Հանրապետության այրերի ՙՀավատանք, որ փոխենք՚ կարգախոսի առաջին խնդրանք-պահանջը հայ հասարակությունը բավարարեց ավելի, քան հստակ:
Եկավ պահը այդ կարգախոսի հիմնական` ՙփոխենք՚ դրույթի իրականացման գործընթացը սկսելուն: Մեզանում ՙփոխենք՚ հասկացությունը առաջին հերթին արտահայտված է արդարության վերականգնումով, ինչին առայժմ խանգարում է համատարած կոռուպցիան, որը, գաղտնիք չէ, սկսվում եւ ավարտվում է դատաիրավական համակարգում: ՙԱնկախ դատարան՚ ձեւավորելու խնդիրն այս առումով առաջնայինն է, գործնական քայլեր կատարելը` ավելի, քան արդիական: Սակայն ենթադրել, թե երկու տասնյակ տարուց ավելի խորագույն կոռուպցիայի ճիրաններում գտնվող այն դատավորները, որոնց ՙմեղքերը՚ անջնջելիորեն փաստված են օրինական ուժ ստացած դատական ակտերում, կարող են վայրկենական անկախանալ առանց որեւէ երաշխիքների` կլիներ միամտություն: Հավանաբար, դա գիտակցելով, այսօր ՙթարմություն՚ է տրվել ՙհամաներման՚ գաղափարին, ըստ որի` անցյալի մեղքերն այլեւս առիթ չեն հանդիսանա` քրեական կամ այլ պատասխանատվության ենթարկելու դատավորներին: Անվերապահորեն ներել: Այլ տարբերակ չկա, եթե, իհարկե, Հայաստանը դատավորներ չներմուծի այլ մոլորակներից: Ներել, բայց ոչ անվերապահորեն: ՙՆերման՚ պետք է արժանանան բացառապես այն դատավորները, ովքեր կհամարեն, որ ունեն դրա կարիքը: Ինքնախոստովանություն: Միանշանակ` այո: Ժողովուրդը դա կհամարի ՙվախ չափել՚ եւ, միգուցե, բարոյական ինչ-որ փոխհատուցում… Անշուշտ, քիչ չեն լինի օրենքի ծառաներ, որոնց խիղճը մաքուր է, եւ, ներման կարիք չունենալով, նրանք չեն ցանկանա ընդգրկվել ՙհամաներվածների՚ ցուցակում: Սակայն այդպիսիների ՙմաքրամաքուր՚ լինելու փաստն արձանագրելը կամ հերքելը` դժվար խնդիր չի լինի, իսկ պատիժը հերքման դեպքում` անխուսափելի, խստագույն եւ անչափ արդյունավետ…