Իշխանության մյուս օղակի` մարզպետների հետ կապված եւս խոսակցությունների պակաս չկա: Հիմնական լուրերն այն մասին են, որ պաշտոնանկ կարվեն ՀՀԿ-ական այն մարզպետները, ովքեր ընտրություններում լավ արդյունքներ չեն ունեցել:
Այս տեսանկյունից, նախ` տրվում են Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, ապա` Արմավիրի մարզպետների անունները: Սակայն այստեղ որոշ նրբերանգներ կան, որոնց պարագայում այնքան էլ միանշանակ չէ, թե ինչ կլինի մարզպետների հետ: Օրինակ, Կոտայքում, թեեւ հաղթողը ԲՀԿ-ն էր, սակայն Կովալենկո Շահգալդյանի օգտին շատ հանգիստ կարելի է բերել այն հիմնավորումը, որ, ի վերջո, խոսքն այն մարզի մասին է, որը համարվում է, այսպես ասած, ԲՀԿ-ի կենտրոնակայանը: Մի քիչ այլ է վիճակը Շիրակում: Այստեղ, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, մարզի բոլոր բնակավայրերում ¥բացառությամբ` Գյումրիի¤ ԲՀԿ-ի նկատմամբ 14,5 հազար ձայնի առավելություն է ունեցել ՀՀԿ-ն, իսկ ահա Գյումրիում տարբերությունը 12 հազար է` ի օգուտ ԲՀԿ-ի: Եվ մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ մարզային ընդհանուր վատ արդյունքների համար ուղղակի մատնանշում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս այդպես էլ որեւէ լուրջ բացատրություն դեռ չի տվել, թե այդ ինչպե±ս է ստացվում, որ քաղաքապետի ընտրություններին ինքը միշտ հանգիստ հաղթել է, իսկ կուսակցական ընտրապայքարում` ջախջախիչ պարտություն կրել: Այսինքն` դեռ հարց է, թե այդ արդյունքների համար Գիզիրյա±նն է պատասխան տալու, թե± Ղուկասյանը: Իսկ ահա Արմավիրի հետ կապված կա այն կարծիքը, որ չնայած թվացյալ կայունության, մարզպետը` Աշոտ Ղահրամանյանը, հազիվ թե երկար պաշտոնավարի: Ընդ որում, նույն խոսակցություններն են շրջանառվում նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ կապված: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին էական խոսակցություններ, կարծես թե, չկան: Իսկ ահա, անկախ կոալիցիա լինել-չլինելուց, կան տվյալներ, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը կարող են լուրջ խնդիրներ ունենալ, ընդ որում, նաեւ սեփական կուսակցական ղեկավարության մոտ: