ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԿԱԽՎԱԾ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒՑ
Արխիվ 12-16![]()
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրերս արդեն պաշտոնապես հայտարարեց նոր Ազգային ժողովի ձեւավորման մասին: Դա, համաձայն գործող օրենսդրության, ենթադրում է նաեւ նոր կառավարության ձեւավորում, հնարավոր է` նաեւ նոր կոալիցիայի: Իսկ այդ ամենը պետք է, որ որոշակի ազդեցություն ունենա նաեւ պետության տնտեսական քաղաքականության վրա: Այդ առումով ի±նչ փոփոխություններ կարող են լինել: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ դեռ գործող ԱԺ-ի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական hանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով, ի դեպ, կլինի նոր ԱԺ-ում եւս:
կարծում եմ` կոալիցիայի հնարավոր ձեւավորումը ընթացիկ օրերին որոշվելիք խնդիր է: Ուստիեւ, քանի դեռ կոալիցիան չի կայացել, մյուս պայմանների մասին խոսելը, կարծում եմ, ժամանակավրեպ է: Որովհետեւ կոալիցիայի ստեղծման տարբեր հնարավորություններ կան: Կա, իհարկե, նաեւ այն հնարավորությունը, որ ՀՀԿ-ը միայնակ վերցնի պատասխանատվությունը: Այսինքն` այս պահին դեռ հստակ լուծում չկա, հետեւաբար էլ ժամանակավրեպ է խոսել այն բոլոր զարգացումների մասին, որոնք պայմանավորված են այդ կոալիցիայով:
- Այդ թվում նաեւ նոր կառավարության ձեւավորմա±ն:
- Իհարկե, քանի որ խորհրդարանական կոալիցիան ենթադրում է նաեւ կառավարությունում համապատասխան բաժանումներ:
- Իսկ Ձեր անձնական պատկերացումն ունե±ք: Ո±րը կհամարեք ամենահավանական սցենարը:
- Չէի ցանկանա այդ մասին դեռ խոսել, քանի որ քննարկումներ չեմ իրականացրել իմ գործընկերների հետ, չեմ լսել նրանց հակափաստարկները:
- Փորձենք այս կողմից մոտենալ: ԱԺ ընտրություններում տարբեր ուժեր բավականաչափ քննադատվեց վարվող տնտեսական քաղաքականության մի շարք դրվագներ: Ասենք` բոլորս էլ հասկանում ենք, որ որոշակի փոփոխությունների հրամայականը կա: Ըստ ձեզ` ի±նչ պետք է փոխել, ի±նչն է վատ, ի±նչը` լավ:
- Այդ խնդիրը դրված էր ՀՀԿ-ի հայտնի տնտեսական կոնֆերանսի ժամանակ: Հիշեցնեմ, որ այդ կոնֆերանսի հիմնական արդյունքը կայանում էր նրանում, որ պետք է առանձնացնել որոշ ոլորտներ, որոնք միտված պետք է լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ արտահանման խթանմանը:
- Խոսքն այն 11 ոլորտների մասի±ն է:
- Այո: Այդ խնդրի իրականացման համար մենք ունենք նաեւ նոր մոտեցումներ, նոր գործիքակազմ: Դրանցում ամենակարեւորն այն է, որ պետությունը որդեգրել է ակտիվ տնտեսության մեջ իր մասնակցությունն ապահովելու խնդիրը եւ դրվել է պետությու-մասնավոր համագործակցության սկիզբը: Ես կարծում եմ, որ մեր ճանապարհն այդ գծի արդիականացումը եւ խորացումն է, որը թույլ կտա բավականին կարճ ժամանակահատվածում ավելացնել մեր արտահանվող ապրանքատեսակների տեսականին եւ ծավալները, ապահովել նոր աշխատատեղեր: Իսկ դա արդեն թույլ կտա ոչ միայն սոցիալական խնդիրներ լուծել, այլ նաեւ տնտեսությունը դարձնել ավելի դիվերսիֆիկացված, ինչն անբարենպաստ միջազգային տնտեսության զարգացումների պարագայում զերծ կպահի մեր տնտեսությունը եւ քաղաքացուն հնարավոր ցնցումներից:
- Երբ խոսում եք պետություն-մասնավոր համագործակցության մասին, դա ենթադրում է տնտեսությունում պետության սեփականատիրոջ դիրքերից հանդես գալու քաղաքականության վերադա±րձ: Այսինքն, որ պետությունը կարող է կրկին դառնալ սեփականատե±ր:
- Նման դեպքերը բացառված չեն: Կարող են լինել դրվագներ, երբ որեւէ ոլորտի, բիզնեսի ոտքի կանգնելու, կայացման համար պետությունը վերցնի բաժնետոմսերի որոշակի մասը, զարկ տա այդ ոլորտին եւ հետո դուրս գա: Դա ժամանակավոր հատվածում, կարծում եմ, հնարավոր տարբերակ է: Բայց ավելի ընդարձակ եթե նայենք, պետություն-մասնավոր համագործակցության խնդիրը ենթակառուցվածքների ստեղծումն է, որն անհրաժեշտ է տվյալ ոլորտի համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից: Օրինակ` ազատ տնտեսական գոտիների, տեխնոպարկերի ստեղծման ծրագրերը, որոնք առանց պետության մասնակցության հնարավոր չէ իրականացնել:
- Կան խոսակցություններ, ասենք, ՙՆաիրիտի՚ հետ կապված, թե պետությունը կարող է վերցնել դրա բաժնետոմսերը: Խոսվում է նաեւ, որ պետությունը կարող է լեռնամետալուրգիայի ոլորտ մտնի: Կարո±ղ եք այդ լուրերին գնահատական տալ:
- Այն բնագավառը, որ զարգանում է ինքնուրույն եւ ունի մեծ հեռանկարներ, պետության մասնակցությունը, չեմ կարծում, որ որոշակի դրական տեղաշարժեր ապահովի: Խոսքս մասնավորապես լեռնաարդյունաբերության մասին է:
Ինչ վերաբերում է ՙՆաիրիտին՚, ապա այստեղ շատ փորձեր են եղել, սակայն մինչ այսօր չի գտնվել այն տարբերակը, որը կապահովեր ՙՆաիրիտի՚ շահութաբեր աշխատանքը: Եթե պետությունը գտնի այդպիսի տարբերակ եւ խնդիրը կայանա նրանում, որ պետք է ուղղակի ներդրումներ իրականացնել, ապա, կարծում եմ, որ հնարավոր լուծումներ կարող են առաջանալ: Սակայն որքանով որ տեղյակ եմ, այսօր դեռ այնպիսի ներդնող կամ օպերատոր ի հայտ չի եկել, որը կարողանար էապես բարեփոխել իրավիճակը ՙՆաիրիտում՚:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

