ՙՙՙՙԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ
Արխիվ 12-16![]()
ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ
Փորձությունների ծանր պահերին, թերեւս, դուրս են հորդում սովորական օրերին հոգուդ խորքում ծվարած զգացումները, ի հայտ են գալիս մարդկային բնավորության մինչ այդ թաքուն գծերը: Դեպքը, որի ակամա վկան դարձա ես, միանգամայն նորովի բացահայտեց, թվում է` ինձ վաղուց հայտնի լեգենդար մարդու` Զորի Հայկի Բալայանի կերպարը:
Երեք օր առաջ` մայիսյան մի խաղաղ երեկո, նրանց տուն ՙայցելեց՚ դժբախտությունը: Ողբերգական վթարից զոհվեց նրա փեսան` հիանալի բժիշկ, նրա համար հարազատ որդի դարձած Դավիթ Գասպարյանը: Դավթի մահվան լուրն առնելուց հետո վրա հասած ծանր ժամերին Զորի Բալայանի ընկերներն ու մտերիմները, ովքեր մտովի, ովքեր էլ` բարձրաձայն, մի հարց էին տալիս. ինչու է աշխարհն այսքան անարդար, ինչու է այսքան փորձություն ծանրանում մի մարդու ուսերին:
Զորի Բալայանի կյանքի պատմությունը մեզնից յուրաքանչյուրին ստիպում է խորհել մեր կյանքի սեփական ուղու, մեր կոչման, մեր ընդհանուր հայկական ճակատագրի, անցածի ու հնարավոր գալիքի մասին: Զորի Հայկի Բալայանը զարմանալի ճակատագրի տեր մարդ է, մարդ, որը, թվում է` իր կյանքի ամեն մի փուլում հաղթահարել է ինքն իրեն: Լինի ծովագնացության ժամանակ, թե° Ռյազանի բժշկական ինստիտուտում սովորելիս, Կամչատկայում, թե° հայրենի Արցախում աշխատելիս, արդեն լեգենդ դարձած ՙԿիլիկիայի՚, թե ՙԱրմենիայի՚ նավախելին, կամ էլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ամբիոնից ելույթ ունենալիս, երբ թվում է` ամեն մարդ չէր կարողանա դիմանալ այդքան հզոր հոգեւոր եւ ֆիզիկական լարվածությանը, նա ոչ միայն չկոտրվեց, այլեւ, հակառակը, ամրացավ: Նա անսասան ժայռի նման մարմնավորում է հայոց, ղարաբաղյան ոգու ամրությունը: Եվ այսօր, երբ հիշողությանս մեջ արթնանում են Արցախի հերոսները, նրանցից յուրաքանչյուրի բնավորության մեջ Զորի Բալայանից մի ինչ-որ բան եմ տեսնում: Նրա հետ հաճախակի շփվելով` տպավորություն ես ստանում, թե խորությամբ ճանաչել ես նրա բնավորության ողջ խորությունը, կյանքի անհագ ծարավը, որը կայծկլտում է նրա վճիտ աչքերում: Կարդալով Հայաստանի Ազգային ակադեմիայի իսկական անդամ Սերգեյ Սարինյանի ՙՇարունակվող լեգենդ՚ էսսեն` նվիրված Զորի Բալայանին, ինքդ քեզ խոստովանում ես, որ նույնիսկ չես էլ մոտեցել մարդկային Ես-ի խորքային այն շերտերին, որի անունն է Զորի Հայկի Բալայան: Այս պարզ ճշարտությանը հասու լինելով` մոլորության մեջ ես ընկնում: Եվ այն հաղթահարել օգնում է մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որը, խորհրդածելով հայոց ազգային ոգու մասին, գրել է. ՙՈ±րն է հայ ժողովրդի պատմական ճանապարհը, նրա գոյության խորհուրդը, նրա ոգին: Եվ ո±ւր որոնենք այդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո±ւմ, թե± Շիրակի, Արարատի, Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տա±կ, ուր ծավալվում է ՙխորհուրդ խորին անհաս եւ անսկիզբն՚, թե± դալար մարգերում եւ խաղահանգիստ հովիտներում, ուր ՙլուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ՚: Արդյոք ՙի խորոց սրտի խոսք ընդ Աստծո՚ խոսողի երկնաչու տառապանքների± մեջ, թե± ՙՎերք Հայաստանի՚ հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ: Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ՚: Նայելով Զորի Բալայանի սեւեռուն աչքերին` վերստին հասկանում ես, որ անձի մեծությունն ու արտասովորությունն առանձնակի ուժով եւ համոզչությամբ ի հայտ են գալիս նրա վշտի պահերին: Ընդ որում` ակամա հարց ես տալիս. որտեղի±ց է վերցնում իր ուժերը. գուցե անվերջանալի ու անլույս խավարում, Խաղաղ օվկիանոսի ջրերում, ՙԱրմենիայի՚ կապիտանական կամրջակին կանգնած` Զորի Բալայանի աչքերի առջեւ հառնել են նրա սիրելի Գանձասարը, Ամարասն ու Դադիվանքը, Սուրբ Գայանեի եւ Էջմիածնի վանքերը, որոնցում թեւածում են Արցախի` մեր Երկնային Հոր կողմից անժամանակ իր մոտ կանչված լեգենդար հերոսների ոգիները: Հավանաբար, ՙԱրմենիայիով՚ Գորնի հրվանդանը շրջանցելով ու այնտեղ մեր հեռավոր սերունդներին Հայաստանի մասին հայկական խաչքարով խորհրդանշված հուշ թողնելով, ինչպես Ոդիսեւսը Հադիսի թագավորությունում, որոնում էր նա իր մարտական ընկերների, Արցախն ազատագրողների ոգին, որոնում էր մեծ ակադեմիկոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Վիկտոր Համբարձումյանի ոգին, որը, ծերունազարդ տարիքում, նույնպես անձնվիրաբար մարտնչում էր հանուն Արցախի` 1990թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի ու ԽՍՀՄ այլ Ժողովրդական պատգամավորների հետ միասին հացադուլ հայտարարեց` ի պաշտպանություն Արցախի...
Իմանալով Դավիթ Գասպարյանի ողբերգական մահվան մասին` Զորի Բալայանը, թվում է` նորից ու նորից վերապրեց կյանքի իր ընկերների կորուստը, հաստատ հիշեց իր զինակից Սիլվա Կապուտիկյանին... Վշտի այս ժամին, նայելով այս պատվարժան, խորին հարգանքի արժանի մարդուն, միտքդ է գալիս Վիկտոր Վլադիմիրի Կրիվոպուսկովի, որը 1990-1991թթ. Ղարաբաղ էր ուղարկվել որպես ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-հետախուզական շտաբի պետ, ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ գրքի հետեւյալ հատվածը. ՙԱյդ օրերին ես իմացա, որ պատրաստվում է խիստ գաղտնի եւ բավականին խարդախ մի գործարք` Ղարաբաղյան շարժումը գլխատելու համար սպանել Զորի Բալայանին ու Ռոբերտ Քոչարյանին եւ նրանց դիակները նետել Իջեւանի շրջանի տարածքը, որ սահմանակից էր Ադրբեջանի Ղազախի շրջանին… Եվ ապա լուրեր տարածել, թե այդ երկու նացիոնալիստներին սպանել են իրենք` հայերը, նրանց վերագրելով Ղարաբաղյան դժբախտությունների գլխավոր պատճառը՚:
Շատ դժվար է գրել մարդու ապրումների մասին, որն իր կյանքի ընթացքում արժանապատվորեն է կրել իր մտերիմ հարյուրավոր, հազարավոր մարդկանց կորուստը, նրանցից յուրաքանչյուրի հարազատների ու մտերմների համար գտել է ամենապարզ, բայց եւ վշտի պահին ամենապահանջված խոսքերը: Իսկ հիմա նա իր մոտ է կանչել որդուն` Հայկ Բալայանին, տղամարդավարի գրկել նրան ու կամաց ասել. ՙՀայկ, պահպանի°ր քեզ, հիմա դու ես տան մեծը՚: Զորի Բալայանի այս խոսքերում մեր մեծ հայրենակցի էությունն է թաքնված, նրա վառ կյանքի կարճ բնութագիրը, եւ դեռ պետք է գտնվի այն վարպետը, որը նկարագրելու է այն: Գիրքն այդ կարելի է վերնագրել այսպես. ՙՀաղթահարելով Ինքն իրեն՚:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՙԱզգային միաբանություն՚
կուսակցության նախագահ
ՍԻՄ նախագահությունը եւ ՙԻրավունք՚ թերթի խմբագրությունը ցավակցում են Բալայանների ընտանիքին` Դավիթ Գասպարյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

