Մայիսի 1-ին` Սոչիում արյունալի բախում էր տեղի ունեցել հայերի ու դաղստանցիների միջեւ:
Բազմամարդ կռվի ընթացքում դանակահարվել ու մահացել էր քաղաքում հայտնի արեւելյան մարտաձեւի վարպետ 24-ամյա Յուրի Գարանյանը: Կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ մի խումբ դաղստանցի երիտասարդներ փողոցում վիրավորել էին Գարանյանի ընկերոջ կնոջը: Սոչիի ոստիկանները հարցաքննել էին կռվին մասնակից հայերին եւ տեղեկացել, որ քաղաքի մթնոլորտը հետեւողականորեն շիկացնում են դաղստանցիները` հայերին նսեմացնելու առիթը բաց չթողնելով: Պայթյունավտանգ իրավիճակը առիթ դարձավ` երկու ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ ՙկլոր սեղան՚ հրավիրելու մասին որոշում կայացնելուն:
ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նորվեգական ՙՍտաբեկ՚ ակումբի պաշտպան Թոր Մարիուս Գրոմստադը մահացել էր խորհրդավոր պայմաններում: Մայիսի 14-ին 22-ամյա ֆուտբոլիստի մարմինը գտել էին շինարարական տեղամասում: Ըստ փորձագետների` Գրոմստադը մահացել է բարձրությունից ընկնելու արդյունքում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մայիսի 12-ին երիտասարդ ֆուտբոլիստն անհայտ կորել էր:
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՔԱՐԵՐԻ ՏԱԿ
Մայիս 15-ին Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելիի շրջանում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության ժամանակ հողի սողանքի հետեւանքով պատ է փլուզվել: Դժբախտ պատահարը խլել էր 4 բանվորի կյանք եւ մարմնական վնասվածքներ պատճառել մեկին: