ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԱՅՍ ՄԱՅԻՍԸ ՇԱՏ ՆՄԱՆ Է 1992-Ի ՄԱՅԻՍԻՆ
Արխիվ 12-16![]()
Քսան տարի շարունակ, հենց որ մայիսն իր լիազորությունների մեջ է մտնում, Արցախում սկսվում է առանձնահատուկ մի շարժ: Իսկ այս տարի այդ աշխուժությունը կրկնապատկվել է, քանի որ լրանում են հայոց միակ ու հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակները:
Նույնիսկ արտասահմանցին, մտնելով Ստեփանակերտ, որի հենց մուտքին կախված է` ՙՇնորհավո°ր տոնդ, Արցա°խ, Հայաստա°ն, Սփյո°ւռք՚ ցուցապաստառը եւ, քայլելով մայրաքաղաքի փողոցներով, որոնք եւս զարդարված են նմանատիպ պաստառներով ու եռագույններով, անտարակույս, կհասկանա, որ Արցախում պատրաստվում են համազգային տոնի: Իսկ եթե նա շատ հետաքրքրասեր է եւ կուզենա իմանալ, թե այդ ինչ համազգային տոն է, ապա ինքնուրույն էլ, ուղղակի մի փոքր էքսկուրս կատարելով մայրաքաղաքի փողոցներով, կգուշակի, քանի որ ամեն քայլափոխի կհանդիպի ՙհաղթական՚ ցուցապաստառների. ՙՑնծա, հայ ժողովուրդ, հաղթանակ ես տոնում՚, ՙՄեր բանակը մեր հպարտությունն է՚, ՙՄենք հավատում ենք մեր ապագային՚, եւ այլն: Իսկ եթե բախտը բերի եւ այն ժամանակ հասնի Վերածննդի հրապարակ, երբ զորահանդեսի հերթական փորձը կանցկացվի այնտեղ, օտարերկրացին ուղղակի կկանգնի, կնայի ու կհիանա:
Այնուհետեւ, բարձրանալով Շուշի, կտեսնի մի կողմից` ավերված շինություններ, մյուս կողմից` գեղեցիկ նորակառույց, բարձրահարկ շենքեր, քաղաքի տարբեր մասերում կհանդիպի շինհարթակներում աշխատող խաղաղասեր հայերի, խաղահրապարակներում վազվզող երեխաների, ու երեւի թե կգիտակցի, թե ինչու ենք մենք` հայերս, ազգովի նշում Մայիսի 9-ը:
Այն սերունդը, որը ծնվել ու ապրել է Շուշիում 1930-40-ական թվականներից եւ ականատեսը եղել այստեղ մինչեւ 1990-ականները ադրբեջանցի զավթիչների կողմից Շուշիի հայաթափման քաղաքականությանը, այսօր փառք ու պատիվ է տալիս մեր այն քաջերին, ովքեր թշնամու ճանկերից ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաքը: Այդ սերնդի ներկայացուցիչներից է ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Խաչատրյանների ընտանիքը Շուշիում հաստատվել է 1938 թվականին: Մանկավարժական գործունեություն ծավալած մտավորական գործիչներն ազերիների ճնշման տակ Շուշին լքել ցանկացողներին գոտեպնդում ու հետ էին պահում` ասելով. ՙԵրկրորդ անգամ Շուշին թուրքերին չի կարելի տալ՚: Բայց հերթը հասավ եւ այդ ընտանիքին. թշնամին, շրջափակելով նրանց տունը, չթողեց այլընտրանք: ՙՄեր ընտանիքը մի կերպ է փրկվել ադրբեջանցի ջարդարարներից` հաստատվելով Ստեփանակերտում` մեր վրա էինք կրում Շուշիից արձակվող հրթիռները՚,- պատմում է 74-ամյա Ալբերտ Խաչատրյանը: Անցյալում մնացած դժվար օրերի տխուր հիշողությունների կողքին մտավորականն այսօրվա պես հիշում է, թե ինչպես որդին` Վիգենը, ով 1992-ին աշխատում էր Աստղաշենի (Դաշբուլաղ) հիվանդանոցում, մի օր, վերադառնալով աշխատանքից, ասաց. ՙԱյս անգամ ծնունդս գուցե Շուշիում նշենք՚: Ալբերտ Խաչատրյանը Շուշիի օպերացիայից հետո հասկացավ, որ տղան մի բան գիտեր, դրա համար էլ այդպես էր ասում: Պարզվում է` Վիգենին հանձնարարել էին Բալուջայում հոսպիտալ բացել, այդ մասին տարիներ հետո պատմում է հայրը` Ալբերտ Խաչատրյանը: Իրենց ծննդավայրից դուրս քշված շուշեցիների մի մասը Շուշի վերադարձավ ՙՀարսանիք լեռներում՚ ռազմական օպերացիայի ավարտից անմիջապես հետո` հենց մայիսի 9-ին: Օրեր անց Շուշի վերադարձավ տեղահանվածների ու հեռացածների մեծ մասը, այդ թվում եւ` Խաչատրյանների ընտանիքը: ՙՇուշին իմ տունն է, ես երբեք չեմ թողնի այն: Շուշին Արցախի սիրտն է, այն մի գերբնական, ձգողական ուժ ունի՚,- հայոց բերդաքաղաքի մասին այսպես է արտահայտվում այժմ Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսուցիչ Ալբերտ Խաչատրյանը: Ամբողջ զրույցի ընթացքում նրա առանձնահատուկ ոգեւորությունն էլ զարմանալի չէր. ՙԵրբ Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ կապված հարց եք ուղղում, ես հպարտության զգացում եմ ապրում, որովհետեւ արդեն ազատագրված եւ հայացած է Շուշին, նրա փողոցներով այսօր քայլում են հայ դպրոցականը, ուսուցիչը, բժիշկը, աշխատավորը եւ, որ անչափ ուրախալի է, այսօր Շուշիի բնակիչները մասնակցում են քաղաքի վերածնմանը՚:Բնիկ շուշեցին ավելի քան վստահ է, որ տասը տարի անց գրեթե լրիվ վերակառուցված կլինի հինավուրց քաղաքը եւ կդառնա Կովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Որպես մշակութային խոշոր կենտրոն` Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար ոչ միայն կառուցվում են նոր, այլեւ վերականգնվում, վերակառուցվում են նախկին մշակութային կենտրոնները, դպրոցները, որի վառ օրինակ է 1860-ական թվականներին կառուցված Մարիամ Հախումյան օրիորդաց դպրոցը, որը չէր գործում ավելի քան 90 տարի: Այս դպրոցի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն շահագործման կհանձնվի մայիսի 8-ին: Համատեղ ուժերով Շուշին շենացնելու գիտակցումը համընդհանուր է Արցախում: ՙՌազմական գործողությունների ժամանակ փորձարկվեց հայության ոգին, եւ երեւաց նրա անպարտելի լինելը, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, այն կարող է ցանկացած պահի վերսկսվել: Այնպես որ` էլ ավելի պիտի բարձրանա աշխատավոր հայի ոգին: Եվ մենք պետք է ոչ միայն հպարտանանք մեր նախնիների ստեղծածով, այլեւ ստեղծենք այնպիսի արժեքներ, որ ապագա սերունդներն էլ մեր մասին հպարտությամբ խոսեն՚,- ասում է Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մեզ ուղեկցում դեպի ՙՇուշիի ազատագրման սենյակ՚: Այս սենյակում, որտեղ վերակառուցման եւ կահավորման աշխատանքները դեռեւս կիսատ են, պահվում են Շուշիի օպերացիայի մակետը եւ Արցախյան պատերազմի ժամանակ օգտագործված զենքեր: ՙՀարսանիք լեռներում՚ անունով հայտնի ռազմական օպերացիան, որը պատմության մեջ աննախադեպ էր եւ ապացուցեց, որ փոքրաթիվ ուժերով կարելի է ուղղակիորեն ջախջախել թվային եւ տեխնիկական գերակշռություն ունեցող հակառակորդին, պատկերավոր ներկայացված է մակետով:
Իսկ թե ինչու է Պաշտպանության բանակի կազմավորման օր համարվում հենց Շուշիի ազատագրման օրը` Մայիսի 9-ը, պարզաբանում է ՊԲ կապիտան ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով եւս ծնունդով շուշեցի է. ՙՍովորաբար, որպես բանակի օր` ընտրվում է որեւէ հայտնի, կարեւոր իրադարձություն: Մեր պարագայում դա Շուշիի ազատագրման օրն է, քանի որ այդ ժամանակ ներգրավվեցին բոլոր զորատեսակները, մշակվեց ռազմական գործողությունների պլան, գրվեց հրաման, որը ինքնապաշտպանության ուժերում առաջին անգամն էր՚: Արցախի պատմության մեջ կարեւորելով 1992 թվականը` մեր հանրապետության եւ նրա անվտանգության երաշխավորի` բանակի կառուցվածքային զարգացման առումով ՊԲ կապիտանը հավաստիացնում է` թե° սպառազինությամբ, թե° մարտավարությամբ մեր բանակն անհամեմատ հզոր է եւ լիովին կարող է ապահովել մեր երկրի անվտանգությունը. ՙԲանակի մարտունակությունը բավականին կատարելագործվել է ե°ւ Արցախյան պատերազմի ընթացքում, ե°ւ պատերազմական գործողություններին հաջորդած խաղաղ զորավարժությունների, պարապմունքների արդյունքում՚: Ինքնաբուխ ձեւավորված ջոկատները, 1992 թվականին վերակազմավորվելով կանոնավոր ստորաբաժանումների, ժամանակի հրամայականով կատարելագործվեցին, հզորացան, եւ հայոց բանակն այսօր տարածաշրջանում հզորագույնն է: Ահա թե ինչու Մայիսի 9-ը համազգային տոն է: Հայոց սահմաններն անառիկ պահող մեր քաջ զինվորների շնորհիվ ամեն Մայիսի 9-ի Շուշիում հանգիստ խորոված են անում եւ բաժակ շրխկացնում: ՙԶարմանալիորեն այս մայիսը շատ նման է 1992-ի մայիսին. ճիշտ նույն եղանակն էր նաեւ 1992-ին` փարթամ բնություն, արեւ, բողբոջած ծառեր…՚,- նկատում է Աշոտ Հարությունյանը:
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

