ԱՍՔ ՙՈՐՁ ԿՈՎԵՐԻ՚ ԿՈԱԼԻՑԻԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16![]()
ԱՍՔ ՙՈՐՁ ԿՈՎԵՐԻ՚ ԿՈԱԼԻՑԻԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՊԱԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Աչքներս լույս. քանի որ ԼՏՊ-ն հրաժարվեց մանդատից եւ հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը պետք է գլխավորի Հրանտ Բագրատյանը, ուստի ՙորձ կովերի՚ հռչակավոր պատմությունը վերադառնում է իշխանական շենքեր, ու թերեւս ապագա վարչապետը ով էլ որ լինի, հարկադրված է լինելու գործ ունենալ Բագրատյանի հարցերի, հայտարարությունների, պնդումների հետ:
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի օրերը կդառնան շատ աղմկալի, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանն էլ հաստատ գերազանցելու է հռչակավոր Արշակ Սադոյանին: ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Փաստորեն ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ բողոքավոր ընտրազանգվածների բավականին հետաքրքիր վերաբաշխում: ՀԱԿ-ի` 2008-ին ունեցած 350 հազար ընտրազանգվածից 250-ը փախուստ կատարեցին դեպի ԲՀԿ, որին ընդդիմադիրի դափնեպսակով զարդարելու համար շատ ու շատ բան արեցին Վարդան Օսկանյանն ու, հատկապես, ԼՏՊ-ն: Դե ինչ, Լեւոնի պես փորձառու քաղաքական աղվեսն այս անգամ երկու թաթով ընկավ թակարդը, եւ ՀԱԿ-ի ընտրազանգվածի փախուստն ու մի կերպ խորհրդարան հասնելը վկայում են, որ նույն 2008-ին բողոքավոր զանգվածները լավ կյանքից չէ, որ քվեարկել էին ԼՏՊ-ի օգտին, ու հենց որ հայտնվեց ուրիշ մեկը, գերադասեցին հրաժարվել ՀԱԿ-ից էլ, նրա առաջնորդից էլ: ՀՅԴ-ի` 2008-ի բողոքավոր ընտրազանգվածն էլ պակասեց, իսկ 2008-ին Արթուր Բաղդասարյանին քվե տված առավել քան 200 հազար բողոքավորների հետքն էլ չի երեւում: Դե պարզ է, որ որոշակի վերաբաշխում է եղել նաեւ դեպի ՙԺառանգություն՚, բայց փաստը մնում է փաստ, որ 4 տարվա ընթացքում բողոքավոր զանգվածը քանակապես պակասել է: Եթե 2008-ին այն կազմում էր շուրջ 700 հազար, ապա այժմ մոտ կես միլիոն է: Անշուշտ, անլուրջ է ականջ դնել ԼՏՊ-ի այն պնդմանը, թե այդքանը պարզապես արտագաղթել են:Պարզապես մարտիմեկյան արյունոտ դեպքերը բողոքավոր մարդկանց մի մասին վանել են առհասարակ ընդդիմադիր գործիչներից: Իսկ մնացյալի որակն էլ փոխվել է` այժմ ավելի շուտ գերադասում են նրանց, ովքեր փոփոխություններ են խոստանում, քան իշխանափոխություն գոռացողներին: Զորօրինակ` ըստ ՙԳելլափի՚, կասկածելի էր, որ ՙԺառանգությունը՚ կկարողանա հասնել խորհրդարան, սակայն այդ կուսակցության արշավում հակաքարոզչության սակավությունը դրականորեն ազդեց ՙԺառանգության՚ վարկանիշի վրա: ԼՏՊ-ի ընտրազանգվածն էլ փախավ դեպի ԲՀԿ, որովհետեւ ԼՏՊ-ն էր ինքն իրեն պատռում, թե ԲՀԿ-ն այլեւս ՙավազակապետական՚ չէ, գումարած դրան` նույն ԲՀԿ-ից հակաքարոզչությամբ զբաղվում էին միայն Օսկանյանն ու Հմայակը, իսկ Ծառուկյանի շուրթերից նման բան երբեւէ չէր հնչում:
Հիմա ԲՀԿ-ն կարող է պահպանել ՀԱԿ-ից նվեր ստացած բողոքավոր 250 հազար քվեները, եթե ինքը հրաժարվի կոալիցիայի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ: Կոալիցիա մտնելու դեպքում այդ 250 հազար հոգին նոր ՙհասցեատեր՚ են փնտրելու, եւ ընդդիմադիրների մոտ կսկսվի կատաղի պայքարը եւ մրցակցությունը այդ քվեների համար: Անշուշտ, ՀԱԿ-ն իրեն կպատռտի խորհրդարանում, միայն թե այդ քվեների մի մասը հետ բերի: Այդ քվեների համար, բնականաբար, կպայքարեն ՀՅԴ-ն եւ ՙԺառանգությունը՚: Եվ բոլորը այդ պայքարը մղելու են` նկատի ունենալով 2013-ի նախագահական ընտրությունները: Անշուշտ, կասկածելի է, որ ստացած ցնցող հարվածից հետո ՀԱԿ-ին հաջողվի ոտքի կանգնել ու ԼՏՊ-ով մասնակցել 2013-ի ընտրություններին, եւ, ի դեպ, դա, կարծես թե, շուտվանից գիտեր եւ ԼՏՊ-ն, քանի որ հայտարարում էր, որ 2013-ի նախագահական ընտրությունների կմասնակցի միայն այն դեպքում, եթե դրանց առաջադրված լինի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի առաջադրումն այդ ընտրություններին բավականին մեծ կասկածի տակ է:
Դե իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն ու դաշնակները կփորձեն ԲՀԿ-ի ձեռքն ընկած ընդդիմադիր քվեների ՙվերմակը՚ յուրաքանչյուրն իր վրա քաշել, բայց չպետք է բացառել, որ խորհրդարանից դուրս ի հայտ գա լրիվ նոր ուժ կամ դեմք (կամ համապատասխան կուլիսներում դա ծրագրեն եւ իրագործեն), որը եւ այդ քվեներին տեր կկանգնի:
Սակայն վերադառնանք չորս տարվա ընթացքում շուրջ 200 հազարով բողոքավոր ընտրազանգվածի նվազեցմանը: Ճիշտ է, հենց այդ ընտրազանգվածի ներկայացուցիչներն ավելի են հակված դեպի արտագաղթ, սակայն արտագաղթը չէ այդտեղ վճռորոշ նշանակություն ունեցել, համ էլ մնացյալ բողոքավոր ընտրազանգվածի մեծ մասը գնալով ավելի ու ավելի է հակվում դեպի կառուցողական կեցվածք ունեցող ընդդիմադիրներ: Պատճառը, որ, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, մեր երկրում բողոքավոր տրամադրությունները պակասել են, թերեւս այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը մեր երկիր ներմուծեց առավել հանդուրժողական մթնոլորտ, որը նաեւ նպաստեց, որ թերեւս նորագույն պատմությունում առաջին անգամ է, որ Հայաստանում չկան հետընտրական ցնցումներ:
Եթե մինչ նախագահական ընտրությունները շարունակվի հանդուրժողականության, ժողովրդավարության, ազատության մթնոլորտի խորացումը, ու, առավել եւս` դա ուղեկցվի թեկուզ ոչ մեծ, բայց երեւացող տնտեսական տեղաշարժերով, ապա 2013-ին բողոքավոր ընտրազանգվածի ընդհանուր քանակը կրկին կպակասի: Ճիշտ է, զանգվածների համակրանքը շահելու այլ մեթոդ էլ կա` հանրության աչքի գրող պաշտոնատարների նկատմամբ կոշտ ռեպրեսիաները, բայց, կարծես թե, ՀՀ նախագահը այդպիսի մեթոդների նկատմամբ առանձնապես սեր չունի:
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ` 2013 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Խոշոր հաշվով, օրենսդիր մարմնի անխափան աշխատանքն ապահովելու եւ կառավարություն կազմելու համար ՀՀԿ-ն որեւէ կոալիցիայի կարիք` որպես այդպիսին, չունի: Չէ± որ ՀՀԿ-ն ունի ԱԺ մանդատների հստակ մեծամասնություն, իսկ եթե դրան գումարենք նաեւ ՕԵԿ-ի մանդատները, ապա` առավել եւս: Համ էլ տեսականորեն բացառված չեն կոալիցիաները, որոնց կազմում ԲՀԿ-ն չկա: Հետընտրական պրոբլեմներն էլ բացակայում են` ոչ բողոքի փողոցային թեժ գործողություններ կան, ոչ էլ ընտրախախտումների վերաբերյալ բավարար քանակով արձանագրություններ: Դա պայմանավորված է ոչ միայն ընտրական գործընթացի որակի իրական շեշտակի բարձրացումով, այլ, ինչքան էլ տարօրինակ լինի, դրան ակամա նպաստեց եւ ընդդիմությունը` իր ՙնարնջագույն՚ շտաբ ստեղծելու ավանտյուրայով: Վարդան Օսկանյանի ու Հմայակ Հովհաննիսյանի ջանքերով այդտեղ ԲՀԿ-ին ներքաշելը, գումարած դրան` Լեւոնի կողմից ԲՀԿ-ի հասցեին շռայլված դիֆիրամբները բերեցին նրան, որ, ուզած-չուզած, ընդդիմության մոտ հանդուրժողական վերաբերմունք ձեւավորվեց ինչպես դեպի ԲՀԿ-ի ՙընտրատրակտորները՚, այնպես էլ դեպի ընտրակաշառքի երեւույթն առհասարակ: Դրա պատճառով օբյեկտիվորեն էլ ավելի պակասեց բողոքների քանակը եւ խախտումների արձանագրումը: Արդյունքում ԱԺ ընտրությունները առանց լուրջ վերապահումների ճանաչված են արդեն աշխարհի կողմից, իսկ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունն էլ պաշտոնապես շատ բարյացակամ շնորհավորեց ՀՀԿ-ին հաղթանակի կապակցությամբ:
Կոալիցիա ձեւավորելու խնդիրը ծագում է այլ հարթության վրա` դրանից կախված է նաեւ ԲՀԿ-ի վարքագիծը նախագահական ընտրություններին ընդառաջ: Ճիշտ է, եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիայի մեջ, ապա միանգամից կկորցնի բողոքավոր ընտրազանգվածը, սակայն այդ դեպքում ԲՀԿ-ի ռեսուրսները կգումարվեն նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի ռեսուրսներին: Եվ ինչը էլ ավելի կարեւոր է, ԲՀԿ-ն, որպես այդպիսին, չի խոչընդոտի ՍերԺ Սարգսյանի ընտրարշավին` աջակցելով տարատեսակ ՙնարնջագույնների՚: Սակայն, ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա փորձը, ԲՀԿ-ն իրեն դրսեւորեց որպես ոչ այնքան հուսալի գործընկեր հատկապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի ու Արեւմուտքի ՙքավորությամբ՚ այդտեղ ներմուծվեցին Վարդան Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի տիպի` ներկուսակցական կարգապահությունն ու հիերարխիան բացարձակապես անտեսող կադրեր: Կոալիցիա կազմելու դեպքում չպետք է բացառել, որ անմիջապես նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն կփորձի նախապայմաններ առաջադրել, զորօրինակ` վարչապետի պաշտոն ուզելով: Դե, անշուշտ, ոչ թե իր, այլ Ռոբերտ Քոչարյանի համար:
Սեփական թեկնածուով ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցելու գրեթե հնարավորություն չունի: Վարդան Օսկանյանը արդեն իսկ հայտարարել է, որ նախագահի թեկնածու չի առաջադրվելու, ինչը նա, անշուշտ, արել է` հաշվարկելով սեփական հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանն էլ դժվար թե որպես թեկնածու մասնակցի, քանզի ծանոթացավ իրեն այդպես դուր չեկած Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական ճշմարտությանը, որն ունի ընդամենը 2,5 տոկոս վարկանիշ, համ էլ ինքն էր խոստովանել, որ դեռ չգիտի` իր վերադարձի պահանջարկ կա±, թե± ոչ: Եվ մինչեւ 2013-ը ժամանակը չափազանց քիչ է, որպեսզի հնարավոր լինի, այսպես ասած, ՙհանրային պահանջարկ՚ ձեւավորել: Հիշեցնենք, որ ե°ւ ԼՏՊ-ին, ե°ւ անգամ Կարեն Դեմիրճյանին այդպիսի գործընթացի համար պահանջվել էր 9-10 տարի: Իսկ, օրինակ, որեւէ սխեմայով 2013-ին վարչապետությունը ստանձնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կկարողանա արդեն հնարավորություններ ստեղծել, որպեսզի լավ շանսեր ունենա 2018-ի նախագահական ընտրություններին (առավել եւս, որ արանքում կան նաեւ 2017-ի ԱԺ ընտրությունները):
Այնպես որ, կոալիցիա ստեղծել-չստեղծելու հարցը առնչվում է արդեն հետագա, նոր ընտրական գործընթացների հետ, ու ճիշտ են այն բրիտանական քաղտեխնոլոգները, որ նշում են, թե նախորդ ընտրությունների արդյունքները ամփոփելու պահից սկսվում է նոր ընտրությունների արշավը: Տվյալ դեպքում կարելի է ասել, որ 2013-ի նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է: Այսինքն` ինչ է ստացվում: Անշուշտ, եթե ԲՀԿ-ն կոալիցիայում չլինի, ապա նրա ունեցած վարչական ռեսուրսը ինքնին կվերաբաշխվի, ու ԲՀԿ-ին կմնա միայն որպես ընդդիմադիր ուժ հանդես գալու հեռանկարը` բազում կուսակցականների համար ոչ հաճելի բոլոր հետեւանքներով հանդերձ: Կոալիցիա մտնելու դեպքում 2013-ի նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի հնարավորությունները կավելանան, բայց միաժամանակ հարց է առաջանում ապահովագրվելու տհաճ անակնկալներից: Իսկ որ դեպքում է դա հնարավոր` թերեւս այն դեպքում, որ գլխանց ԲՀԿ-ն հրապարակավ հրաժարվի վարչապետական հավակնություններից, հրաժեշտ տա Օսկանյանի տիպի կադրերին, ու միգուցե նաեւ` հրաժարվի սեփական հեռուստատեսություն ունենալուց: Ու թերեւս հենց այդ բոլոր կողմ եւ թերի հանգամանքները հաշվի առնելով է, որ Դավիթ Հարությունյանը հայտարարում է, թե կոալիցիա ստեղծելու հնարավորությունը 50-ը 50-ի է:
Դե ինչ, առանց ԲՀԿ-ի էլ ՀՀԿ-ն բավականին մեծ ռեսուրս ունի 2013-ի համար: Սեփական 44 տոկոսը, գումարած` ՕԵԿ-ի ընտրազանգվածը, գումարած` ԲՀԿ-ի ընտրազանգվածի իշխանամետ հատվածի մի մասը, այսինքն` վստահաբար 55 ու ավել տոկոս ունենալու համար: Դա կարող է նաեւ ամրապնդվել այն ամենով, ինչը կհասցնի մեկ տարում անել ՀՀԿ-ն` իր խորհրդարանական մեծամասնությունով ու կառավարությունով: Դե, իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ընտրազանգվածին, ապա քիչ հավանական է, որ ի հայտ գա այդ զանգվածին կոնսոլիդացնելու ունակ խարիզմատիկ առաջնորդ, ու էլ ավելի քիչ հավանական է, որ այդպիսի առաջնորդի դերում հանդես գա Ռոբերտ Քոչարյանը: Բայց բոլոր դեպքերում նույն 2013-ին տարատեսակ ՙնարնջագույն՚ ցնցումներից ապահովագրվելը ամենեւին էլ ավելորդ չէ: Համ էլ սովորաբար բոլոր լուրջ ուժերը մտածում են նաեւ էլ ավելի հեռավոր ապագայի վերաբերյալ: Խոսքը տվյալ դեպքում արդեն 2017-ի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրությունների մասին է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

