ԱՆՏՐԱՄԱԴԻՐ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՊԱՂՊԱՂԱԿ ԷՐ ՈՒՏՈՒՄ
Շաբաթ օրը, ժամը 15:30-ի սահմաններում, ԲՀԿ-ական նորաթուխ, բայց արդեն մեծ թոհուբոհ անցած Վարդան Օսկանյանը, Խուլ ու համրերի պալատից դուրս եկավ բասկետբոլի գնդակը ձեռքին եւ ուղղություն վերցրեց Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող հատուկ մասնագիտացված պաղպաղակի խանութի մոտ:
Րոպեներ անց, պարոն Օսկանյանը մի մեծ պաղպաղակ ձեռքին դուրս եկավ խանութից եւ մանկության գիրկն ընկած վայելում էր այն եւ զրուցում ինչ-որ տղամարդու հետ: Երբ փորձ կատարեցինք վերջինիս հետ զրույցի բռնվել, նկատեցինք, որ պարոն Օսկանյանը բավական հոգնած ու մտամոլոր տեսք ուներ: Իսկ երբ մոտեցանք ու ներկայացանք` ասելով, որ ցանկանում ենք մի քանի հարցեր ուղղել, վերջինիս շատ տխուր պաղպաղակը վայելելով ասաց. ՙԲայց հիմա էստեղ ի±նչ ինտերվյու, թող մնա հետո՚: Նշենք, որ պարոն Օսկանյանը մենակ չէր, եւ նրան ուղեկցում էին մի խումբ երիտասարդներ, որոնց բոլորի ձեռքին նույնպես կար պաղպաղակ, եւ դատելով նրանց հագուկապից, կարելի է ենթադրել, որ նրանք Օսկանյանի բասկետբոլային թիմակիցներն էին: Օսկանյանին ուղեկցող, իր օգնական Մանեն մեզ մոտենալով տեղեկացրեց, որ Վ. Օսկանյանի ետընտրական տրամադրությունը շատ լավ է, թեեւ մենք դա չնկատեցինք: Իսկ երեկ, երբ մենք հերթական անգամ դիմեցինք Վ. Օսկանյանի օգնականին հարցազրույց ունենալու համար, վերջինս պատասխանեց, որ պարոն Օսկանյանը այս շրջանում չի ցանկանում որեւէ մեկի հետ հարցազրույց ունենալ եւ միառժամանակ հետո նոր կխոսի: Դե լավ, ինչ ասենք, եթե մարդը չի ցանկանում խոսել, թող չխոսի, պարզապես զարմանալին այն էր, որ նույնիսկ բացատրություն չտրվեց մեր կողմից հնչեցրած այն հարցին, թե ինչու նախկին ԱԳ նախարարի կինը իր մասնակցությունը չի ցուցաբերել այս ընտրություններում: