համարվում հենց այդ ինտեգրացիոն գործընթացները: Համենայնդեպս, Տ. Սարգսյանը ներկայացնում է կարծիք, թե Հայաստանն ԱՊՀ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տնտեսական կապերի խորացման ակտիվ կողմնակիցն է: Ավելին. եթե նախկինում պարոն Սարգսյանն այն կարծիքն էր առաջ տանում, թե ընդհանուր սահմանների բացակայության պատճառով նպատակահարմար չէ ներառվել Մաքսային միության կազմում, ապա այսօր, խոսելով նման աշխարհաքաղաքական աննպատակահարմարությունից, նա, այնուամենայնիվ, խնդրի լուծման ելքեր է մատնանշում. ՙՉկան ընդհանուր սահմաններ ոչ Ռուսաստանի, ոչ Ղազախստանի, ոչ էլ Բելառուսի հետ: Սակայն այս հարթակում կան փոխշահավետ համագործակցության այլ ձեւեր: Ինտեգրման համար անհրաժեշտ են խթաններ, կա, այսպես ասած` ՙհեռավոր տարածքների՚ փորձը, որի համաձայն` վերջիններս համագործակցում են միության շրջանակներում առավել մեղմ պայմաններով, ստանում են որոշակի սուբսիդիաներ: Մենք առաջարկել ենք Հայաստան-Մաքսային միություն համագործակցության հատուկ ձեւ: Հարցն այժմ գտնվում է բանակցությունների ակտիվ փուլում՚:
Ստացվում է, որ Հայաստանը նաեւ վարչապետի մակարդակով է խոսում, թե մեր երկիրը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը: Ճիշտ է, մի փոքր այլ ձեւաչափով, սակայն սա արդեն հարցի տեխնիկական կողմն է: Իսկ Մաքսային միությունից մինչեւ Եվրասիական միություն, արդեն կես քայլ է:
Նկատենք նաեւ, որ գրեթե միաժամանակ էլ մեր երկրում հաստատուն դարձավ այն տեսակետը, թե Տ. Սարգսյանը շարունակելու է ղեկավարել Հայաստանի կառավարությունը:
Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի` դեպի Ռուսաստան ուղղվածության ամրապնդման մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ երկրների նիստի ժամանակ նաեւ վերջնական հավանություն ստացավ այս տարվա սեպտեմբերին մեր երկրում նախատեսված ՀԱՊԿ-ի զորավարժությունների նախագիծը: Զորավարժություններ, որը կառույցի պատմության մեջ աննախադեպ է համարվում, եւ որի ընթացքում պետք է մշակվեն այն սցենարները, որոնցով կարող են առաջնորդվել ՀԱՊԿ զինված ստորաբաժանումները, եթե Մերձավոր Արեւելքի իրադարձությունները զարգանան պատերազմական ուղղությամբ: Իսկ նման զարգացումների հավանականություն դեռ շատ մեծ է, թեեւ ներկայումս Իրանի եւ Սիրիայի շուրջ իրավիճակը մի տեսակ համեմատաբար հանդարտ է թվում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

