ԱՄԵՆԱԼԱՎՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՆԱՐԵԿԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Արխիվ 12-16![]()
Ինչպես ներկայացրել էինք, մեր երկրի ներկայացուցիչն առաջին անգամ մասնակցեց Վիեննայում կայացած ՙՊատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012՚-ին: Այն առաջին անգամ անցկացվել է 1982 թվականին` Մեծ Բրիտանիայում: Հաղթողին որոշեց 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Մեր երկիրը մրցույթում ներկայացնող 15-ամյա վանաձորցի քանոնահար ՆԱՐԵԿ ԿԱԶԱԶՅԱՆԸ, եզրափակչում ներկայացնելով Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը, զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը: Մրցույթին մասնակցել էր 14 երկիր, որոնցից եզրափակիչ էին անցել Հայաստանը, Բելառուսը, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Նորվեգիան եւ Լեհաստանը: Առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը` Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը` հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին:
նչպես ներկայացրել էր հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, երեք տեղերն էլ մրցանակային էին, եւ Նարեկ Կազազյանին տվեցին Վիեննայի միջազգային երաժշտական դպրոցում master class-ի հնարավորություն` քանոնի որեւէ լավ մասնագետի մոտ: Նա ստացել է նաեւ ժյուրիի անդամներից մեկի նվագախմբի հետ նվագելու հնարավորություն (նա նաեւ հայտնի խմբավար է), ինչպես նաեւ 2000 եվրոյի չափով մրցանակ:
Նշենք, որ Նարեկ Կազազյանը 2009 թվականին Կրեմլում Հայաստանը ներկայացրել է ՙԾագող աստղեր՚ փառատոնին եւ դիպլոմ ստացել ՌԴ Առաջին տիկնոջ կողմից: 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է ՙՊատանի վիրտուոզ՚ հատուկ մրցանակին, երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:
Ինչպես երեկվա ՙԻրավունքում՚ էինք խոստացել, ներկայացնում ենք մեր հարցազրույցը Նարեկի մայրիկի` ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆԻ հետ: Նա աշխատում է մանկապարտեզում, ունի երկու որդի, որոնցից ավագը սովորում է ինստիտուտում եւ միաժամանակ ֆուտբոլիստ է:
Ամուսինն արհեստավոր է` կոշկակար, այս պահին աշխատանք չունի: Ու նաեւ երաժշտական կրթություն ունի: Նարեկի պապիկը խմբավար է. ժողգործիքների խումբ է ղեկավարել, նաեւ վոկալիստ է, ուդ է նվագել, հորաքույրը դաշնակահարուհի է: Դե, իսկ մեր զրուցակիցը սովորել է քանոնի բաժնում:
- Երեւի հենց Դուք էլ եղել եք Նարեկին քանոն նվագել սովորեցնողը:
- Կարող է չհավատաք, բայց ես ընդհանրապես չեմ էլ ցույց տվել, թե այդ գործիքն ինչպես են նվագում, Նարեկն ինքնուրույն է նվագել սովորել: Նույնիսկ, երբ նվագել է, ես ուշադրություն չեմ դարձրել` մտածելով, որ Նարեկը, միեւնույն է, քանոն չի նվագելու, երեխա է, պարզապես հետաքրքրություն ունի քանոնի նկատմամբ: Բայց հետո, երբ տեսանք, որ իրոք շատ սիրում է այդ գործիքը եւ արդեն ինչ մտածում է, ինչ ուզում է, անմիջապես նվագում է, տարանք նաեւ քանոնի: Իսկ մինչ այդ` մեկ տարի առաջ, նա արդեն սովորում էր երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում:
- Իսկ ո±ւմ մոտ է սովորել:
- Նարեկը սովորում է Վանաձորի Միքայել Թավրիզյանի արվեստի պետական քոլեջում` Անահիտ Հովսեփյանի դասարանում: Իմիջիայլոց ասեմ, որ կան մարդիկ, ավելի կոնկրետ` Հասմիկ Լեյլոյանը, ով անընդհատ ամեն տեղ ասում է, որ Նարեկի ուսուցչուհին նաեւ ինքն է: Ուզում եմ իմանաք, որ ինքն ընդհանրապես Նարեկի հետ ոչ մի կապ չունի, Նարեկի միակ ուսուցչուհին Անահիտ Հովսեփյանն է: Միայն Ծովինար Հովհաննիսյանը ՙԵվրատեսիլ՚ գնալուց առաջ` մոտավորապես մի տասը օր, իմպրովիզացիաներ, մշակումներ է կատարել այն ստեղծագործությունների մեջ, որոնք Նարեկը ներկայացրեց ՙԵվրատեսիլում՚: Եվ մենք անչափ երախտապարտ ենք Ծովինար Հովհաննիսյանին:
- Մրցույթից հետո Նարեկին համագործակցության առաջարկներ եղե±լ են:
- Այո°, Նարեկն արդեն հրավեր է ստացել մրցատյանի (ժյուրի) կազմում Լեհաստանի ներկայացուցչից, ով նաեւ խմբավար է: Նարեկը պիտի Լեհաստանում համերգների մասնակցի Լեհաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Արդեն երկրորդ անգամ Լոնդոն է գնալու համերգների, ԱՄՆ-ից հրավեր ունի, ուրիշ ծրագրեր էլ կան...
- Շատերն են ասում, որ Նարեկը կարող էր նաեւ առաջին տեղը զբաղեցնել: Իսկ նորվեգացին առանձնապես ոչնչով աչքի չընկավ:
- Եթե Դուք տեսել եք Նարեկի ելույթը, համոզված կլինեք, որ կարեւորը մրցանակային տեղերը չէին, ամենալավն ընդունվեց Նարեկի կատարումը: Միայն տեսնել էր պետք ժողովրդի, մրցատյանի եւ սիմֆոնիկ նվագախմբի ընդունելությունը. դա բառերով հնարավոր չէ արտահայտել: Նշեմ նաեւ մի փաստ: Մասնակիցներից յուրաքանչյուրն ամեն փորձի ժամանակ 5-6 անգամ փորձել է սիմֆոնիկի հետ, որ ստացվի: Իսկ Նարեկի երեք փորձին էլ մեկ անգամով վերջացրել են, որովհետեւ ամեն ինչ տեղում է եղել, Նարեկը կամերային նվագախմբի հետ էլ է նվագել, Սպիվակովի նվագախմբի հետ էլ, եւ նրա համար դա նորություն չէր:
- Իսկ նման երաժշտական լսողությամբ Նարեկը ո±ր տարիքից է աչքի ընկել:
- Երեքուկես տարեկանից Նարեկը երգել է, մի քանի տարի երգեց` մինչեւ հասունացման շրջանը: Նա չցանկացավ երգել, բայց չգիտեմ, թե հետո ինչ կանի: Չորս տարեկանից շատ լավ ասմունքում էր, մոտավորապես ութ տարեկանից Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում էր խաղում...
- Նարեկը շփվե±լ է Լորիս Ճգնավորյանի որդու` Էմանուելի հետ:
- Այո°, իհարկե շփվել է:
- Էմանուելը հայերեն խոսո±ւմ է:
- Այո°: Նարեկը նրան այստեղից էր ճանաչում: Նարեկը ՙՆոր անունների՚ անդամ է, Ճգնավորյանը նույնպես այդ խմբում նվագում էր, եւ միասին համերգների են եղել:
- Ինչպե±ս դիմավորեցին:
- Մարզպետարանը շատ գեղեցիկ էր կազմակերպել ամեն ինչ, զուռնա-դհոլով դիմավորեցին օդանավակայանում... Շատ շնորհակալ ենք մեր մարզպետին, քաղաքապետին...
- Ասացին, որ երկու հազար եվրոյի մրցանակ է ստանալու, ծրագրե±լ եք, թե ինչ նպատակով եք այն ծախսելու:
- Այդ մրցանակը դեռեւս մեզ չեն տվել, ասել էին` մեկ ամսվա ընթացքում բանկային հաշվով կուղարկեն, չգիտեմ` ում պիտի ուղարկեն: Ծախսելու նպատակներ շատ կան: Երբ որ տեղ հասնի, կորոշենք` ինչպես անենք, որ Նարեկի համար լավ լինի:
Զրույցը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

