Մայիսի 12-ին, ժամը 15:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ զույգ ձեռքերի մատների կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Արթուր Գ.-ն:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, պարզվել էր, որ տուժած անձը վնասվածքներն ստացել էր ընկերոջ հետ` իրենց շենքի մոտ գտնվող աղբանոցում մետաղալար հալեցնելու ժամանակ, պլաստմասե շշեր այրելիս` դրանցից մեկի պայթելու հետեւանքով:
ԿԱՇԱՌԱԿԵՐ ԲԺՇԿՈՒՀՈՒ ՙԲԱՐՈՅԱԿԱՆ՚ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական կլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը` չարաշահել էր պաշտոնական դիրքը, կատարել խոշոր չափի հափշտակություններ, պահել էր կողմնակի հաստիքներ, չարամտորեն խուսափել էր պետական հարկերից ու պարտադիր վճարներից, վերցրել էր խոշոր չափի կաշառք: Դատարանը հաշվի է առել, որ նա կամովին վերականգնել է պետությանը պատճառած 10 մլն 498 հազար182 դրամի վնասն ամբողջությամբ, եւ վերջնական պատիժ է սահմանել երկու տարի ազատազրկումը: Զարմանալի է, որ չի կիրառվել համաներման ակտը…
ԱՀԱ ԵՎ ՙՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՚
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 39-ամյա Լուսինե Հ.–ին իր բնակարանում կախված են գտել. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից եւ նշեցին, որ կատարվում է նախաքննություն: Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 12-ին: Լուսինեն ուներ 2 երեխա եւ առաջիկայում պետք է տեղի ունենար մեծ որդու ՙՎերջին զանգը՚: