ՙՔԱՂԱՔԸ ՋԱԶ Է ԼՍՈՒՄ՚
Արխիվ 12-16![]()
ՙՔԱՂԱՔԸ ՋԱԶ Է ԼՍՈՒՄ՚
ՙՔաղաքը ջազ է լսում՚: Աբսուրդ հիշեցնող այս կարգախոսը վերածվեց իրականության` զարմանքի մեջ գցելով մի շարք արվեստագետների, որոնց համար հազար հոգին անգամ բավ է հետաքրքիր եւ ուրախ երեկո կազմակերպելու համար: Առաջին իսկ վայրկյանից հիշեցինք մի կարծրատիպ, որը շրջանառվում էր Երեւանում վերջին տարիներին. ՙՀայաստանը ջազից հեռու է, մարդիկ լսում են միայն 6/8՚: Այո°, վերջին տարիներին, իրոք, մշակույթն անկում էր ապրում: Սակայն վերջերս հաճախ են կազմակերպվում մի շարք փառատոներ` նվիրված թատրոնին եւ կինոյին, համերգներ եւ այլ հետաքրքրաշարժ տոնակատարություններ են անցկացվում: Բայց վերջերս ջազին նվիրված միջոցառում չէր եղել, եւ հենց դրանից ելնելով էլ` մարդկանց մեջ տիրում էր անտեղյակությունը: Ի դեպ, այն հարցին, թե ինչ է ջազը, դեռ ոչ ոք չի կարողացել պատասխանել: Բոլոր ջազմենները կարող են երկար պատմել ջազի մասին, բայց այդպես էլ չբացատրել այդ երեւույթը: Եվ, ինչպես ասել է ջազի դեսպան Լուի Արմսթրոնգը. ՙԵթե դու հարցնես, թե ինչ է ջազը, պատասխան չես ստանա՚: Այս կարծրատիպը եւ հասարակության անտեղյակությունը կոտրելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր կոնֆերանսը Հերբի Հենկոկի նախաձառնությամբ 2011 թվականին ապրիլի 30-ը ճանաչեց ջազի միջազգային օր: Բանաձեւն ընդունելուց չանցավ մեկ տարի, եւ միջոցառումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհիվ, կազմակերպվեց Երեւանումª Կասկադ համալիրում, եւ շարունակվեց մինչեւ կեսգիշեր: Այս միջոցառման հիմնական նպատակներից է աշխարհին ծանոթացնել ջազի արմատների, դրա ապագայի եւ բարձր արվեստում ունեցած ազդեցության հետ: Այն տոնվելու է ի նպաստ խաղաղության, մարդկային արժանապատվության եւ սեռերի մեջ իրավունքների հավասարեցման: Համերգի ընթացքում հնչում էին տարբեր ջազմենների ստեղծագործություններ, որոնք կատարում էին հայաստանյան լավագույն երաժիշտները` Լեւոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը, Վահագն Հայրապետյանը, Մարտին Վարդազարյանը եւ այլոք: ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ վարում էր նաեւ միջոցառումը, եւ նրա հստակ ու ճիշտ մեկնաբանություններն ավելի հետաքրքրիր էին դարձնում համերգը: Միջոցառման առնչությամբ նա ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց. ՙԱյս միջոցառումը կլինի ինչ-որ ձեւով հաշվետվություն մարտական ջազի երաժշտավարողների` երեւանցիների առջեւ: Հուսով եմ, որ այսպիսի միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն, քանզի դրանք նպաստում են հասարակության մշակութային զարգացմանը՚: Չնայած ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչ է ջազը, բայց կարողամում են ասել, թե ինչ է այն տալիս մարդուն: Մարտին Վարդազարյանն այդ հարցին պատասխանեց այսպես. ՙՋազը` անկախ նրանից, թե ինչ ցավ եւ ինչ խառնվածք ունի մարդը, ներարկում է բարություն: Թող չնեղանան ինձանից ռոքի սիրահարները, բայց ռոքը, մանավանդ դրա որոշ դրսեւորումները, ավելի ագրեսիվ է: Ջազը, յուրահատուկ է նրանով, որ ոչ մի ագրեսիվություն չի պարունակում իր մեջ՚:
Այդ օրը քաղաքը բարի էր. ջազ էր լսում:
ՍԵԴԱ ՎԱՐԴԻԿՅԱՆ
ԿԱՐԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ

