ՀԱԿ-ի ընտանիքում մանդատակռիվ է ընկել: Երեկ ՀԱԿ անդամ ու պատգամավորության նախկին թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ քաղխորհրդի նիստ դեռեւս իրենց մոտ տեղի չի ունեցել եւ չի որոշվել, թե պետք է վերցնեն մանդատները թե° ոչ, եւ ովքեր պետք է մանդատ ունենան:
Բացի այդ, ՀԱԿ-ի կողմից մանդատներ վերցնելու կապակցությամբ իր հրաժարականն է ներկայացրել ՀԱԿ-ի Գյումրիի պատասխանատու Աշոտ Զաքարյանը: Իսկ Պետրոս Մակեյանը հայտնեց, որ մինչ ընտրությունները որոշված էր մայիսի 6-ից հետո քաղխորհրդի նիստ գումարել եւ քննարկել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, սակայն նիստ այդպես էլ չգումարվեց, իսկ մանդատները վերցնելու որոշումն արդեն կայացված է: Նշենք, որ ՀԱԿ-ի քաղխորհրդի որոշումները կայացվում են կոնսենսուսով, սակայն արդեն փաստ է, որ այդպիսի կոնսենսուս ՀԱԿ-ում չկա, հետեւաբար ՀԱԿ-ի բողոքավոր մասը կամ պետք է դուրս գա, կամ համակերպվի ԼՏՊ-ի, Լ. Զուրաբյանի ու Գ. Ջհանգիրյանի որոշմանը: Այս կապակցությամբ մենք փորձեցինք հարցեր ուղղել ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանին, ով առավոտվանից գտնվում էր լարված խորհրդակցությունների եւ անվերջ հանդիպումների մեջ եւ, ըստ էության, խուսափեց պատասխանել մեր կողմից հնչեցրած հարցերին` անընդհատ շեշտելով, որ իրեն զանգահարենք մեկ ժամից, որից հետո պարզապես չէր պատասխանում հեռախոսազանգերին: Դե ի±նչ պատասխանի էդ մարդը, ով ինչ ուզում անում է, դե արի, հիմա դրանց տեղը պատասխան տուր: