ՙԾՆՈՂԱԵՀՈՎԱԿԱՆ ՍԵՐԸ
Արխիվ 12-16![]()
Ինչպես են բազմանում ՙխղճի կալանավորները՚, որոնց մասին պարբերաբար եւ բացառապես արտաքին օգտագործման համար ճիչեր են արձակում ՙեվրոպաները՚ եւ արձագանքում են հայրենական ՙաստվածավախեցածները՚: Դատական հերթական ակտով ՙբացահայտվեց՚, որ նրանք, ըստ էության, նաեւ բիոլոգիական ծնողների դաստիարակության ՙհերոսները՚ կամ` ՙզոհերն են՚:
ԴԱՏԱՎՃԻՌ
2012 թ. մարտի 16-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց` ՙԱրսեն Վարդանի Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ա.Հարությունյանի նկատմամբ ընտրված ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը…՚:
Վերը նշված 327-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` ՙԺամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը, այդ ծառայությունից ազատվելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով՚:
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ
2009թ. հունվարի 30-ին Արսեն Հարությունյանն անցել էր բժշկական հանձնաժողով, ճանաչվել պիտանի զինվորական ծառայության եւ վերցվել զինվորական հաշվառման: 2011թ. գարնանային զորակոչի համար Արսենը կրկին ստուգվել էր բժշկական հանձնաժողովի կողմից եւ ճանաչվել էր պիտանի ոչ շարային ծառայության համար: Հունիսին զինակոչիկին ուղարկվել էր ծանուցագիր` զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար…
Պատանին զինկոմիսարիատ անձամբ չէր ներկայացել, սակայն ներկայացրել էր դիմում, ըստ որի` ինքը հանդիսանում է ՙԵհովայի վկա՚ եւ աստվածաշնչյան սկզբունքներով դաստիարակված իր խիղճը թույլ չի տալիս ծառայելու ՀՀ զինված ուժերում: Ինչ վերաբերում է այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնելուն, ապա պատրաստ է, սակայն… չի ընդունում ՙներկայիս այլընտրանքային ծառայությունը…՚:
ՙ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ...՚
18-ամյա երիտասարդը հիմնավորել էր իր հրաժարականը նրանով, որ այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինված ուժերի համակարգում: Այդ դրվածքը հակասում էր Արսենի հավատքին: Ավելին. այլընտրանքային ծառայությունը նրա համար կստեղծեր անհարմարություններ, ինչպիսիք են` համապատասխան հոգեւոր հավաքներին մասնակցելու հնարավորությունից զրկվելը եւ այլն: Այլընտրանքային արժանավայել ծառայությունը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լինի ՙեվրոպական չափանիշներին համապատասխանող, զինված ուժերի հսկողությունից դուրս, իսկական քաղաքացիական այլընտրանքային ծառայության ձեւով…՚:
Պաշտպանության կողմը չէր սահմանափակվել ամբաստանյալի գնահատականներով. Հայկական բանակի եւ այլընտրանքային ծառայության առկա որակի վերաբերյալ իր եզրակացությունն էր տվել պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված վկա` Հայկ Ռաֆիկի Խաչատրյանը: ՙՓորձությունները՚ անցած Հայկ Խաչատրյանը տեղեկացրել էր դատարանին, որ` ՙինքը որպես ՙԵհովայի վկա՚ 2004թ. անցել է այլընտրանքային ծառայության Վարդենիսի տուն-ինտերնատում, սակայն 6 ամիս ծառայելուց հետո հասկանալով, որ այն զինվորական բնույթ է կրում եւ գտնվելով զինվորական հսկողության ներքո չի կարող համարվել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, դադարեցրել է ծառայությունը…՚:
ՀԱՅՐԱԿԱՆ ՙՕՐՀՆԱՆՔ՚
Դատարանում ցուցմունք էր տվել նաեւ Արսենի հայրը` Վարդան Հարությունյանը: Հարությունյան-հոր ցուցմունքը ներկայացնում ենք ընթերցողին դատական ակտից` ՙԻմ որդին 2006թ.-ից հաճախում է ՙԵհովայի վկա՚ ժողովի հանդիպումներին եւ 2010թ. մկրտվել որպես ՙԵհովայի վկա՚: Նա ճանաչվել է ոչ պիտանի շարային զինծառայության համար, սակայն հրաժարվել է զինվորական ծառայությունից, քանի որ հանդիսանում է ՙԵհովայի վկա՚ կրոնական կազմակերպության անդամ եւ չի ցանկանաում իր խղճի դեմ գնալ: Ես եւ ընտանիքիս բոլոր անդամները հանդիսանում ենք ՙԵհովայի վկաներ՚ եւ մեր հավատքը թույլ չի տալիս մասնակցել զինվորական ծառայությանը…: Արսենը հավատարիմ լինելով իր հավատքին հրաժարվել է զինվորական կոմիսարիատ ներկայանալուց եւ խուսափել զինվորական եւ այլընտրանքային ծառայություններից՚:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ
Լրագրողական սույն մտորումները չեն վերաբերելու ՙխղճի ազատությանը՚ հավատքի առումով: Խոսքս` մարդկային խղճի մասին է:
Հանրահայտ ճշմարտություն է, որ բանտը մարդկանց, ցավոք, չի վերադաստիարակում: Դա վերաբերում է նաեւ ՙեվրոպական չափանիշներին՚ համապատասխանող կալանավայրերին: Այդ դեպքում ինչպես եւ ինչու ծնողը պետք է գերադասի իր զավակին տեսնել կալանավորի, այլ ոչ թե զինվորականի կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայողի ՙհամազգեստով՚:
Աստված կպահպանի:
Միգուցեեւ. Բայց ինչու կալանավայրում, այլ ոչ թե խրամատում կամ… Վարդենիսի տուն-ինտերնատում…
Միաժամանակ, տխուր մտահոգությամբ ծանրացած է իմ եղած-չեղած խիղճը. միթե քրեական գործերով փաստաբան-պաշտպանը մեկ բառով գոնե չի տեղեկացրել իր պաշտպանյալին այն մասին, թե ինչպես են ՙբուրում՚ բանտերը…
Ի վերջո, չեմ ուզում հավատալ, որ Տերս կգերադասի ինձ տեսնել բանտում, քան իր կողմից ինձ շնորհված լավ կամ ոչ այնքան ազատության մեջ:
Խիղճը պարտավորեցնում է նաեւ Աստծուն…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հ.Գ. 2012թ. մայիսի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ:

