Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնությանը ակտիվորեն պատրաստվում է առանց բացառության ամբողջ Ուկրաինան: Կիեւի ՙԲորիսպոլ՚ օդանավակայանում ֆուտբոլի հյուրերին բաժանում են ինտիմ ծառայությունների հասցեների գովազդներ:
Բուկլետների շնորհիվ տուրիստները ոչ միայն կարող են հեշտությամբ տեղաշարժվել քաղաքում, այլեւ տեղեկություն ստանալ մարմնավաճառների մասին: Բուկլետների վրա կան աղջիկների կիսամերկ լուսանկարներ, ինչպես նաեւ առաջարկվող ՙհաճելի՚ ծառայությունների ցանկը: Ուկրաինացիները վստահ են, որ ազգային գեղեցկուհիների նախաձեռնության արդյունքում կխթանվի նաեւ հյուրանոցների տերերի եւ տաքսիների վարորդների բիզնեսը:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԶՎԱՐՃԱՎԱՅՐՈՒՄ
Հայաստանի Սպիտակ քաղաքից Ղրիմ մեկնած 24-ամյա մի երիտասարդ տրավմատիկ ատրճանակից կրակել էր իր քունքին: Ինքնասպանության վայր էր ընտրվել Յալթայի բազմամարդ փողոցներից մեկում գտնվող ՙՄայամի՚ սրճարանը: Փամփուշտը թափանցել էր տղամարդու գանգը, սակայն չէր սպանել նրան: Կոմայի մեջ գտնվող երիտասարդ հայի կյանքը փորձում են փրկել Լիվադիայի հիվանդանոցում:
ՄԱՀԱԲԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ
Մոսկվայում երիտասարդ կինը կայծակի հարվածի զոհ է դարձել: Ըստ նախաքննության, 25-ամյա երիտասարդ կինն ու նրա ամուսինը չեն հասցրել պատսպարվել ամպրոպից եւ կայծակի հարվածի տակ են ընկել: Երկնային կրակը ՙհրապուրվել՚ էր կնոջ ականջին դրված բջջային հեռախոսով: Ամուսինը փորձել էր փրկել կնոջը, հասցրել էր նրան մոտակա բժշկական կենտրոն, սակայն բժիշկներն արդեն արձանագրել են կնոջ մահը: