ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՐԻՔ ԿԱ ԿՆՔԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Արխիվ 12-16![]()
ԿՆՔԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
1918թ. մայիսի 28-ին Հայաստանն առաջին անգամ հռչակվեց որպես հանրապետություն: Այն երկար չգոյատեւեց, սակայն այդ երկուսուկես տարիներին եղան այնպիսի գլոբալ իրադարձություններ, կնքվեցին միջպետական պայմանագրեր, որոնցից շատերի իրավական ազդեցությունը տեսանելի է մինչ օրս: Այս թեմայի շուրջ մեր հրապարակումների շարքի առաջին հյուրն է ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, միջազգային իրավունքի մասնագետ, իրավագիտության թեկնածու ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-1918թ. ստեղծված Առաջին Հանրապետությունն իրավական առումով ի±նչ տվեց Հայաստանին ինչպես այդ ժամանակահատվածում, այնպես էլ հետագա տարիներին:
- 1918թ. անկախությունը թե° իրավական, թե° քաղաքական, թե° պատմամշակութային առումով լուրջ առաջընթաց, լուրջ նվաճում էր: 1918թ. մայիսի 28-ին մենք ոչ միայն անկախացանք, այլ նաեւ վերականգնեցինք հայկական պետականությունը: Այսինքն` այն կորուսյալ պետականությունը, որը կորցրել էինք կիլիկյան հայկական պետականության կործանումից հետո: 1918թ.-ի անկախությունը մեզ վերադարձրեց միջազգային իրավական դաշտ, մենք ստացանք միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, կարողացանք այս փոքր տարածքի վրա համախմբել Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդին եւ ստացանք պետականության բոլոր ատրիբուտները, որը մեզ թույլ տվեց մտնել միջազգային իրավական հարաբերությունների մեջ տարբեր պետությունների հետ, ստեղծել ամուր դաշնակցային կապեր, մասնավորապես` Անտանտի պետությունների հետ: Հիմք հարթեց ՀՀ-ի կողմից ծավալված միջազգային իրավական գործունեությանը, որը, ի վերջո, հանգուցալուծվեց մի շարք սկզբունքային փաստաթղթերի կնքման մեջ: 1918թ. Առաջին Հանրապետության ստեղծումն ինչ-որ տեղ նաեւ պատասխանն էր Խրիմյան Հայրիկի` դեռեւս 1878թ. Բեռլինի Կոնգրեսից հետո արտահայտած այն դիրքորոշմանը, ըստ որի` վաղ թե ուշ, մենք պետք է ունենանք ոչ միայն փաստաթղթային կամ դեկլարատիվ բնույթի հենքեր, այլ նաեւ հզորություն` hանդես գալու հավասարը հավասարի միջազգային տարբեր հարթակներում, այս կամ այն պետությունների հետ հարաբերություններում: Անկախությունը մեզ թույլ տվեց ստեղծել մեր ազգային սիմվոլիկան` դրոշը, զինանշանը, օրհներգը, որը ձեւավորեց պետական սահմանադրական կարգերի հիմքը: Ի վերջո, այսօր էլ մենք օգտագործում ենք բազում եզրույթներ, պետական սիմվոլներ, որոնք իրենց ծագումով 1918թ.-ին են ձեւավորվել:
Հայկական պետականության ձեւավորմամբ, ըստ էության, մենք կարողացանք փրկել հայ ազգի այն բեկորները, որոնք ցեղասպան թուրքից փախչելով` կարողացան ստեղծել հայկական օջախ: Եվ հետաքրքրականն այն է, որ, թեեւ, մենք 1920թ.-ին կորցրեցինք անկախությունը, բայց դրանով չդադարեց հայկական պետականության պատմությունը, այն շարունակվեց Խորհրդային Միության կազմում: Ի վերջո, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը հանդիսացավ Խորհրդային Միության կերտողներից մեկը: Հանդիսանալով Խորհրդային Միության հիմնադիր պետություն, Խորհրդային Հայաստանը ճանապարհ հարթեց հետագայում Հայաստանի լիակատար անկախությանը, որը տեղի ունեցավ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեից հետո:
- Առաջին Հանրապետության ստեղծումից մինչեւ 1923թ. կնքվեցին մի շարք պայմանագրեր, ի±նչ իրավական նշանակություն ունեցան դրանք տվյալ ժամանակահատվածում եւ ի±նչ ազդեցություն կարող են ունենալ այսօր:
- Առաջին Հանրապետությունը չնայած գոյություն ունեցավ ընդամենը 2,5 տարի, բայց ընթացքում բավականին ակտիվ միջազգային պայմանաիրավագիտական գործունեություն ծավալվեց: 2,5 տարվա ընթացքում կնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնք վերաբերում էին պատերազմի եւ խաղաղության, սահմանի անցկացման հարցերին, ինչպես նաեւ` սոցիալ-տնտեսական, տեխնիկական հարցերի կարգավորմանը, մասնավորապես` հարեւան պետությունների հետ, նախեւառաջ` Վրաստանի Հանրապետության հետո: 1917-23թթ. կնքվեցին բազում պայմանագրեր, որոնք առնչվում էին սահմանի հետ: Իսկ ընդհանուր առմամբ խոսքը Բաթումի, Բրեստ-Լիտովսկի, Լոզանի, Ալեքսանդրապոլի, Սեւրի պայմանագրերի մասին, որոնք այս կամ այն հարթության վրա կարգավորում էին հայկական պետականությունը եւ հայ ժողովրդին առնչվող հիմնահարցեր: Այս պայմանագրերին զուգահեռ` կնքվեցին նաեւ, այսպես կոչված, տեխնիկական պայմանագրեր, որոնք կարգավորում էին հարաբերությունները հարեւան պետությունների, մասնավորապես` Վրաստանի հետ, որը նույնպես նոր ձեւավորված պետություն էր եւ կարիք ուներ համագործակցելու: Անդրադառնալով վերը նշված պայմանագրի իրավական հարթությանը, պետք է նշեմ, որ 1991թ. Ձեւավորված ՀՀ-ն պայմանագրերի հարցում որդեգրեց, այսպես կոչված, տաբուլա ռասա (մաքուր թղթի կամ տախտակի) սկզբունքը, որը ենթադրում էր, որ ՀՀ-ն իրեն պարտավորված չի համարում Խորհրդային Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով եւ ինքնուրույնաբար է որոշելու իր միջազգային պարտավորությունների ծավալը: Սկսած 1991թ.-ից Հայաստանը սկսեց վերստին միանալ կամ մասնակցել այն պայմանագրերին, որոնց մասնակցում էր Խորհրդային Միությունը, այսինքն` ուղղակի իրավահաջորդություն պայմանագրերի առումով մենք չորդեգրեցինք: Եվ այսօր առանց անդրադառնալու 1917-23թթ.-ին կնքված պայմանագրերի բովանդակությանը, կարող եմ ասել, որ ժամանակակից ՀՀ սահմանադրաիրավական կանոնակարգումների շրջանակներում, ինչպես նաեւ` միջազգային իրավական տեսանկյունից չկա որեւիցե պայմանագիր ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, որն ամբողջությամբ վավեր կլիներ եւ կսահմաներ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: Քանի որ նշված բոլոր պայմանագրերն էլ կա°մ չեն վավերացվել ՀՀ-ի կողմից, կա°մ վավերացվել են Խորհրդային Հայաստանի կողմից, կա°մ էլ վավերացվել են ԽՍՀՄ իշխանությունների կողմից, եւ դրանցից որեւիցե մեկը ՀՀ-ի կողմից սահմանված ներպետական ընթացակարգի համաձայն իրավաբանական ուժ չի ստացել:
Ինչ վերաբերում է Սեւրի պայմանագրին, ապա այն դեռ շարունակում է հանդիսանալ կնքված, բայց ուժի մեջ չմտած պայմանագիր: Սեւրի պայմանագիրը արտացոլում է Հայոց ցեղասպանության հետեւանքով Հայաստանին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայկական իղձերի հանրագումարը, սակայն այն պատմական իրադարձությունների ընթացքում այդպես էլ կյանքի չկոչվեց: Իհարկե, Սեւրի պայմանագիրը դեռեւս չափազանց կարեւոր փաստաթուղթ է` փաստելու Ցեղասպանության փաստը եւ փորձելու օգտագործել այն Ցեղասպանության հետեւանքով պատճառված վնասները հատուցելու համար: Սակայն քանի որ այն չի մտել միջազգային իրավական դաշտ, դժվար է դրա մասին խոսել: Բայց նաեւ չի բացառվում հետագայում տվյալ պայմանագրում արտացոլված այս կամ այն դրույթը կյանքի կոչելը` այլ մեխանիզմների համատեքստում: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է եզրակացության գալ: Այն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարիք կա կնքելու սահմանագծման հետ կապված համապատասխան պայմանագիր, նույնիսկ այն պայամանում, եթե առկա փաստացի սահմանագիծը չփոխվի: Որովհետեւ բոլոր վկայակոչված պայմանագրերը` Սեւրի, Մոսկվայի, Կարսի եւ այլն, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ նորմեր, որոնք չեն համապատասխանում ժամանակակից միջազգային իրավունքին, չեն բխում միջազգային իրավունքի պահանջներից եւ պահանջում են համապատասխան փոփոխություններ, որպեսզի, իրոք, դառնան միջազգային իրավական վավեր փաստաթղթեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

