ՙՙՙՑԱՆԿԱՑԱԾ ԱՂԱՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԳՈՒՄԱՐՆ Է ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16![]()
ՑԱՆԿԱՑԱԾ ԱՂԱՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԳՈՒՄԱՐՆ Է ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաեւ աղանդավորները ձայն տալով որոշ կուսակցությունների: Նրանց մասնակցությունը գնալով ակտիվանում է եւ ինչպես երեկ ՙԱզդակ՚ ակումբում հայտարարեց ՙՔայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական՚ կազմակերպության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ, ոմանք նույնիսկ արդեն ընտրվել են, իսկ թե քանիսը` պարզ կդառնա վերջնական արդյունքները հրապարակվելուց հետո: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աղանդ ձգտում է առավել շատ մարդ ներգրավվել իր կառույցում, սակայն մեկը մյուսից տարբերվում է հոգեորսություն կատարելու տարբեր տեխնոլոգիաներով: Եվ այսպես ՙԻրավունք՚ թերթը մի քանի անգամ անդրադարձել է ՙԽորան՚ նոր ձեւավորվող աղանդին Հայաստանում, որը մեզ մոտ գրանցվել է ընդամենը 2009 թվականին: Աղանդների շատացման ու դրանց ներթափանցման մասին ակումբ հրավիրված Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր ՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց. ՙՍկսած 1988 թվականից, յուրաքանչյուր աղանդ օգտագործելով բարեգործական տարբեր տիպի միջոցառումներ ներմուծվեցին Հայաստան եւ այդ կերպ արմատ գցեցին հայոց հողի վրա: Միշտ էլ մտահոգիչ է եղել աղանդների առկայությունը մեզ մոտ, որը ազգային անվտանգության հարց է եւ որպես հոգեւորական կոչ եմ անում մեր օրենսդիրներին, որպեսզի համապատասխան օրենքներով սահմանափակեն աղանդների գործունեությունը: Հիշենք Հիսուսի խոսքը, ով ասում էր. ՙԶգուշացեք օտար մարգարեներից, նրանք գառան կերպարանքով են ներկայանում, սակայն նրանց ներսն ամբողջովին լեցուն է գայլային մտածողությամբ: Եվ այն թագավորությունը, որը բաժանված է մասերի ենթակա է կործանման՚: Նշեմ, որ յուրաքանչյուր աղանդ ինքը ենթադրում է բաժանում, իսկ մենք առանց այդ էլ փոքր ազգ ենք եւ ամեն աղանդ հոգեւոր առումով մասնատելով մեր ազգը, այն թուլացնում է, որի համար ես բարձրաձայնեցի ազգային անվտանգության խնդիրը: Դրա համար անհրաժեշտ է պարզապես հետեւել մեր եկեղեցուն եւ յուրացնել ավանդական սկզբունքները, դրանով իսկ կպայքարենք աղանդների դեմ՚:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 2-7 ՏԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսկ ահա պարոն Ամարյանը ՙԽորան՚ աղանդի մասին լրագրողներին փոխանցեց հետեւյալը. ՙԱյն ստեղծվել է 2004 թվականին Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական համայնքում, իսկ 2009թ. գրանցվել է Հայաստանում որպես կրոնական կառույց: ՙԽորանի՚ գաղափարախոսությունը պատկանում է խարիզմատիկ, կամ նոր հոգեգալստականների ընտանիքին: Ցանկացած աղանդավորական կառույցի հիմնական խնդիրը դա գումարն է եւ իշխանությունը: Իսկ ՙԽորանը՚ իր քարոզների մեջ տալիս է այն հանգամանքը, որ միակ Ճշմարիտ եկեղեցին ինքն է, իսկ մնացածը սուտ են, այդ թվում Հայ Առաքելականը: Այս կազմակերպությունը այդքան անդամներ չունի, պարզապես նրանց հարկավոր էր ունենալ 2 հազար անդամ գրանցման համար եւ, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչն էր հիմք ընդունել կառավարության ազգային փոքրամասնության եւ կրոնի վարչությունը, որ գրանցել են, բայց իրենց քարոզչությունը ուսումնասիրելով տեսնում ենք, որ ոչ մի քրիստոնեական հիմք չկա: Ցավալին այն է, որ նրանք գրանցվել են գաղտնի: Մեր պայքարը չպետք է լինի մոլորվածի դեմ, այլ ծայրահեղ մեթոդներով պետք է պայքարել նրանց ղեկավարների դեմ, որ վերացվի հոգեւորսական գործընթացը: Այն ինչ կատարվում է բոլոր աղանդավորական կառույցներում, դա հատուկ ծառայությունների մեխանիզմով մարդկանց հոգեորսության ենթարկելն է, իսկ հատուկ ծառայություններում կա մի արտահայտություն` վերբովկա, որը գրեթե նույն բանն է ինչ հոգեորսությունը: Աղանդավորական կառույցներից մեկի ղեկավարի մոտից հայտնաբերել էին հայտնի Մալախովի ՙԹաքնված գիպնոզ՚ գիրքը, որտեղ մանրամասն նկարագվում է, թե ինչպես կարելի է մարդուն գցել հիպնոտիկ վիճակի մեջ, որը նա նույնիսկ չի զգում եւ շարունակում է ապրել իր կյանքով, բայց ինչ-որ մեկը նրան արդեն կողքից ղեկավարում է, հրամաններ տալիս: Այն ինչ կատարվում է Հայաստանում, միայն կարող եմ ասել, որ վտանգի առաջ ենք կանգնած, քանի որ ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդներն արդեն 350 հազարն են: Այն կրոնական կառույցները որոնք փակ են, դրանք արդեն իսկ քայքայիչ են, իսկ, իրականում, հավատքի մասին դռները պետք է բաց լինեն, որպեսզի կարողանա իրականացնել իր կանոնադրական` մարդու իրավունքներում ամրագրված ընտրության իրավունքը, որը մենք չունենք, որովհետեւ ընկնելով այդ կառույցների մեջ կորցնում ենք ընտրություն հասկացողությունը, բայց աղանդավորները ակտիվորեն մասնակցում են ընտրություններին: Նախկին եւ ներկա ընտրությունների բանակցությունները ցույց տվեցին, որ աղանդավորնեը ակտիվ փորձում են ներխուժել քաղաքական կյանք: Իսկ որոշ կուսակցությունների ղեկավարները օգտվում են այն իրավիճակից, որտեղ աղանդավորների հովիվը ինչ ասում է, նրանք պարտադիր կատարում են: Այնտեղ փող չեն բաժանում, միայն հրամայում են ու ի կատար ածում: Ամբողջ աշխարհում մարդուն քայքայիչ աղանդից վերականգնելու համար անհրաժեշտ է 2-7 տարի ժամանակ: Նշեմ, որ կոնկրետ ՙԽորան՚ աղանդի հիմնական ներկայացուցիչները, Իսպանիայում, երիտասարդներ են, որոնց մի մասը հայտնի են, ակտիվորեն մասնակցելով գողություններին, որոնք ՙբարեգործական՚ ծրագրերով հայտնվել են Հայաստանում` առանց հետազոտելու, թե որտեղից է այդ գողոնը ծագել, այսինքն օգնություններ հավատացյալ քույրերին ու եղբայրներին: Այդ ծրագրով ապրանքը գալիս է Հայաստան, ազատվելով մաքսազերծման գումարից, քանի որ բարեգործական է եւ կարճ ժամանակահատվածում այդ նույն ապրանքը հանվում է վաճառքի եւ այդ գումարներով այլ նպատակներ են իրականացնում՚:
Ասուլիսին ՙՄԵԼ՚ նախագահ Սեւակ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես է իրենց կառույցը հայտնաբերել ՙԽորան՚ աղանդին, Իսպանիայում գտնվող մեր հայրենակիցների ահազանգով: Այս կապակցությամբ, ինչպես մենք արդեն ներկայացրել էինք ՙԻրավունք՚ թերթի նախորդ համարներում, վերջիններիս զանգահարել էր կառույցի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը եւ սպառնալիքներ հնչեցրել, որ նրանց գտնելու համար անհրաժեշտ է երկու րոպե ժամանակ, ինչպես նաեւ կաշառք առաջարկել, ասելով, թե որքան է հարկավոր ձեզ մեր օգտին խոսելու համար: Որպես փաստ Ս. Հովհաննիսյանը նշեց այն, որ Իսպանիայում մեր հայրենակիցները ասել են, որ իրենց հավատացյալների ոսկեղենները վերցնում-ուղարկում են Հայաստան, որտեղ ոմն Ռուդիկ Հարությունյան ոսկու շուկայում վաճառում է այն: Այդ կապակցությամբ ՙՄԵԼ՚-ը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին, իրենց անվտանգության համար, բայց մինչեւ օրս արձագանք չկա: Այս մասին բողոք է ներկայացվել նաեւ ԱԳՆ-ին, որպեսզի նախարարությունը դադարեցնի Հրաչյա Խաչատրյանի գործունեությունը, որը եւս անարձագանք է մնացել:
ՈՎ ՉԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ԻՐ ՓՐԿԻՉԸ ԳԱ ԻՐ ՏՈՒՆ
Ասուլիսի հյուրերի ցանկում գտնվող ՙԷություն՚ հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր նախագահ, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը իր կողմից ավելացրեց. ՙԵս կարծում եմ, որ բոլոր աղանդապետերը անցնում են թրեյնինգներ, թե ինչպես ազդել եւ որսալ այն մարդկանց հոգիները, ովքեր կդառնան իրենց թիրախը: Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն կայուն հոգեկան աշխարհ, համոզմունքներ, ամուր են իրենց հավատքի մեջ, երբեք չեն դառնա աղանդավոր: Շատ թերություններ գալիս է հենց ընտանիքից, դպրոցից եւ շրջապատից: Ծնողներ կան, որոնք այդքան էլ ուշադիր չեն իրենց երեխաների նկատմամբ եւ այն հոգեւոր արժեքները, որոնք պետք է փոխանցեն, կարծես անտեսում են: Նկատենք նաեւ, որ մեր եկեղեցիները եւս փոքր-ինչ պասիվ են եւ մեր հոգեւորականները սպասում են, որ հետեւորդները գան իրենց մոտ, իսկ ծնողի խնդիրն այն է, որ հասցնեն երեխային նրան, որ երեխան գա դեպի եկեղեցի: Իսկ սրան զուգահեռ աղանդավորը գալիս թակում է մեր դուռը եւ ասում, որ մենք եկել ենք ձեզ օգնելու: Իսկ ո±վ չի ցանկանա, որ իր փրկիչը կամ հարցեր լուծողը գա իրենց տուն: Եվ տվյալ դեպքում այն մարդիկ, ովքեր ունեն անկայունության խնդիրը, ընկնում են այդ թակարդը, որից դուրս գալը շատ դժվար է, ժամանակ է պահանջում եւ անգամ պետք է փոխել զոհի պետությունն ու շրջապատը: Մեր հետազոտությունների արդյունքում, որը անցկացվել է Հայաստանում ճշտելու համար մարդկանց վերաբերմունքը աղանդների նկատմամբ ստացվել է, որ 30% գտնում է, որ եթե աղանդը քրիստոնեական է, իրենք դեմ չեն, 6% կատեգորիկ դեմ է, եթե ոչ քրիստոնեական է, իսկ մնացած 64 տոկոսը անտարբեր է ցանկացած աղանդի նկատմամբ: Այս առումով պետք է ընտանիքը, դպրոցը, պետությունը եւ եկեղեցին միանան ու ստեղծեն կայուն միջավայր մեր երկրում՚:
Նյութը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

