ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԸ՚ ՍԿՍԵԼ ԵՆ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՎԵԼ
Արխիվ 12-16![]()
ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԸ՚ ՍԿՍԵԼ ԵՆ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՎԵԼ
Այն, որ ՌԴ նախագահի պաշտոնը Վլադիմիր Պուտինի կողմից ստանձնելուց անմիջապես հետո մի շարք կտրուկ զարգացումներ են նկատվում աշխարհի մի շարք հատվածներում, այդ թվում մեր եւ մեզ շրջապատող տարածաշրջաններում, արդեն իսկ տեսանելի փաստ է: Իսկ թե ո±ւր կտանեն այդ զարգացումները, մասնավորապես մեր տարածաշրջանում բախվող շահերն ի±նչ հեռանկարներ են խոստանում, դա արդեն գնալով ավելի ու ավելի է դառնում օրակարգային խնդիր:ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏՔՆ ԱՆՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Նկատենք, որ հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում բավականին ընդգծվեց, որ դրանք ունեն նաեւ նկատելի աշխարհաքաղաքական բնույթ: Տպավորությունն այնպիսին էր, որ ի դեմս ընտրապայքարի մեջ մտած հայաստանյան տարբեր ուժերի, նաեւ իրար հետ էին բախման մեջ մտել ՌԴ-ն ու ԱՄՆ-ն: Դրանց հետ մեկտեղ զգացվում էր նաեւ, այսպես ասած, եվրոպական հետքը, բայց մի փոքր ավելի համեստ չափերով, ինչը, թերեւս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստան-Եվրոպա հարաբերություններում կուրատորի դեր ստանձնած Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էր իր հերթին ընտրական բարդ գործընթացների մեջ եւ արդյունքում պարտվեց: Մի փոքր առաջ ընկնելով նկատենք, որ նրան փոխարինելու եկած Ֆրանսուա Օլանդն իր հերթին կարծես թե Հայաստանի հանդեպ ունեցած Սարկոզիի հիշատակված ֆունկցիաները փորձում է պահպանել: Ամեն դեպքում թեեւ այս օրերին թուրքական մի շարք բարձրաստիճան ղեկավարներ հույսեր հայտնեցին, թե Օլանդը կհրաժարվի Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնող Սարկոզիի հայտնի ծրագրերից, սակայն Օլանդը կարծես թե գոնե այս պահին հուսախաբ է անում թուրքերին` համենայնդեպս հրապարակայնորեն հավաստիացնելով, թե եղել եւ մնում է հիշատակած նախաձեռնության աջակիցը ու պատրաստվում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել ֆրանսիական օրենսդիրին, որն այս անգամ արդեն չի հակասի այդ երկրի սահմանադրությանը: Թե ինչքանով նա իր խոստումը կյանքի կկոչի, դա ժամանակը ցույց կտա: Սակայն այդ հայտարարությամբ Օլանդն ավելի շատ ուզում է փաստել, որ Ֆրանսիան Հարավային Կովկասում ու մասնավորապես Հայաստանում տարվող իր քաղաքականությունը պատրաստվում է շարունակել: Եվ հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական առումով Հայաստանում ու Հարավային Կովկասում տարվող այդ քաղաքականությունը մասն է միայն այն խոշոր քաղաքական ուղեգծի, որը Ֆրանսիան առհասարակ վարում է աշխարհի այս հատվածում, ապա, թերեւս, ավելի շատ ենթադրելի է, որ Ֆրանսիան քիչ բանով կվերանայի իր հարաբերությունները նախ Իրան-Սիրիա հատվածի, եւ ապա նաեւ կրկին պաշտոնապես պուտինականացված Ռուսաստանի հանդեպ:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ ՏԱՆԵԼ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ
Բայց գանք հայաստանյան ընտրությունների ֆոնին ռուս-ամերիկյան հարաբերություններին: Թե բուն ընտրությունների ժամանակ դրանք ինչպես ընթացան, որ ուժերն էին ավելի շատ ընտրել Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերությունների գաղափարախոսությունը, եւ որոնք էին համարվում ամերիկյան քաղաքականության կրողներ, շատ է խոսվել:Բայց ահա հետընտրական փուլում կարծես թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ կապերի առումով հայաստանյան ներքաղաքական դաշտում սկսվում են որոշակի վերադասավորումներ: Նախ նկատենք, որ բուն նախընտրական փուլում աշխարհաքաղաքական առումով միանշանակ հնարավոր չէր համարել միայն ԲՀԿ-ի գործունեությունը: Վերջինիս բարձրաստիճան ղեկավարությունն ունի դեպի ԱՊՀ խոշոր երկրներ, մասնավորապես` Ռուսաստան, Բելառուս եւ այլն գնացող որոշակի կոնկրետ կապեր, այդ թվում եւ բիզնես նշանակության: Բայց ահա ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը` Վարդան Օսկանյանը, միանշանակ ամերիկյան քաղաքականության ջատագովի համարում ունի: Համենայնդեպս, նույնիսկ նրա ընտանիքի որոշ անդամներ այս պահին ԱՄՆ քաղաքացիներ են, իսկ դա արդեն շատ բանի մասին է խոսում: Ընդ որում, դեռ նախընտրական փուլում առիթ ունեցել ենք ներկայացնել, որ այդ երկակի քաղաքականությունը որոշակի դժգոհություն է առաջացրել ՌԴ համապատասխան մարմիններում, եւ հետընտրական փուլում եւս կարծես թե այդ դժգոհությունները դեռ պահպանվում են: Ավելի ճիշտ կան տվյալներ, որ այս օրերին Օսկանյանը փորձում է ամեն կերպ ԲՀԿ-ն վերածել պրոամերիկյան կառույցի եւ դրա, ինչպես նաեւ ընտրություններում ԲՀԿ-ի ստացած մանդատների հիմքի վրա հենված մտնել նախագահական ընտրությունների գործընթաց: Ինչքանո±վ դա նրան կհաջողվի, թերեւս պարզ կդառնա ամենամոտ ժամանակներս: Սակայն պարզ է, որ այդ ծրագիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կա°մ վերածում է Օսկանյանի առջեւ ընդամենը հող հարթեցնողի, կա°մ էլ լիովին նրան խաղից դուրս է թողնում: Եվ ահա ԲՀԿ-ին սերտ կանգնած մեր աղբյուրները հենց այդ տխուր հեռանկարով են բացատրում այն կոշտ քայլերը, որոնց ԲՀԿ առաջնորդը դիմում է այս օրերին: Խոսքը կուսակցության ցուցակի անցողիկ տեղերում գնվող մի շարք անձանց պատգամավորական մանդատից զրկելու մասին է: Ընդ որում, կա նաեւ տվյալ, որ տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած ու այսօր էլ մանդատից զրկված ԲՀԿ-ական պաշտոնյաները մի կողմից այս կերպ իրենք իրենց համար են հող նախապատրաստում, որ եթե հանկարծ Ծառուկյանը տապալվի, ապա կարողանան սեփական մաշկը փրկել, իսկ եթե արդյունքում ԲՀԿ առաջնորդը վերականգնի կուսակցությունում իր անվերապահ կառավարողի դերը, ապա կարողանան նոր կոալիցիայում կրկին գործադիր պաշտոններ վերցնել: Մի խոսքով, ԲՀԿ-ում թեեւ Գ. Ծառուկյանը դիմեց նման կոշտ քայլերի, սակայն այստեղ իրավիճակի վերջնական հստակեցումը շատ բանով կախված է նաեւ ՀՀԿ-ից: Այսինքն` վերջինս կցանկանա± ԲՀԿ-ին կրկին հրավիրել կոալիցիա: Դա այս պահին թերեւս ԲՀԿ առաջնորդի համար կլիներ լավագույն տարբերակը, քանի որ, հակառակ դեպքում, մի կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնող ԲՀԿ-ականները կարող են դիմել առնետավազքի, մյուս կողմից էլ` կուսակցության մնացած հատվածին Վ. Օսկանյանը չի հապաղի առաջնորդել դեպի ընդդիմադիր դաշտ: Իսկ այնտեղ արդեն համագործակցության հիմնական ուղղությունը դեպի, այսպես ասենք, արեւմտամետների ճամբարն է:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ
Դեպի նույն ճամբար տեղափոխվելու հակումներ է ցույց տալիս նաեւ ՙՀանրապետություն՚ կուսակցությունն իր առաջնորդ Արամ Սարգսյանով հանդերձ: Հիշեցնենք, որ այս օրերին նա հայտարարեց ինչպես պատգամավորական մանդատից հրաժարվելու, այնպես էլ ՀԱԿ-ից դուրս գալու իր նպատակների մասին: Բայց Ա. Սարգսյանի հայտնի հայտարարության մեջ տեղ գտած որոշ պահերի փորձենք ուշադրություն դարձնել` իհարկե մի կողմ թողնելով ժողովրդի հետ փողոցում լինելու եւ այնտեղ ՙամեն ինչ անելու՚ մասին լիրիկական զեղումները: Այսպես, պարոն Սարգսյանը նախ փաստում է, թե ՀԱԿ-ից դուրս գալու հավանականությունը բացատրվում է նրանով, որ. ՙԱնցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքին քաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ՚: Ընդ որում, նրա խոսքերից երեւում է, որ այս տարաձայնություններն ի հայտ են եկել մոտ մեկ տարի առաջ: Նկատենք, որ դրանից ավելի շուտ ՀԱԿ-ը համարվում էր, այսպես ասած, ՙնարնջագույն՚ կառույց, ասել է թե` արեւմտյան քաղաքականության կրող: Եվ մոտավորապես 1-1,5 տարի առաջ էր, որ ի հայտ եկավ տեսակետ այն մասին, որ տարբեր ձախողումների, խոստումները կատարել չկարողանալու պատճառով Արեւմուտքը հրաժարվել է ՀԱԿ-ի, ավելի ճիշտ` վերջինիս ղեկավար կազմի ծառայություններից եւ խորհրդարանական ընտրություններում հիմնական շեշտն ու ֆինանսական միջոցները կներդնի այլ կառույցների վրա: Այդ փուլում էր, որ ՀԱԿ-ից տարանջատվեց նրա մի մասը ու ՙԱզատ դեմոկրատներ՚ անվան տակ ընտրություններում կցվեց ՙԺառանգությանը՚: Եվ հենց ՙԺառանգությանն՚ էլ նախընտրական շրջանում ՀԱԿ-ի մի շարք լիդերներ սկսեցին մեղադրել, կոպիտ ասած, արեւմտյան ՙշպիոնության՚ եւ այնտեղից ֆինանսավորվելու մեջ: Մեկ հանգամանք եւս. ընտրությունների ամենաթեժ պահին Ա. Սարգսյանն անակնկալ այց կատարեց Բրյուսել, որը հարուցեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ դժգոհությունը: Թե ինչո±ւ էր Ա. Սարգսյանը մեկնել Արեւմուտքի ոչ պաշտոնական մայրաքաղաք, այդպես էլ լրջորեն չմեկնաբանվեց: Բայց այստեղ էականը բուն փաստն է. այն, որ հենց Բրյուսելից վերադառնալով է նա հայտարարում, թե ՀԱԿ-ի հետ ունեցել է նաեւ ՙարտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ՚ հակասություններ, դա նշանակում է մեկ բան, որ Ա. Սարգսյանն իրեն համարում է հենց բրյուսելյան ուղղության քաղաքականության կրող:
Մեկ նրբերանգ եւս. լրագրողներին իր հայտնի հայտարարությունը ներկայացնելով` Ա. Սարգսյանը նման մեկ միտք էլ հնչեցրեց. ՙԱռաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հասանելի կլինեմ եւ կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին՚: Ինչո±ւ մեկ շաբաթ հետո. դա կարող է նշանակել մեկ բան, որ դեռ ընթանում են քննարկումներ ու որոշակի հարցեր կհստակեցվեն այդ ժամանակահատվածում: Մասնավորապես որ կոնկրետ որոշում կներկայացվի ՀԱԿ-ի հետ կապված, ինչպես նաեւ ըստ մեր քաջատեղյակ աղբյուրների, կավարտվեն, այսպես ասենք, ՙԺառանգության՚, ավելի ճիշտ` նրան ընտրությունների ժամանակ կցված ՙԱզատ դեմոկրատների՚ հետ ընթացող բանակցությունների արդյունքները: Բացի այդ, ըստ մեր նույն աղբյուրների, Ա. Սարգսյանն այսօր փորձում է իր կողմը գրավել նաեւ եղբոր` Վազգեն Սարգսյանի մերձավոր այն անձանց, ովքեր նրա մահվանից հետո մնացել են ՙշրջանառությունից դուրս՚: Եվ կան խոսակցություններ նաեւ այն մասին, որ արդյունքում Ա. Սարգսյանը, այդ ամբողջ հիմքով, կարող է եւ դառնալ արեւմտամետների ներկայացուցիչը գալիք նախագահական ընտրություններում: Թեեւ այստեղ կա նաեւ նույն բլոկին պատկանող Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը: Իհարկե, Րաֆֆին նախագահական ընտրություններում իր լիդերության համար դեռ կպայքարի: Բայց նրան իշխանությունների հետ կապելու քաղաքականությունն էս գլխից կարող է վերջնականապես օրակարգից դուրս թողնել Ր. Հովհաննիսյանին:
Նկատենք, որ Արամ Զավենիչով դեռ ՀԱԿ-ի ներսում ընթացող խմորումները չեն վերջանում: Այստեղ կան մի շարք այլ գործիչներ եւս, ում մանդատ բաժին չի հասել: Վերջիններս արդեն իսկ մի կողմից սկսել են քննադատել մանդատ վերցրած ՀԱԿ-ականներին, ինչպես նաեւ կան լուրեր, որ նրանք եւս չեն հապաղի համալրել նոր ձեւավորվող արեւմտամետների ճամբարը: Մասնավորապես` կարկառուն կոնգրեսական ու դեռ հնուց հայտնի արեւմտամետ Հովհաննես Հովհաննիսյանը, պատասխանելով ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարի մասին հարցին, ասում է. ՙԵս իմ քաղաքական որոշումների մասին անպայման կտեղեկացնեմ, երբ պետք լինի, ժամանակը գա, ամեն ինչ կասեմ՚: Այսինքն` չի էլ թաքցնում, որ ՀԱԿ-ից դուրս գալ-չգալու մասին որոշումն ընադմենը ժամանակի խնդիր է:
ՈՒ ԿԻԿԻՆ ԼԻԴԵՐԻ ԽՆԴԻՐ
Մի խոսքով, արդեն սկսում են տեսանելի դառնալ, թե մոտավորապես ինչ կառուցվածքով են հայաստանյան ՙնարնջագույնները՚ արդեն իսկ սկսում պատրաստվել գալիք նախագահական ընտրություններին: Սակայն, չնայած որոշակի ուժեր միավորելու հավանականությանը (եթե, իհարկե, ԲՀԿ-ի ՙնարնջագույնականացման՚ հարցը հաջողվի լուծել), կա լիդերության բավականին լուրջ խնդիր: Մի կողմից լիդերային հավակնություններ է դրսեւորում Ա. Սարգսյանը, մյուս կողմից` Վ. Օսկանյանը, իսկ Ր. Հովհաննսիյանի համար, ինչպես հայտնի է, աշխարհի կենտրոնը հենց ինքն է:
Ինչ վերաբերում է ԼՏՊ-ին, ապա պարզ է, որ ՀԱԿ-ից պոկված բեկորների ու ՙԺառանգության՚ համար այլեւս լիդեր չէ ու չի էլ լինի: Եվ առհասարակ, նա կմտնի± գալիք նախագահական ընտրությունների եռուզեռի մեջ. ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր որոշ աղբյուրները փոխանցում են, որ համենայնդեպս այս պահին ԼՏՊ-ն փորձում է խուսափել դրանից: Իսկ նման խառնիճաղանջ իրավիճակում, թերեւս, ՙներնարնջագույն՚ բախումներն ունեն հավանականության մեծ բաժին: Համենայնդեպս, արդյունքում քիչ սպասելի է, որ կարողանան մեկ տարվա ընթացքում այն աստիճան համախմբվել, որ նախագահական ընտրություններում լուրջ հայտ կարողանան ներկայացնել: Չնայած չմոռանանք, որ ՙնարնջագույն՚ շարժումներում հաջողությունը շատ բանով կախված է դրսի ֆինանսավորման չափից, ուստիեւ ոչինչ բացառել չի կարելի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

