ՙՀՐԱԶԴԱՆԸ՚ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է
Արխիվ 12-16![]()
Ինչպես երեկ տեղեկացրել էր հոլանդական De Telegraaf-ը, հոլանդացի ֆուտբոլային մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնական:
Իսկ Ֆերհեյենը ՙԵվրո-2008՚-ի ժամանակ ընդգրկված էր Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբում, որը գլխավորում էր Գուս Հիդինկը: Ըստ հոլանդական լրատվամիջոցի, ՀՖՖ-ն նրա հետ երկու տարվա պայմանագիր է կնքել:
Հոլանդական De Telegraaf-ի հրապարակմանը, որը տեղ էր գտել նաեւ հայկական մամուլում, անմիջապես արձագանքել է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ` աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում` Ֆրանկ Ռայկարդի եւ Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, ինչպես արդեն վերեւում նշեցինք, ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ, երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի, եւ հոլանդացի մասնագետ Ֆերհեյենը համալրի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր միայն կխոսի Ֆերհեյնի պարտականությունների մասին:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանի ազգային հավաքականի եւ հոլանդական ՙԱյաքսի՚ կիսապաշտպան ԱՐԱԶ ՕԶԲԻԼԻՍԸ, թիմի կազմում հռչակվելով երկրի չեմպիոն, մայիսի 7-ին Հոլանդիայում պետք է ենթարկվեր վիրահատության: Եվ ահա, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Արազն ասել է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, եւ որ իր ինքնազգացողությունը լավ է: Ըստ Արազ Օզբիլիսի բժիշկների հավաստման` 1-2 շաբաթից պարզ կդառնա, թե երբ Արազը կկարողանա սկսել մարզումները:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ից Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսում, իսկ մայիսի 31-ին Ավստրիայում ընկերական հանդիպում է անցկացնելու Հունաստանի ազգային հավաքականի հետ: Հունիսի 5-ին էլ Երեւանում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ղազախստանի հավաքականը:
Մենք բազմիցս անդրադարձել ենք ՙՀրազդան՚ մարզադաշտի խնդրին, ու երեւի ֆուտբոլասերն արդեն տեղյակ է, որ մարզադաշտը վերջապես վերանորոգվում է: Այդ խնդրին անդրադարձել է ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` մասնավորապես նշելով. ՙՀայաստանի ազգային հավաքականն իր ելույթներով ստիպեց լրջորեն մտածել ՙՀրազդան՚ մարզադաշտի վերակառուցման ուղղությամբ, եւ կարծում եմ այն քայլը, որ մենք կատարում ենք այսօր, առաջիկայում մեր ազգային հավաքականին կմղի նոր եւ առավել նշանակալի հաջողությունների: Առաջիկայում մենք կունենանք այս փուլի համար ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող, իր ենթակառուցվածքներով միջազգային հանդիպումներ սպասարկելուն պատրաստ, երկրպագուներին հարմար եւ, որ ամենակարեւորն է, մեր ազգային հավաքականին պատշաճ, որակյալ մարզադաշտ: Այս աշխատանքների հնարավոր ներդրումային ծավալը կկազմի 2-3 միլիոն ԱՄՆ դոլար՚: Ի դեպ, ՀՖՖ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ ՙՀրազդանը՚-ը նախապատրաստվելու է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Հույս ունենանք, որ ՙՀրազդան՚ մարզադաշտում հանդես գալը կոգեւորի հայ ֆուտբոլիստներին, եւ մարզադաշտում ու տղաների մոտ կարթնանա 70-ական թվականների ՙԱրարատի՚ հաղթական ոգին:
Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

