ՕԵԿ -ում արտակարգ իրավիճակ է: Այս անգամ կուսակցությունը ակնհայտ նահանջ է ունեցել ձայների առումով եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հնչեցրած 170 հազար ձայնին փոխարինեց 83 հազար ձայնը:
Այստեղ եւս, ինչպես ՙԺառանգություն՚ կուսակցությունում, խորհրդարան են գալիս այն մարդիկ, ովքեր այս ընտրապայքարում, թե° մեծամասնականով, թե° համամասնականով հավաքել են առավել քիչ ձայներ: Որպեսզի պատկերն առավել հստակ լինի ներկայացնենք տվյալները. Մհեր Շահգելդյան. մեծամասնական` 2200, համամասնական` 2300 ձայն, Ռոբերտ Մասումյան` 13700 եւ 2100, Հայկ Հովհաննիսյան` 13400 եւ 2400, Իշխան Խաչատրյան` 3800 եւ 2800, Տիգրան Ղալեչյան` 3200 եւ 1100, Հովհաննես Մարգարյան` 9900 եւ 1500, Վահե Վարդանյան` 8400 եւ 2400, Հեղինե Բիշարյան` 12300 եւ 2400, Հունան Պետրոսյան` 10600 եւ 5700, Կարեն Բոթոյան` 23000 եւ 2400: Նշենք, որ դեռ երեկ կուսակցությունը պետք է հանդես գար հայտարարությամբ եւ արտահայտեր իր դիրքորոշումը ընտրությունների մասին, եւ մեր այն հարցը, թե ինչով է պայմանավորված կուսակցության ձայների ակնհայտ նահանջը, այդպես էլ մնաց օդում, քանի որ կուսակցությունը հավանաբար դեռ ուշքի չի գալիս տեղի ունեցածից: Ինչեւէ, ամփոփելով թեկնածուների արդյունքները, նկատում ենք, որ թե° մեծամասնականով, թե° համամասնականով ամենաքիչ ձայներ հավաքած Մհեր Շահգելդյանը կհայտնվի խորհրդարանում, ով ՕԵԿ-ի ցուցակում գտնվում էր 7-րդ հորիզոնականում: Իսկ ահա Հովիկ Մարգարյանը, ով ընդհանուր առմամբ ձեռք է բերել 11000 ձայն, նա գտնվելով ցուցակի 12-րդ տեղում, չի անցնի խորհրդարան: Ռոբերտ Մասումյանը, ով ցուցակում 46-րդն է եւ հավաքել է 15800 ձայն, եւ Հունան Պետրոսյանը, ով ցուցակում գրավում է 43-րդ տեղը, հավաքելով 16300 ձայն, այս ընտրապայքարում հավաքել է ամենաշատ ձայները` քան Մ. Շահգելդյանն ու տիկին Բիշարյանը իրար հետ միասին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՕԵԿ-ում հարցադրումներ են բարձրացվել այս անհավասար իրավիճակների մասին եւ որքանով է օբյեկտիվ այն, որ առավել շատ ձայներ հավաքած թեկնածուները դուրս են մնում խորհրդարանից` հարցով երեկ փորձեցինք կապ հաստատել որեւէ մեկի հետ, բայց այդպես էլ չհաջողվեց: