ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Արխիվ 12-16![]()
Ներկայացնում ենք պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցն ամբողջությամբ: Հիշեցնենք, որ այսօր լրանում է հրադադարի կնքման 18-րդ տարին, որի կապակցությամբ պարոն Հարությունյանը ՙԻրավունքի՚ երեկվա համարում ներկայացրել է. ՙԶինադադարի կնքումը հաջողվեց 1994 թվականի մայիսի 16-ին. ճակատում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ռազմական գործողությունների շարունակությունը Ադրբեջանի համար ուղղակի կործանարար կլիներ: Դա իրենք հասկացան 1993 թվականի դեկտեմբերին, երբ նրանց հարձակումները մեկը մյուսի ետեւից տապալվում էին, եւ Ադրբեջանը, տեսնելով ստեղծված իրավիճակը, ուժերի վերակազմավորման նպատակով ժամանակ շահելու համար, համաձայնեց գնալ Ռուսաստանի առաջարկած զինադադարին՚:
րբ պատրաստ էր պայմանագրի իրականացման քարտեզը, ադրբեջանական կողմը ենթադրում էր, որ կազմված արձանագրության մեջ կա կետ, որը պարտադրում է հայկական զորքերին շփման գծից ետ քաշվել ԼՂԻՄ-ի սահմանները: Երբ հասկացան, որ այդպիսի բան գոյություն չունի, փորձեցին հրաժարվել պայմանագրից, եւ Մոսկվա վերադարձավ ադրբեջանական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Մամեդովի ղեկավարությամբ: Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում, որին Հայաստանի կողմից մասնակցում էի ես, Արցախի կողմից` այսօրվա նախագահ Բակո Սահակյանը, Ադրբեջանից` իրենց պաշտպանության նախարարը, իրենք փորձեցին հրաժարվել հրադադարի պայմանագրից, ինչին շատ կտրուկ արձագանքեց Պավել Գրաչովը` ասելով, որ, եթե այս անգամ էլ դուք չկատարեք զինադադարի պայմանագիրը, մենք հանում ենք մեր վրայից հետագա պատասխանատվությունը, եւ եթե հայերն ավելի խորը գնան` Ռուսաստանն այլեւս չի միջնորդի:
- Որքանո±վ է պահպանվում զինադադարը, եւ ինչպես հայտնի է` ավելի շատ այն խախտում են ադրբեջանցիները:
- Բնական է, որ հայկական կողմը զինադադարը խախտելու նպատակ կամ խնդիր չունի` ի տարբերություն Ադրբեջանի: Նրանք այս լարվածությունը պահելով` փորձում են ձեւավորել վախի մթնոլորտ հասարակության մեջ. պատերազմի սպառնալիքը նպաստում է արտագաղթին, բացի այդ, վախ է առաջացնում նաեւ այն ծնողների մոտ, ովքեր իրենց զավակներին ուղարկում են բանակ: Այս ամենը հաշվի առնելով էլ նրանք Ղարաբաղում, իսկ վերջերս` արդեն Հայաստանի սահմաններում խախտում են զինադադարը: Սա նաեւ, նրանց կարծիքով, ձեւավորում է մթնոլորտ, որում հայկական կողմը կգնա զիջումների բանակցային գործընթացում:
- Չե±ք կարծում, որ նրանք օգտվեցին նաեւ այս ընթացքում տեղի ունեցող ընտրություններից:
- Այո, կա նաեւ քաղաքական ուղղվածություն, բայց դա հիմնականը չէ, հիմնականը վախի մթնոլորտ ստեղծելն է: Ադրբեջանը նաեւ սպառազինության մրցավազք է հայտարարել եւ բացահայտ խոսում է ռազմական բյուջեի մեծացման, բանակի հզորացման մասին:
- Ինչպե±ս կգնահատեք Ստեփանակերտում Հաղթանակի օրվա շքերթը, եւ ի±նչ ցույց տվեց այն` ռազմաքաղաքական առումով:
- Շքերթը ռազմաքաղաքական առումով վկայեց այն մասին, որ Ղարաբաղի բանակը պատրաստ է պաշտպանել երկիրն ու ազատագրված տարածքները: Զորահանդեսը մի քանի նպատակ է հետապնդում. նախ` ցույց տալ Ադրբեջանին եւ այլ պետություններին, որ ունի կայացած բանակ, զինտեխնիկա ու պատրաստ է կռվի: Երբ պատերազմի վտանգն օդում է, միշտ մտավախություն կա ապագայի նկատմամբ: Շատերն այսօր կարող են մտածել, թե ի±նչ իմաստ ունի այդքան ծախս անել զորահանդեսի կազմակերպման վրա, բայց դա ունի իր նպատակաուղղվածությունը. ժողովրդի միջից դուրս է գալիս մտավախությունը` պատերազմում պաշտպանվելու առումով, իսկ դրա գինն անհամեմատ մեծ է, քան զորահանդես կազմակերպելը: Ինչ վերաբերում է զորահանդեսի կազմակերպմանը, ապա կարող եմ միանշանակ փաստել, որ դա եղել է ամենահզոր զորահանդեսը, անգամ` Հայաստանի համեմատ: Այնտեղ ցուցադրվել է 200-ից ավելի տեխնիկա. համեմատության համար ասեմ, որ Մոսկվայի մայիսի 9-ի զորահանդեսում ցուցադրվեց 100 միավոր զինտեխնիկա: Այս շքերթում կարեւոր էր նաեւ զորահանդեսի մասնակիցների մարտական ոգին: Ղարաբաղի այսօրվա բանակի կազմը շատ լավ կրթություն է ստացել լավագույն ակադեմիաներում, մի բան, որ չունի Ադրբեջանը: ԼՂՀ բանակի հրամանատարը, նրա տեղակալները, ընդհանրապես հրամկազմը պատրաստված եւ փորձառու են, իսկ ադրբեջանական բանակի հրամկազմը հիմնականում ավարտում է բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ Թուրքիայում, որի սպառազինությունը տարբերվում է այն սպառազինությունից, որ ունի ադրբեջանական բանակը, իսկ տեխնիկայից կախված է մարտավարությունը եւ ռազմավարությունը. այսպիսով, իրենք չեն ստանում լիարժեք կրթություն, ինչը նվազեցնում է բանակի մարտունակությունը եւ մարտական գործողությունների անցկացման էֆեկտիվությունը: Զորահանդեսում ցուցադրված հրթիռային համակարգը ցույց տվեց, որ Ադրբեջանի բոլոր ռազմատնտեսական կենտրոնները հասանելի են Ղարաբաղի զորքի հրթիռային համակարգի համար: Ցուցադրվեցին հրթիռային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ադրբեջանի հակահրթիռային համակարգերի բացակայության պայմաններում դրանք ընդունակ են ադրբեջանական կողմին հասցնել անդառնալի վնաս, ոչնչացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական կենտրոնները, այսինքն, հիմնական ներուժը: Ադրբեջանն այսօր փորձում է ստեղծել հակահրթիռային համակարգ եւ ձեռք է բերում ռադիոլոկացիոն կայան` բալիստիկ թիրախների հայտնաբերման համար: Բայց, անկախ նրանից, թե ինչպիսի հակահրթիռային համակարգ ձեռք կբերեն, միեւնույն է, դրա արդյունավետությունը կլինի ցածր: Եվ ամփոփելով խոսքս` կարող եմ ասել, որ հաշվի առնելով մարտական հզորությունն ու ներուժը, ինչպես նաեւ` ռազմաքաղաքական պայմանագրերը ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Իլհամ Ալիեւը իրենց կառավարության նիստերում բազմիցս հայտարարել է, որ Հայաստանից մեծ արտագաղթ կա, մի տասը տարուց կմնա մեկ միլիոն մարդ: Այսինքն, իրենց հաշվարկը ոչ թե ռազմական հզորության վրա է, այլ` պատերազմի վերսկսման սպառնալիքով նպաստելու ՀՀ-ից արտագաղթին, տնտեսական ճգնաժամի խորացման, ներքաղաքական խնդիրների միջոցով հասնելու հաջողության բանակցային գործընթացում:
- Հայտնի է, որ Ադրբեջանը ավելի շատ գումարներ է ծախսում ռազմական նպատակների համար: Ինչի± հաշվին է պահպանվում հավասարակշռությունը:
- Բյուջեն միջոց է պետության եւ բանակի մարտական հզորությանը հասնելու համար: Այն Ադրբեջանը չի կարողանում ճիշտ օգտագործել: Եթե ուշադիր հետեւենք, թե ինչ զենք է գնում եւ որտեղից, տպավորություն է ստեղծվում, որ ինչ տեսնում` գնում են: Չկա հայեցակարգային մոտեցում բանակի սպառազինման առումով, ինչն իր ետեւից բերում է սպասարկման, մասնագետների պատրաստման բարդություններ, որն էլ խոչընդոտում է մարտունակության բարձրացմանը: Իսկ մեր ռազմաքաղաքական, դիվանագիտական մոտեցումներն ու կնքված պայմանագրերը հզորացնում են մեր բանակը, եւ վերջերս երկարացնելով ՌԴ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքած պայմանագիրը` փոխեցինք խնդիրները, այժմ այդ պայմանագրով ՌԴ ռազմաբազան պաշտպանում է ոչ միայն նախկին Խորհրդային Միության սահմանները, այլեւ Ադրբեջանի ու Վրաստանի սահմանը, ՌԴ-ն վերցնում է իր վրա հայկական բանակը ժամանակակից տեխնիկայով ապահովելու պարտավորություն, ինչը նշանակում է, որ այսօրվա սպառազինության մրցավազքը Հայաստան-Ադրբեջան եւ Ադրբեջան-Ղարաբաղ հարթությունից տեղափոխվել է, եւ Ադրբեջանն այժմ սպառազինության տեսանկյունից մրցակցում է ՌԴ-ի հետ: Բացի այդ, մենք ՌԴ-ից ռազմամթերք վերցնում ենք ներքին գներով, իսկ նրանք` շուկայական, եւ այս ամենի միջոցով մենք հասնում ենք նրան, որ ավելի քիչ միջոցներով կարողանում ենք պահպանել ռազմաքաղաքական բալանսը, հավասարակշռությունը:
- Շքերթի ժամանակ ցուցադրվեցին հրթիռներ, որոնք կարող են հասնել Բաքու, իսկ ունե±ն նրանք նման հրթիռ, որը կհասնի, ասենք, Երեւան:
- Ո°չ, Ադրբեջանը նման համակարգ չունի: ԼՂՀ բանակի ցուցադրածը տակտիկական հրթիռներ են, որոնց հեռավորությունը հասնում է Ադրբեջանի բոլոր կետերին: Ադրբեջանն ունի տակտիկական հրթիռային համակարգ` ՙՏոչկա-Ու՚, որի կրակահերթի հեռավորությունը 120 կմ է: Դա հեռավորության տեսանկյունից նրանց ամենահզոր հրթիռային համակարգն է: Մյուս կողմից, եթե Ադրբեջանը փորձի սկսել ռազմական գործողություններ ՀՀ-ի դեմ, ապա ուժի մեջ են մտնում բազայի վերաբերյալ ՌԴ-ի հետ կնքված եւ ՀԱՊԿ-ի պայմանագրերը, ու հաշվի առնելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի փորձը, կարելի է գրեթե բացառել այդպիսի զարգացումը: -Ունե±ք արդյոք նոր տեղեկություններ վերջին շրջանում Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին եւ չե±ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողությունների դիմի:
- Դա միանշանակ դիվերսիոն բնույթի գործողություն էր, ինչի մասին ես արդեն ասել եմ ձեր թերթին: Այստեղ կա նաեւ պաշտպանության խնդիրն ուսումնասիրելու հարց: Եղել են խոսակցություններ, որ այնտեղ օգտագործվել են անօդաչու սարքեր, այսինքն` մինչ խմբի ներխուժումը տարածք, օգտագործվել է օդային հետախուզության ինֆորմացիան, որի հիման վրա պլանավորել են գործողությունները: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում պատերազմը դեռ ավարտված չէ, եւ մեր քաղաքական ու հասարակական ուժերը պետք է գիտակցեն, որ քանի դեռ ստորագրված չիխաղաղության պայմանագիր, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն գտնվում են պատերազմի մեջ: Հայաստանը պետք է գործի բոլոր ուղղություններով. ռազմական, քաղաքական, դիվանագիտական: ՀՀ-ն պետք է ոչ միայն փաստն արձանագրի, այլ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի միջոցով, ում հետ ունենք պայմանագրեր` անվտանգության ապահովման վերաբերյալ, պետք է ակտիվ աշխատի, հայտարարություններ անեն` անկախ նրանից, որ պայմանագրում գրված է` միջամտել ագրեսիայի դեպքում: Իսկ եթե նման միջադեպերին պատասխան չտրվի, ապա դա կբերի, հավանաբար, նաեւ ագրեսիայի, դրա համար պետք է հայտարարություններով կանխել հնարավոր ագրեսիան: Այստեղ Հայաստանը շատ ակտիվ կոնսուլտացիաներ պետք է անցկացնի եւ հասնի նրան, որ հնչեն այդ հայտարարությունները: Սա նուրբ խնդիր է, եւ պետք է նայել, թե որքանո±վ համարժեք կարձագանքեն ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը, եւ ի±նչ մակարդակով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

