ՙ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՊԱՀԵԼ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ...՚
Արխիվ 12-16![]()
Մայիս ամիսը հաղթանակների ամիս է, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերը եւ վերջապես մեր վերջին (առայժմ վերջին) հաղթանակը` Շուշիի ազատագրումը: Եվ հենց վերջին հաղթանակը կերտողներից է մեր այսօրվա զրուցակիցը. 1959թ. ծնված ազատամարտիկ Հակոբյան Նորայրը: Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը շատերի հետ Նորայրն էլ զինվորագրվեց:
ՙՉկան այն մարդիկ, որոնց մասին հիմա ափսոսանքով եւ սիրով ես հիշում: Անցյալում են այն օրերը, որոնք անց ես կացրել նրանց հետ՚,- ցավով հիշում է Նորայրը իր ընկերների մասին:
1992թ. մայիսի 4-ին բժիշկ Հարութի հրամանատարությամբ մեկնեցինք Շուշիի ազատագրմանը մասնակցելու: Ամբողջ Շուշիի ազատագրման գործողությունը մշակել էր գեներալ Դալիբալթայանը, իրականացնում էր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Մենք բժիշկ Հարութի հետ, մայիսի 4-ին հաշվառման կանգնեցինք Բալուջայում` Սամվելի ռազմական շտաբում: Արդեն մայիսի 6-ին բժիշկ Հարութը մեզ հայտնեց, որ մենք ստացել ենք Շուշին թշնամու թիկունքից` Ջանհասան-Քյոսալարի կողմից գրավելու հանձնարարություն:
Շուշիի հետ միակ կապը ադրբեջանցիների կողմից իրականացվում էր Ջանհասան-Քյոսալար ռազմական հենակետերից: Մենք հանձնարարություն էինք ստացել գրավել Քյոսալարի եւ Ջանհասանի ռազմական հենակետերը, ոչնչացնել զանգվածային ոչնչացման տեխնիկան եւ 122 միլիմետրանոց հրանոթը, կտրել դեպի Շուշի ազերիների կողմից օգնության հասնելու միակ ճանապարհը, թողնել միջանցք, որ Շուշիի խաղաղ թուրք բնակիչները դուրս գան քաղաքից: Մայիսի 7-ին առավոտյան ժամը 11:00-ի կողմերը մեզ շարեցին Բալուջայի ռազմական հենակետում, մոտավորապես 200 հոգի էինք: 100 հոգին Հայաստանի տարբեր շրջաններից էին, մյուս 100-ն էլ Ղարաբաղից էին: Մեզ տվեցին առաջին անհրաժեշտության իրերը` ռազմական մթերք, ինքնաձիգներ, նռնակներ, փամփուշտներ: Խոսեց գեներալ-գնդապետ Դալիբալթայանը, Բալուջայի ռազմական հենակետի հրամանատար Սամվելը, Արկադի Տեր-Թադեւոսյանը, Զորի Բալայանը:
Մեզ հանձնարարեցին մայիսի 7-ի գիշերը տեղակայվել Ջանհասան, Քյոսալարի ռազմական հենակետերում եւ այդտեղից էլ սկսենք Շուշիի գրավումը լուսադեմին եւ կասեցնենք ազերիների դեպի Շուշի օգնության հասնելու գործողությունները: Ճանապարհը շատ դժվար էր, թեքություն ունեցող զառիթափերով մագլցում էինք, սողում: Ճանապարհին մենք սովորում էինք նաեւ զինամթերք օգտագործելը: Մայիսի 8-ի գիշերը, ժամը մոտավորապես 3-4-ի կողմերը հասանք Ջանհասան ռազմական հենակետը: Աննկատ մենք թշնամու թիկունքում, միակ ճանապարհը, որ մոտենում էր ականապատեցինք: Գիշերը ժամը 4:00-ին սկսվեց հարձակումը ռազմական կրակակետի վրա: Անհավասար մարտ էր: Գալիս էր հետեւակը, ավտոբուսները, ԲՄՊ ու զինվորները: Մենք կարողացանք պահել այդ ճանապարհը: Կասեցրինք Քյոսալար-Ջանհասան եկող բոլոր զինտեխնիկան: Մենք ընկել էինք մի անելանելի վիճակի մեջ, մեզ խփում էին երեք կողմից: Խփում էին դեմից, խփում էին հետեւից` Շուշիի կողմից եւ երրորդ անհայտ կողմից էլ մեզ ռմբակոծում էին: Հիմնականում ռմբակոծում էին հեռահար ականանետերով: Մարտը տեւեց 4-5 ժամ: Մարտի ընթացքում զոհ գնաց 27-30 հոգի: Մայիսի 8-ին առավոտյան ժամը 9:00-ին Շուշին արդեն ազատագրված էր: Մարտի ավարտից հետո մեզ տրվեց հետ քաշվելու հրաման: Երբ իջանք համարյա բոլորս էլ վիրավոր էինք, տարան հոսպիտալ, մի մասիս բժիշկները կարողացան փրկել, մյուսներին` այդպես էլ չհաջողվեց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

