Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ամբաստանյալ Գագիկ Վաչիկի Հարությունյանը, բառիս բուն իմաստով, կարել էր իր բերանն ու աչքերը:
Ողբալի այդ փաստի մասին ՙԻրավունքին՚ տեղեկացրեց նախնական կալանքի տակ գտնվող Գագիկի կինը` Հերմինե Սիրունյանը… Քրեական այս գործի ընթացքի լուսաբանմանը մենք անդրադարձել էինք 2011-ի սեպտեմբերին (ՙՀետաքննություն՚ թիվ 34)` ՙՔրեական աշխարհը նեղ է, հնարավորությունները…՚ վերտառությամբ հրապարակումով: Հիշեցնենք, որ` ՙԳագիկ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Խորհրդային հարկային տեսչությունում հաշվառված ՙԱՀԱՎԱ՚ ՍՊԸ-ի տնօրեն, 2009թ. մինչեւ 2010թ. մայիսը ընկած ժամանակահատվածում, Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված ՙԵսելեմ՚ ՍՊԸ-ի տնօրեն Արեւհատ Սարգսյանից, առանց փաստացի ապրանքներ եւ ծառայություններ ստանալու, ձեռք է բերել 369.729.120 դրամի թվով 87 հատ կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցից…՚: Լրագրողի մոտ գրեթե կասկած չէր առաջացել, որ մեղադրական եզրակացության այդ ՙբանաձեւի՚ տակ իրականում թաքցվում են խոշոր գումարներ ՙլվանալու՚ գործընթացներ: Սակայն ենթադրությունները փաստերի վերածելու խնդիրը դրված էր դատարանի վրա, իսկ դատարանը… Ըստ Հերմինե Սիրունյանի, նրա ամուսինը որոշել էր հացադուլ հայտարարել եւ դիմել ծայրահեղ այլ քայլերին այն բանից հետո, երբ ապօրինի դատաքննությունը ավարտվելուց հետո մեղադրողը Գ. Հարությունյանի համար պահանջեց ազատազրկում` 6 տարի ժամկետով: Գագիկը համարում էր, որ իրեն մեղսագրված արարքը ՙկփչվեր՚, եթե դատարանը հարցաքններ ընդամենը երեք վկայի: Այդ միջնորդությունը մերժվել էր: 2012-ի մայիսի 7-ի երեկոյան Գագիկը թել ու ասեղով ՙկամավոր՚ փակել էր իր բերանն ու աչքերը: Դրանից անմիջապես հետո կալանավորին տեղափոխել էին մեկ այլ` ՙդաստիարակչական՚ խուց: 5-6 ժամ այդ խցում ՙդաստիարակվելուց՚ հետո, Գագիկը համաձայնել էր, որպեսզի հանեն կապերը` հին խուցը վերադառնալու պայմանով… Այդպես էր ներկայացրել իրավիճակը ամբաստանյալի կինը… Ա. ԱԲԳԱՐՅԱՆ